«Ժամանակ»-ի հարցերին պատասխանել է փաստաբան Նազելի Վարդանյանը:
– Տիկին Վարդանյան, պատերազմի ժամանակ խոսվեց հակառակորդի կողմից օգտագործվող վարձկանների, քիմիական զենքի կիրառման մասին: Հիմա նշվում է, որ միջազգային հարթակներում դրանք ներկայացնելու համար պետք է նախ ՀՀ-ում քրեական գործեր հարուցվեն: Ձեր կարծիքով՝ դա ի՞նչ կտա մեզ, և արդյոք արդեն այդ գործերը չպե՞տք է հարուցված լինեին:
– Բոլոր դեպքերում նման հանցագործությունների ժամանակ երկիրը հարուցում է քրեական գործ: Գուրգեն Մարգարյանի սպանության դեպքով նույնպես Հայաստանում հարուցվել էր քրեական գործ: Բայց դա միջազգային հարթությունում այդ հարցը բարձրացնելու հետ բացարձակ կապ չունի: Միջազգային հարթությունում բոլորովին այլ կերպ պետք է հարցը լուծվի, որովհետև կան գործընթացներ: Դա Հռոմի ստատուսով Հաագայի դատարանն է, որին միանալու պայմանագիրը ստորագրել ենք, սակայն դեռ չենք վավերացրել: Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանրապես չեն ստորագրել: Այստեղ Հաագայի դատարանին դիմելու խնդիր կլինի այդ առումով: Բայց Հաագայի դատարանի Հռոմի ստատուսով հստակ նշված է, թե որոնք են համարվում ռազմական հանցագործություններ: Այնտեղ նշված է և քիմիական զենքի օգտագործումը, և ագրեսիան: Ագրեսիան ՄԱԿ-ի կանոնադրությամբ և բանաձևերով նույնպես համարվում է ռազմական հանցագործություն: Փաստացի ՄԱԿ-ի կանոնադրության խախտում էր նման արգելված զենքի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ: Նման դեպքերի համար հատուկ դատարանների ստեղծման փորձ կա: Նման դատարան ստեղծվեց Հարավսլավիայի դեպքում, Լիբանանի դեպքում, Արևելյան Թիմորի դեպքում: Ես կարծում եմ, որ մենք այդ ճանապարհով պետք է գնանք, այսինքն՝ միջազգային քրեական տրիբունալների պահանջով, որը էլի ՄԱԿ-ի շրջանակներում է արվում: Ես դրա վրա հիմա մի քիչ աշխատում եմ, Ռուանդայի դեպքով նման փորձ եղել է:
– Իսկ միջազգային հարթակում ի՞նչ ակնկալիքներ կան, որքանո՞վ շանս ունենք հաջողելու:
Կարդացեք նաև
– Նույնիսկ մեր ազգային օրենսդրությամբ փաստաբանները ակնկալիք չեն ունենում, որովհետև գործընթաց է գնում, և որևէ կանխատեսում անելը սխալ է: Պետք է պայքարել, պետք է գործել, աշխատել այդ ուղղությամբ, դնել նպատակ և հասնել դրան: Հիմա նստել պրագնոզներ անել, կարծում եմ՝ ճիշտ չէ: Պետք է գործ անենք, որ հետո ակնկալիքներից խոսենք, դեռ ոչ մի բան չի արվում:
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: