Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Խորհրդային իշխանության ներկայացուցիչը խոստանում է ազատություն պատվիրակության անդամների համար, բայց չի կարող երաշխավորել այն». Դրո

Դեկտեմբեր 04,2020 13:30

Ալեքսանդրապոլի դաշնագիրը ստորագրվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը:

Հատված Ալեքսանդր Խատիսյանի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ» գրքից

Գիշերվա ժամը 2-ին՝ դեկտեմբերի 2-ի լույս 3-ին, երկու պատվիրակությունները ստորագրեցին դաշնագիրը: Մյուս օրը, դեկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 8-ին, ուղղակի հեռագրաթելով հաղորդեցի Դրոյին, որ դաշնագիրը ստորագրված է եւ հարցրեցի՝ կարո՞ղ է արդյոք պատվիրակությունը Երեւան գալ եւ կարո՞ղ է արդյոք իր ազատության երաշխավորություն ստանալ: Մեկ ժամ անց Դրոն պատասխանեց. «Խորհրդային իշխանության ներկայացուցիչը խոստանում է ազատություն պատվիրակության անդամների համար, բայց չի կարող երաշխավորել այն»:

Ես խորհրդակցության հրավիրեցի պատվիրակությանը ամբողջ կազմով՝ 16 հոգի, եւ հարց դրի. «Պարոններ, խորհրդային իշխանությունը պատվիրակության ամբողջ կազմին խոստանում է ազատություն, բայց չի երաշխավորում այն: Դուք կատարեցիք ձեր պարտքը: Այժմ ես, որպես պատվիրակության պետ, խնդրում եմ յուրաքանչյուրիդ բոլորովին ազատ ընդունել իր վճիռը՝ գնալ Երեւա՞ն, Թիֆլի՞ս, թե՞ որեւէ այլ տեղ»:

Առանց բացառության բոլորը հայտնեցին, թե գնում են Երեւան: Իմանալով, որ մեզանից մեկին բոլշեւիկների կողմից կարող է սպառնալ առանձնապես ծանր վտանգ, նրան մի կողմ կանչեցի եւ ասացի. «Ես ձեզ հասկանում եմ: Պարտքի զգացմունքը ձեզ մոտ գերիշխում է, բայց ես ինձ վրա կվերցնեմ վճռել ձեր փոխարեն եւ ասում եմ ձեզ, որ դուք կարող եք հեռանալ ավելի ապահով կողմ: Ձեր ընտանիքի հոգսը ես կվերցնեմ ինձ վրա»: Բայց նա պատասխանեց, թե ինչ կլինի, կլինի բոլորիս հետ:

Այսպես կայացավ մեր վճիռը՝ ամբողջ կազմով վերադառնալ Երեւան: Մենք որոշեցինք անձամբ նոր կառավարությանը հանձնել մեր կնքած դաշնագիրը եւ նրան զեկուցել դաշնագրի կնքման պայմանների մասին: Ժամը 3-ին տեղի ունեցավ պաշտոնական ճաշ, որի ընթացքում թուրքական զինվորական նվագախումբը նվագեց կտորներ իտալական օպերաներից, իսկ երեկոյան ժամը 9-ին նշանակված էր մեր մեկնումը:

