Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Գետաշենի ենթաշրջանի ու Շահումյանի շրջանի վերադարձը հայկական կողմը երբեւէ օրակարգ չբերեց

Դեկտեմբեր 04,2020 14:00

«Քարվաճառի ռազմագործողության շնորհիվ հայ-թուրքական սահմանի բացումը վիժեցվեց, իսկ 1993 թվականի ընթացքում, Արցախի զինված ուժերի կողմից նաեւ այլ տարածքներ վերահսկողության տակ առնելու փաստը հավանական դարձրեց հենց այդ ժամանակ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության հնարավորությունը». «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

– Ինչո՞ւ հանգեցինք նոյեմբերի 10-ի համաձայնությանը. դա օրինաչափությո՞ւն էր, անհրաժեշտությո՞ւն, թե՞ դավաճանություն`նկատի ունենալով ցայսօր հրապարակված բոլոր բացատրությունները եւ պարզաբանումները:

– Այն կարծիքին եմ, որ դա շատ կոնկրետ ծրագրի իրականացման փուլերից մեկն էր: Իրադարձությունների նման զարգացումը կանխատեսված է եղել եւ հրապարակավ այդ մասին նախազգուշացրել եմ նախապես՝ 2016 ու 2017 թվականներին: Այդ առումով թող ոչ նախկինները, ոչ էլ ներկաները չասեն, որ բանից խաբար չեն եղել ու թող մեղքն էլ միմյանց վրա չբարդեն՝ միասնական ջանքերով երկիրն այս կետին հասցրեցին: Ոչ միայն քաղաքական, դիվանագիտական ոլորտներում ոչ մի կանխարգելիչ քայլ չնախաձեռնվեց, այլեւ բուն ռազմական ոլորտում որեւէ առարկայական բարելավում չարվեց մեր՝ պաշտպանունակության մակարդակը առկա մարտահրավերների մակարդակին համապատասխանեցնելու համար: Բանակը բիզնեսի տեսակի էին վերածել՝ հերթական սպայական կոչումները, սպաների պաշտոնեական առաջխաղացումը փողով էին դասավորում: Կարո՞ղ էինք կանխել 2016 թվականի ապրիլյան կամ այս պատերազմը: Անկասկած կարող էինք, եթե ՀՀ եւ Արցախի պետական կառավարումը լիներ իրապես գիտակից, սրտացավ ու մասնագետի գիտելիքին ապավինող կառավարող քաղաքական վերնախավի ձեռքին: Այդպիսի վերնախավ չունեցանք: Եթե համարենք, որ կառավարիչների ընչաքաղցությունը, տգիտությունն ու անսկզբունքայնությունը պետական դավաճանություն սնող, ձեւավորող որակներ են, ապա այո՝ Արցախն էլ է դավաճանված, Հայաստանի Հանրապետությունն էլ:

– Մենք պատերազմո՞ւմ պարտվեցինք, դիվանագիտակա՞ն դաշտում, թե՞`երկուսը միասին:

– Պատերազմի դաշտում կրած մեր պարտությունն առաջին հերթին տասնամյակներ շարունակ վարվող ներքին եւ արտաքին քաղաքականության ու դրա արգասիքը հանդիսացող դիվանագիտության արդյունքն է: Սա արդյունքն է այն բանի, որ Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունն ու դրա համար հրապարակավ հաթաթա ստացավ ՌԴ նախագահ Պուտինի կողմից: Ճիշտ է, վերջինս էլ հայ ժողովրդի սրտացավ բարեկամը լինելով, կարող էր համապատասխան խորհուրդը տար ՀՀ կառավարիչներին, առնվազն 2014 թվականին՝ Ղրիմը ՌԴ կազմում ներառելու ընթացքում: Ամեն դեպքում, մեզանից բացի որեւէ մեկին չմեղադրենք: Մեր ներսում արմատական վերանայումներ պետք է անենք. Հայրենիքն այս վիճակին հասցրած քաղաքական ուժերը պետք է նպաստեն պետականաշինության նոր փուլի մեկնարկին՝ իրենց անմիջական ներգրավվածությունը սահմանափակելով՝ մի կողմից հին մեղքերը խորհրդանշող դեմքերից ինքնամաքրվելու, մյուս կողմից՝ նորի փնտրտուքի մեջ կառուցողական ներդրում ունենալու միջոցով:

– Նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնության անկատարության հետ արդեն առնչվեցինք` Սոտքում տեղի ունեցածով, Սյունիքում բավական անհասկանալի իրավիճակ է ձեւավորվել: Ի՞նչ հնարավոր վտանգներ կան:

-Պետք է հասկանանք, որ այժմ, պատերազմում ձեռք բերված հաջողության ալիքը հեծնելով, պաշտոնական Բաքուն փորձելու է իր համար շահեկան տարբերակով վերագծել խորհրդային շրջանի հայ-ադրբեջանական սահմանը: Վերագծել այնպես, որ ընթացքում իր համար վերահսկելի կամ խոցելի դարձնի ՀՀ սահմանային գոտում գտնվող փոքրիշատե կարեւոր բարձունքները, ճանապարհները, հոսանքագծերը, ջրագծերը եւ, իհարկե, հայկական բնակավայրերը: Պետք է պատրաստ լինենք նաեւ նրան, որ փորձ կլինի նոր ճանապարհով Նախիջեւանը Սիսիանով ու Գորիսով կապել Շուշիին ու Ակնայով դուրս գալ դեպի Գանձակ եւ Բաքու:

– Անընդհատ խոսվում է, որ ազատագրված տարածքները պետք է վերադարձվեին, քանի որ դեռ 1994-ի հրադադարից հետո այդ հարցը եղել է օրակարգում: Իսկ ինչո՞ւ հայկական կորսված տարածքների`Շահումյանի, Գետաշենի եւ այլն, հարցը մենք երբեւէ օրակարգ չբերեցինք: Ինչո՞ւ ադրբեջանահայ փախստականների հարցը, ինչի մասին Դուք մշտապես եք խոսել, այսօր էլ օրակարգում չէ:

– Տարածքներ հանձնելու հարցն օրակարգային էր 1992 թվականին, Շուշին ազատագրելու պահից սկսած: Յուրաքանչյուր նոր ռազմական գործողություն, որի արդյունքում ադրբեջանական կողմը տարածքային կորուստ էր ունենում, առիթ էր այդ կորսված տարածքների վերադարձի անհրաժեշտությունը հավաստող դիվանագիտական խոսակցությունների եւ քաղաքական պնդումների համար: Իսկապես՝ դրա հետ մեկտեղ, քննարկման առարկա չէր դարձվում ադրբեջանական բանակի կողմից Գետաշենի ենթաշրջանի ու Շահումյանի շրջանի գրավումը, ինչպես նաեւ քաղաքական օրակարգ չի բերվել ոչ այն ժամանակ, ոչ էլ հետագայում ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների հիմնախնդիրը: Շատերը, հավանաբար, հետաքրքրությամբ ընթերցել են մինչեւ 1997 թվականը ՀՀ նախագահի խորհրդական, հատուկ բանագնաց, փոխարտգործնախարար Ժիրայր Լիպարիտյանի հարցին առնչվող հարցազրույցներն ու մեկնաբանությունները, որոնց հիմնական մեխն է այն միտքը, որ Հայաստանում խաղաղության կողմնակիցները պարտվեցին պատերազմի կողմնակիցներին եւ մեր այսօրվա պարտությունը հենց այն ժամանակ տարածք հանձնելու միջոցով խաղաղություն ապահովելու շանսից հրաժարվելն է եղել: Պարոն Լիպարիտյանը գաղափարական մարդ է, լայնախոհ ու հայրենասեր անձնավորություն:

Դրա հետ միասին պետք է նաեւ հաշվի առնենք, որ նա մի քաղաքական գծի կողմնակից էր, որը հաջողությամբ չպսակվեց եւ նա այդ գծի տապալման համար մեղքը դնում է պատերազմի կողմնակիցների վրա, ում ճնշման տակ էլ, հավանաբար, հրաժարական տվեցին նախ ինքը, ապա եւ նախագահ Տեր-Պետրոսյանը: Այստեղ պետք է կանգ առնեմ մի կարեւոր դրվագի վրա: Եթե ճիշտ եմ հիշում, պարոն Լիպարիտյանի խոսքերը, ապա 1993 թվականին, Թուրքիայի հետ վարվող բանակցություններն արդեն մոտ էին հաջողության եւ Անկարան արդեն պատրաստ էր բացելու հայ-թուրքական սահմանն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, բայց երկկողմ հարաբերությունների գործընթացը խափանվեց հայկական ուժերի կողմից Քարվաճառը գրավելու պատճառով ու մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածություններն անդառնալիորեն վիժեցվեցին: Ստացվում է, որ Քարվաճառի գրավումը տեղի էր ունեցել ՀՀ քաղաքական ղեկավարության կամքին հակառակ, քանի որ դժվար է պատկերացնել, որ թուրքերի հետ Լիպարիտյանի կողմից վարվող բանակցությունները ձեւական էին ու նպատակ ունեին քողարկելու Արցախում հայկական զորքի կողմից նոր տարածքներ գրավելու ծրագրերը: Երբ վերլուծում ենք այդ ժամանակ Հայաստանի կողմից վարվող քաղաքականությունն, ապա ստացվում է, որ երկրի անվտանգությունն ապահովելու նպատակով նախ ստորագրվել է ՀՀ-ում Ռուսական ռազմակայան ստեղծելու վերաբերյալ միջպետական պայմանագիրը, իսկ ահա արդեն դրանից հետո մեկնարկում են հայ-թուրքական բանակցությունները` սահմանը բացելու եւ հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ: Այս մոտեցումը կարող էր շահեկան լիներ Հայաստանի համար, բայց այն շրջանում հաստատ համատեղելի չէր ռուսական շահերի հետ այն պատճառով, որ այդ պահին հայ-թուրքական սահմանի բացումն ինքնին հանգեցնելու էր Հայաստանից ու, առհասարակ, Հարավային Կովկասից հեռանալուն: Վրաստանի օրինակը վկա: Քարվաճառի ռազմագործողության շնորհիվ հայ-թուրքական սահմանի բացումը վիժեցվեց, իսկ 1993 թվականի ընթացքում, Արցախի զինված ուժերի կողմից նաեւ այլ տարածքներ վերահսկողության տակ առնելու փաստը հավանական դարձրեց հենց այդ ժամանակ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի մասնակցության հնարավորությունը: Մեծ հաշվով, այն ժամանակ ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականության նպատակն էր` երկրի իրական անկախությունն առավել բարձր մակարդակի հասցնելը, սակայն վատ էր հաշվված այդ գծին հակազդելու ռուսական շահն ու ներուժը, եւ սա ոչ թե մեր պատերազմի կողմնակիցների մոտեցման հաղթանակն էր, այլ դեպի արեւմուտք ճանապարհ բացելու եւ տարածքներ հանձնելու միջոցով, խաղաղության հասնելու կողմնակիցների պարտությունը՝ սխալ հաշվարկի արդյունքը: 1993 թվականի տարեմուտին, Հայաստանն ինքն իրեն ճանաչեց հակամարտության կողմ եւ, այդպիսով, միջազգայնացրեց հակամարտությունը` դնելով նաեւ ՀՀ-ին ագրեսոր պետություն ճանաչելու համար պահանջվող հիմքերը: Բարդ ու բազմաշերտ հարց է սա, շատ որոշումներ կայացվել են արտաքին բացառիկ ճնշման տակ, բայց դրանք կարող էին հետագայում շտկվել: Շտկելու անհրաժեշտությունը գիտակցող իշխանություն այդպես էլ չունեցանք:

