Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կյանքում ինչն է մեզ առաջ մղում. մեզ առաջնորդում են բնազդնե՞րը, գիտակցությո՞ւնը, թե՞ բնությունը»

Դեկտեմբեր 04,2020 12:30

Հարցազրույց Երեւանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի հետ:

– Պարոն Ներսիսյան, քովիդյան մարտահրավերները դեռեւս չհաղթահարած թուրք-ադրբեջանական ագրեսիան երկրորդ պլան մղեց վարակվելու վտանգն ու վախը: Եթե մինչ պատերազմը մշակույթին հետեւում էինք առցանց եւ արդեն կամաց-կամաց դռներն էին բացում մեր թատրոնները, թանգարանները, համերգասրահները, ապա այս արհավիրքը բացառեց մշակութային եռուզեռը: Մշակույթի օջախներում եւս հնարավոր ամեն ինչ արվում էր ռազմաճակատի համար: Ներկայացրել ենք ռազմաճակատ մեկնած մեր արտիստներին, այդ թվում՝ նաեւ ձեր թատրոնից: Օրերս թատրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ շուտով՝ դեկտեմբերի 19-ին, պրեմիերա է՝ ձեր ռեժիսուրայով ամերիկացի ժամանակակից ճանաչված դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ: Գազաններ: Հանգամանքներ» պիեսը: Այս մասին դուք մեզ հայտնել էիք դեռեւս ամռանը:

– Մեր թատրոնում թե կորոնավիրուսի եւ թե դրան հաջորդած պատերազմական օրերին ոչ մի օր աշխատանքները չեն դադարել: Փորձերին զուգահեռ, որոնք տեւում էին 2 ժամ, մասնակցել ենք ռազմաճակատին ուղղված, ինչպես նշեցիք՝ տարբեր միջոցառումների: Երբ Արցախից Երեւան ժամանեցին առաջին փախստականները, մենք սիրով խաղացինք երեխաների համար: Այո, ամերիկացի ժամանակակից դրամատուրգի գործը, որի փորձերը սկսվել էին դեռեւս ամռանը, այնքան համահունչ էր աշխարհում մոլեգնող կորոնավիրուսյան իրավիճակին: Իսկ երբ սկսվեց պատերազմը, նկատեցինք, որ այդ պիեսը համահունչ է նաեւ պատերազմական վիճակին: «Մարդիկ: Գազաններ: Հանգամանքներ»-ը բաղկացած է 11 փոքր նովելից: Ասեմ, որ շատ հայտնի ու հետաքրքիր դրամատուրգի ստեղծագործություն է, որի գործերը Երեւանում երբեւէ չեն բեմադրվել: Պիեսն էլ մարդկային հարաբերությունների, սիրո մասին է, այն մասին, թե կյանքում ինչն է մեզ առաջ մղում. մեզ առաջնորդում են բնազդնե՞րը, գիտակցությո՞ւնը, թե՞ բնությունը: Ընդ որում, պիեսում շատ է մեղմ հումորը, պարադոքսային իրավիճակները: Կամ՝ պիեսը երջանիկ մարդկանց մասին է, որոնք հայտնվում են հիմար իրավիճակում եւ փորձում են ելք գտնել: Կուզեի երկու խոսքով ներկայացնել դրամատուրգին: Նրա ստեղծագործությունները դրամաներ, ողբերգություններ, կատակերգություններ ու դետեկտիվ պատմություններ են կյանքի մասին եւ կարեւոր մի հանգամանք՝ յուրաքանչյուր ճաշակի համար:

– Կայանալիք ներկայացման պրեմիերայից փակագծեր կբացե՞ք, հետաքրքիր է՝ մեկ ասում եք պատերազմական ժամանակի հետ է «խոսում» այս ներկայացումը, մեկ՝ քովիդյան, հետո էլ նշում եք, թե առկա է նաեւ հումորը…

– Սիրով ներկայացնեմ մի քանի կերպարների մտքեր. հերոսներից մեկը մտածում է, թե ինչու Աստված թշնամուն թույլ է տալիս սպանել երեխաներ, ուրեմն կարելի է, չէ՞, մտածել, որ Աստված չկա ընդհանրապես: Բայց հետո նույն հերոսը գալիս է եզրակացության, որ Աստված կա ու պետք է հավատալ Տիրոջը: Կամ՝ պիեսում փախստականների թեմա էլ կա. նրանք բարձրաձայնում եմ, թե ինչու իրենց տեղահան արեցին, բերեցին մի տեղ, չգիտեինք, որ այդպիսի տեղ էլ կա, հիմա ո՞նց ապրել.. Բայց նրանք չեն նստում ողբում, պոզիտիվ են տրամադրված իրավիճակից դուրս գալու համար: Կերպարներից մեկն էլ, որին պատերազմ չեն տանում, մեկուսանում է քարանձավում: Նա համոզված է, որ դա վերջին պատերազմը չէ, բայց այդժամ ինքն այլեւս չի գնա, կնստի իր քարանձավում…

– Իսկ դուք անձամբ ծանո՞թ եք դրամատուրգին:

– Ռուսաստանյան թատրոններում Դոն Նիգրոյի ստեղծագործություններին անդրադառնում են վաղուց: Նրա հետ շփվում եմ առցանց: Դեռեւս Ռուսաստանում ստեղծագործելու տարիներին շատ էի ցանկանում անդրադառնալ նրա որեւէ երկի: Կոնկրետ հինգ տարի առաջ, Ռուսաստանում, որոշել էի անդրադառնալ հենց «Մարդիկ: Գազաններ: Հանգամանքներ»-ին: Ինչպես տեսնում եք՝ Երեւանում իրականացրի: Ասեմ նաեւ, որ համարյա դերասանական ողջ խումբն է զբաղված ներկայացման մեջ, բեմանկարիչն է Արթուր Հարությունյանը, զգեստների հեղինակը՝ Գայանե Չոլակյանը, իսկ խորեոգրաֆը Արիկ Ասատուրյանն է: Մի կարեւոր հանգամանքի մասին էլ կուզեի հատկապես շեշտել. այս ստեղծագործության վրա աշխատելիս փորձերի ընթացքում ստեղծագործական խումբը պարզապես սիրահարվեց նյութին:

– Մեր դիտարկմամբ՝ Երեւանում առաջին թատրոնն եք, որը դեկտեմբերի 19-ին կընդունի հանդիսատեսին: Հասկանալի է, որ համավարակի անվտանգության կանոնները կպահպանվեն: Օրերս մեզ հետ զրույցում Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Հայկ Տիգրանյանը, որը վերջերս Մոսկվայի կոնսերվատորայի մեծ դահլիճում Մինինի երգչախմբի հետ մասնակցել էր համերգի, ասաց, որ դահլիճը 25%-ով էր զբաղված, հանդիսատեսն էլ դիմակով էր: Երգիչը նշեց նաեւ, որ Ռուսաստանում վիրուսի երկրորդ ալիքն է եւ թեեւ պահպանվում են անվտանգության կանոնները, բայց մշակութային միջոցառումները սահմանափակված են…

– Ռուսաստանը հսկայական երկիր է եւ յուրաքանչյուր մարզի նահանգապետը ինքն է որոշում կայացնում: Օրինակ, հենց վերջերս Մոսկվայի քաղաքապետը որոշում ընդունեց 25% ծանրաբեռնվածությամբ աշխատեն մշակութային օջախները: Նկատենք, որ մինչ դա թույլատրված էր 50 տոկոսով: Այս պահին էլ կան մարզեր, որտեղ գործում է այդ 50 տոկոսը:

– Պարոն Ներսիսյան, ձեր գործընկեր, ռեժիսոր Լեւոն Իվանյանն իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված իր թոռնիկին ու նրա սերնդակիցներին:

«…Ամենակարեւոր մարդը երկրում գալիք սերունդն է, ամենափոքր երեխան: Եվ, եթե ամեն ինչ չի արվում եկող սերնդի համար, նշանակում է այդ երկրում ոչինչ չի արվում: Ցավով եմ գրում, որ այսքան երկար ապրելուց հետո, մենք ձեզ տկար երկիր ենք թողնում: Հիմա միայն ձեզ իմաստ ունի ասել: Հույսը մնում է ձեր սերնդի վրա: Էհ, Աբգար ջան, թոռնիկս, ներիր մեծերին, եթե կարող ես… Կործանված երկիրը փրկելու հույսը եւ ծանր բեռը մնաց ձեր սերնդի վրա։ Մենք ձեզ ավերակ երկիր ենք փոխանցում… Աշխարհում մարդու երկիր ոչ մի տեղ չկա, բոլորն են սրիկա…»:

Իհարկե, հայոց պատմության մեջ այլեւս ամրագրված երկիր կորցնելու ցավը երբեւէ չի ամոքվի: Համակարծիք լինելով պարոն Իվանյանի հետ, այդուհանդերձ պետք է ուժ գտնել ու երեխաներին չզրկել մանկության հեքիաթներից: Հանրապետության հրապարակում այս տարի տոնածառ չի դրվի…

– Հասկանալի պատճառով հրապարակում տոնածառ չի դրվի, բայց համամիտ եմ, որ մեր փոքրիկներին պետք չէ զրկել, ինչպես նշեցիք՝ մանկության հեքիաթներից: Հենց նրանց համար դեկտեմբերի 25-27-ը օրական երկու անգամ կխաղանք ամանորյա ներկայացումներ: Թույլ տվեք առանց մանրամասնելու միայն նշել, որ դրանք կտարբերվեն նախորդ տարիների միջոցառումներից:

– Այս պահին մի բան հիշեցինք. եթե չենք սխալվում՝ ամռան ամիսներին էր, ձեր թատրոնի հայտագրերի համար նախատեսված հատվածում մի գրություն էր հայտնվել՝ «Ես կամ…»:

– Այո, դա եղել է, հավանաբար թատերասերներից մեկն էր գրել: Դա իսկապես այդպես է՝ թատրոնը կա: Հետպատերազմյան այս շրջանում պետք է կարողանանք հաղթահարել յուրաքանչյուրիս ներսում ծանրացած հոգեբանական ընկճվածությունը: Դիմում եմ մեր հանդիսատեսին՝ այո, մենք կանք, մենք աշխատում ենք, ավելին՝ թշնամին, որի ուշադրության կենտրոնում է նաեւ հայաստանյան մշակութային ոլորտը, թող իմանա եւ գրամ անգամ կասկած չունենա՝ հարուստ մշակույթ ունեցող ժողովրդին հաղթել չի լինի:

Զրուցեց
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031