Մենք հավաքեցինք մեր իրերը, բայց ժամը 6-ին Կարաբեքիր փաշայի մոտից ինձ մոտ եկավ գլխավոր սպայակույտի մի սպա՝ Բեհաետտին Շաքիր անունով: Նա խոսում էր գերմաներեն: Նա ինձ հայտնեց, որ Կարաբեքիր փաշան, աչքի առաջ ունենալով իմ համար Երեւան գնալու վտանգը, առաջարկում էր գնալ Կարս, այնտեղից՝ Էրզրումի վրայով Տրապիզոն կամ Արդվինի վրայով Բաթում՝ անցնելու Պոլիս կամ Թիֆլիս՝ ըստ իմ ընտրության: Հայտնեց նաեւ, որ ճանապարհորդության բոլոր հարմարությունները իմ եւ իմ ընկերների համար ապահովված կլինեն: Շնորհակալություն հայտնեցի եւ ասացի, որ պետք է մեկնեմ Երեւան: Բեհաետտին Շաքիրը Կարաբեքիր փաշայի կողմից նշանակված էր Անկարայի ներկայացուցիչ Երեւանում, եւ ճանապարհվեց մեզ հետ նույն գնացքով: Երբ ամեն ինչ պատրաստ էր մեկնելու համար, Կարաբեքիր փաշան իր սպաներով եկավ դեպի մեզ՝ կայարան ճանապարհ դնելու: Քաղաքում տիրում էր բոլշեւիկյան իշխանությունը: Սկսվել էին գնդակահարությունները: Մեր մեկնելու օրը գնդակահարվել էին յոթ հոգի: Ցույցերից խուսափելու նպատակով՝ թուրքական հրամանատարությունը ազգաբնակչությանը հրաման էր արձակել մեր անցնելու ժամանակ դուրս չգալ փողոց: Մութ ու սառնամանիք: Երեք ինքնաշարժեր ամայի եւ լուռ փողոցներով մեզ տանում էին դեպ կայարան: Ժամը 10-ին մեր գնացքը շարժվեց դեպի Երեւան:

Առավոտյան ժամը 6-ին Արարատ կայարանում իմ թիկնապահը զեկուցեց, որ կայարանում կանգնած զորքերը՝ զինվորները եւ սպաները, ուզում են ինձ տեսնել: Ես հագնվեցի եւ դուրս եկա: Ընդունեցին կեցցեներով: Ավագ սպան զեկուցեց, որ նախընթաց օրը գրեթե բոլոր նախարարները, քաղաքապետը, խորհրդարանի անդամներից շատերը թողել էին Երեւանը՝ մի մասը ուղղվելով դեպի Թիֆլիս, իսկ մյուսները՝ դեպի Զանգեզուր: Զինվորները եւ սպաները՝ վախենալով իմ եւ պատվիրակության անդամների համար՝ առաջարկում էին ինձ, իրենց պաշտպանության տակ, ճանապարհ գցել Հայաստանի սահմաններից դուրս: Ես զգացված էի նրանց ուշադրությունից: Շնորհակալություն հայտնեցի եւ ասացի, որ իմ պարտականությունը ինձ թելադրում է գնալ Երեւան: Գնացքը շարժվեց դեպի Երեւան: Առավոտյան ժամը 10-ին հասանք Երեւան: Հեռվից նկատեցի կայարանի կարմիր դրոշակը: Այնտեղ մեզ մեքենայով սպասում էր քաղաքապետի օգնական Շահումյանը:

Տուն գալով ես հեռախոսով կանչեցի Դրոյին եւ նրանից խնդրեցի նշանակել կառավարության նիստ՝ պատվիրակության զեկուցումը լսելու համար: Զեկուցումը նշանակվեց նույն օրը ցերեկվա ժամը 12-ին: Մենք ամբողջ կազմով գնացինք կառավարության տուն: Մեզ ընդունեցին Դրոն եւ Սիլինը: Մենք մանրամասն զեկուցում տվեցինք: Դրոն մեզ ասաց, որ գործել են շատ ճիշտ՝ ստորագրելով դաշնագիրը եւ որ իր խուսափողական պատասխանը դաշնագիրը ստորագրելու մասին, երբ Ալեքսանդրապոլից նրա հետ խոսում էի հեռագրով, պետք էր հասկանալ այնպես, ինչպես որ մենք հասկացել էինք: Պարզ էր, որ հեղափոխականը, որի իշխանությունը չէր ուզում իր վրա դաշնագիրը ստորագրելու համար վերցնել պատասխանատվություն ոչ թուրքերի եւ ոչ էլ հայ ժողովրդի առաջ: Երեւանին ո՞ր իշխանությունը կցանկանար, որ դաշնագիրը ստորագրվեր, բայց մեր եւ ոչ իր ձեռքով:

Դրոյին ես հանձնեցի բոլոր վավերագրերը եւ նրանից վերցրեցի ստորագրություն, որ այս րոպեիս էլ աչքերիս առաջ է: Այն ռուսերեն լեզվով էր.
«Ստացված է Ալ. Իվ. Խատիսյանից:
Դաշնագիր Թուրքիայի հետ ֆրանսերեն լեզվով,
Նույնը՝ թուրքերեն լեզվով,
Երեք օրինակ քարտեզներ՝ կցված դաշնագրին,
Հաշիվ պատվիրակությանը տրված գումարների ծախսերի մասին,
Զեկուցում Ա. Խատիսյանի
Ստորագրված է՝
Հայաստանի Ս. Խ. Հ. Հայաստանի բոլոր զինվորական ուժերի հրամանատար Դրո:
Երեւան, 5 դեկտեմբեր, 1920թ»:

Զեկուցումը ես ներկայացրեցի դեկտեմբերի 4-ին, իսկ վավերագրերը եւ հաշիվները հանձնեցի հետեւյալ օրը՝ դեկտեմբերի 5-ին:
Բոլոր վավերագրերը, դաշնագրերը, քարտեզները հանձնելով Դրոյին ու Սիլինին, ես իմ պաշտոնը համարեցի վերջացած: Իմ բնակարանում հավաքեցի պատվիրակության բոլոր անդամներին, խորհրդականներին ու պաշտոնյաներին, շնորհակալություն հայտնեցի նրանց աշխատանքի եւ անձնվիրության համար եւ հայտարարեցի պատվիրակության գործը վերջացած: Մենք դարձանք սովորական մարդիկ:

Դարձյալ երկու խոսք դաշնագրի մասին:
Ալեքսանդրապոլի դաշնագիրը թուրքական խմբագրության մեջ ուներ հատուկ կետ երրորդ հոդվածի տակ: Ցանկանում եմ մի քանի խոսք ասել այդ մասին, որովհետեւ այդ առթիվ շատ է գրվել Թիֆլիսի եւ Պոլսի լրագրերում: Թուրք պատվիրակությունը դաշնագրի նախագծում երրորդ հոդվածի տակ մտցրել էր հետեւյալ կետը. «Ինչպես թուրքական, այնպես էլ ռուսական, նաեւ ամբողջ աշխարհի վիճակագրությունը եւ բոլոր տվյալները ցույց են տալիս, որ ամբողջ թուրքական կայսրության մեջ չկա ոչ մի կտոր հողամաս, որտեղ հայ ժողովուրդը կազմեր մեծամասնություն»:

Մեր պատվիրակությունը զգալով եւ տեսնելով, որ այդ կետի միջոցով թուրքերը իրենց համար իրավական ապացույց են ուզում ստեղծել թուրքա-հայկական պահանջների անհիմն լինելու մասին, վճռականապես հայտարարեցի, որ եթե այդ կետը դաշնագրից դուրս չթողնվի, մեր կողմից դաշնագիրը չի ստորագրվելու: Թուրքերը, տեսնելով մեր վճռականությունը, դուրս թողեցին այդ կետը, եւ Ալեքսանդրապոլի դաշնագրում այդ կետը չկա: Մինչդեռ թուրքական «Սաբահ» լրագիրը տպագրել էր Ալեքսանդրապոլի դաշնագիրը՝ նրանում պահելով այդ կետը:

«Սաբահ» թերթից դաշնագիրը նույն ձեւով արտատպվեց Պոլսի մյուս թուրքական թերթերում, այնտեղից այն անցավ եւ հայ լրագրեր: Թե մեր պատվիրակությունը եւ թե մանավանդ ես, ենթարկվեցինք չափազանց խիստ քննադատությունների այդպիսի կետ ստորագրելու համար: Դեկտեմբերի վերջերին լրագրերի խմբագրություններին ես ուղղեցի առանձին նամակներ, որոնցով ջանացի վերականգնել ճշմարտությունը, այսինքն՝ որ հիշյալ կետը Ալեքսանդրապոլի դաշնագրում չկա:

Ալեքսանդրապոլի դաշնագրի բնագիրը պահվում է Երեւանում, խորհրդային կառավարության մոտ: Թո՛ղ նրանք, որ ուժ եւ հնարավորություն ունեն, փոխեն Ալեքսանդրապոլի դաշնագրի պայմանները: Եվ մենք, այդ դաշնագիրը ստորագրողներս, կլինենք առաջինները, որ կծափահարենք: Բայց ահա անցել է արդեն քանի տարի եւ, դժբախտաբար, դրությունը չի փոխվել…


Լուսանկարը Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
04.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031