Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահե Հակոբյան. Ամբողջ պատասխանատվությունն ընկել է համայնքների ղեկավարների վրա. մատնված է անտերության. «Հրապարակ»»

Դեկտեմբեր 04,2020 11:48

Սյունիքի նախկին մարզպետ, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կառավարման խորհրդի անդամ Վահե Հակոբյանն այս օրերին Սյունիքում է ու զայրացած է մարզում տիրող անիշխանությունից։ Ասում է՝ պետական իշխանություն գոյություն չունի, թշնամին եկել՝ ուզում է իր սահմանները գծել Սյունիքի հաշվին, եւ չկա մեկը, որ բանակցի, զբաղվի այս հարցերով, ամեն ինչ մնացել է համայնքապետերի հույսին։

– Հիմա ի՞նչ իրավիճակ է հետպատերազմյան Սյունիքում՝ թե՛ բնակչության, թե՛ սահմանների հետ կապված։

– Սյունիքում բարոյալքված իրավիճակ է, մարդիկ անորոշության մեջ են եւ չգիտեն՝ առավոտյան զարթնեն, սահմանները որտեղ են լինելու, քանի որ, ես դա շեշտում եմ, էստեղ իսպառ բացակայում է պետական ապարատը։ Այն պարզապես գոյություն չունի։ Ամբողջ պատասխանատվությունն ընկել է համայնքների ղեկավարների վրա։ Եվ իրենք, ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա գերծանրաբեռնված են։ Էսօր համայնքապետերի առօրյան կիսված է երկու մասի՝ օրվա մի մասը խրամատներում են եւ դիրքավորվում են, էնտեղ ինժեներական աշխատանքներ են տարվում, մյուս մասը զբաղված է փախստականների, մեր տարհանված հայրենակիցների առօրյան կազմակերպելով, նույն էդ խրամատներում աշխարհազորի թիկունքն ապահովելով։ Էսօր խրամատներում աշխարհազորն է։ Ու էսօր եթե ՌԴ զինվորականներից գալիս են ու փորձում են ինչ-որ բան հասկանալ, միակ մարդը, ում հետ կարող են շփվել, համայնքապետերն են։

– Դուք հիմա Սյունիքում ինչո՞վ եք զբաղված, գնացել եք աջակցելո՞ւ սյունեցիներին, որպես նախկին մարզպետ՝ ինչ-որ աշխատանքներում ներգրավվա՞ծ եք։

– Նախ՝ ես էստեղ շատ ընկերներ ունեմ, բացի դրանից, մի մոռացեք, որ ես Քաջարանի կոմբինատի խորհրդի անդամ եմ, եւ կոմբինատն առաջին օրվանից իր ամբողջ ծավալով ներգրավված է եղել բանակին եւ ժողովրդին աջակցելու գործում ու հիմա էլ շարունակում է։ Էստեղ կան նաեւ աշխատանքներ՝ կապված թիկունքի հետ։ Տարբեր մարդիկ հիմա դիմում են, ասում են՝ ոնց է լինելու, ինչ է լինելու։ Մարզը, բացառությամբ համայնքների ղեկավարների, մատնված է անտերության։

– Փորձենք հստակեցնել դեմարկացիայի հարցը։ Կապանի քաղաքապետը կարծես թե հերքեց, որ Ադրբեջանի սահմանը Կապանի օդանավակայանի միջով է անցնելու, հետո ասացին՝ կարող է անցնել։ Ի՞նչ իրավիճակ է հիմա այս հարցում։

– Կապանի քաղաքապետը երեւի մի քիչ թյուրըմբռնում ուներ իմ ասածի վերաբերյալ։ Ես ասում էի՝ վտանգված է Կապանի օդանավակայանի բնականոն աշխատանքը, իսկ ինքն ասաց, որ ներսն է, թե դուրսն է։ Պետք է մենք նախ հասկանանք՝ ինչ է նշանակում պետական սահման։ Ու հիմա որ սարքել են մատի փաթաթան՝ GPS կետով, հա, GPS կետով։ Ոչ ոք չի ասում՝ էդ GPS կետն ինչի՞ն է միացած, ո՞ր GPS կետի մասին է խոսքը։ Եթե ադմինիստրատիվ տարածքի մասին է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի, որը գծվել է դեռ 1920-ական թվականներին, էն ժամանակ, ինչպես հասկանում եք, GPS կոորդինատ չի եղել, առաջին GPS կոորդինատները ստացել են 1978-ին։ Եվ մենք մինչեւ ԽՍՀՄ փլուզումը ունեցել ենք ադմինիստրատիվ սահման Ադրբեջանի հետ։ Հիմա պետական սահմանի մասին է խոսքը։ Եվ տարանջատել՝ դուք էստեղ եք, դուք՝ էնտեղ, չի ստացվելու, դա բերելու է կոնֆլիկտների։

– Հիմա այս ստորագրված փաստաթղթով բացի Արցախի հողերը թշնամուն հանձնելուց, Հայաստանի տարածքի հետ կապված ինչ-որ կետ կա՞, իրենք ինչի՞ հիման վրա են գալիս ասում՝ Կապանի այս տարածքը մերն է։

– Ես որքան հասկանում եմ՝ հիմա Ադրբեջանի կողմը պնդում է, որ մենք վերադառնանք ԽՍՀՄ տարիների ադմինիստրատիվ սահմաններին։ Էն ժամանակ մենք մի երկրում էինք գտնվում, եւ էդ սահմաններն ունեին ֆիկտիվ բնույթ՝ մենք երբ ցանկանայինք, կարող էինք մտնել Ադրբեջան, Վրաստան եւ այլն։ Մինչեւ հիմա սահմանների մարկիրովկան արված չէ։ Էդ նույն տրամաբանության մեջ Մ2 մայրուղին Գորիս-Կապան հատվածում 4-5 անգամ մտնում է Ադրբեջանի տարածք եւ ներս է գալիս։ Հիմա մեր հայկական կողմից մեկը չկա, որ բանակցի նույն ՌԴ զինված ուժերի ներկայացուցիչների հետ, որ էս կետն էստեղ դնեն, էն կետը՝ էնտեղ, էս ճանապարհը պիտի մնա մեզ եւ այլն։ Ոչ մեկը չի զբաղվում։

Վահե Մակարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031