– Նախօրեին ՌԴ նախագահը դրվատանքով խոսեց Նիկոլ Փաշինյանի եւ նրա արածի մասին. սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ձեր կարծիքով`ի՞նչ ենթատեքստ կար ՌԴ նախագահի ասածի մեջ:

– Ասաց այն, ինչ կարեւոր ու անհրաժեշտ գտավ ասել. ես այդտեղ ենթատեքստ չեմ տեսնում: Կարծում եմ, որ ռուսները դեռեւս որոշ ժամանակ պատրաստ են աշխատելու Փաշինյանի կառավարության հետ: Չեմ կարող ասել, թե այդ ժամանակահատվածն ի՞նչ տեւողություն կունենա: Հավանաբար, շատ բան կախված կլինի նաեւ նրանից, թե կոնկրետ ինչպե՞ս կզարգանան ներքաղաքական գործընթացները Հայաստանում:

– ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական համաձայնագիր կնքելով Նիկոլ Փաշինյանը կհաջողի՞ պահպանել իշխանությունը, ինչին այդքան ձգտում է`ամեն գնով:

– Բարդ հարց է: Ռուսաստանն ու Բելառուսը վաղուց են միութենական պետություն ձեւավորել, բայց, նույնիսկ դրանով հանդերձ, ինտեգրման գործընթացը դանդաղ է ընթանում, եթե իրականում առհասարակ ընթանում է: Ռուսաստանն այլեւս միապետական կայսրություն չէ, նաեւ խորհրդային կոմունիստական գաղափարախոսության հիման վրա կառուցված պետություն չէ: Ռուսաստանն այսօր մի պետություն է, որը կանգնած է Եվրասիայում տեղի ունեցող ծավալուն ու խորքային փոփոխություններին դեմ հանդիման եւ չունի դաշնակիցներ` ոչ Արեւմուտքում, ոչ էլ Արեւելքում: Մենք պետք է հասկանանք` մեր շուրջ տեղի ունեցող զարգացումների էությունը եւ ուղղվածությունը, ու մեր ձեռքի տակ եղած սակավ միջոցներով փորձենք ապահովել սեփական շահերը, որոնցից գերագույնը՝ մեր հողում, մեր ժողովրդի կյանքի անվտանգությունն է ու զարգացման հեռանկարների պահպանումը:

– Ի՞նչ է սպառնում Արցախի մնացած հատվածին եւ Հայաստանին, առհասարակ. ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն հրապարակային խոսում են Հայաստանի`ՌԴ մարզ դառնալու տարբերակի մասին, շուտով Արցախում ռուսերենը կդառնա պետական լեզու, ռուսական անձնագրեր կտրվեն բնակիչներին:

– Ժամանակին երկու-երեք արցախցի չինովնիկների եւ ԱԺ ղեկավարության գործուն հակազդեցության եւ սաբոտաժի պատճառով այդպես էլ շրջանառության մեջ չդրվեց եւ չընդունվեց «Արցախի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը: Դրա համար այսօր արցախցին կարող է ճանաչվել Հայաստանի, Ռուսաստանի կամ Ադրբեջանի քաղաքացի, բայց Արցախի Հանրապետությունն իր համար, որպես քաղաքացիության երկիր, այս պահին ըստ էության գոյություն չունի: Շնորհիվ այդ մարդկանց, Արցախն էլ այսօր քաղաքացի չունի: Հարցը կարելի է լուծել այս ուղղությամբ հետեւողական աշխատանք տանելու արդյունքում, բայց նախ անհրաժեշտ է գնահատել ստեղծված իրողությունները եւ այդ գնահատականի հիման վրա որոշել, թե կոնկրետ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ լինելու:

– Արցախում ազգային համաձայնության իշխանության ձեւավորումը, որը սկսվել է, կփրկի՞ իրավիճակը: Ի դեպ, ընդդիմադիրները Հայաստանում նույնպես պահանջում են ժամանակավոր ազգային համաձայնության ձեւավորում. դա լուծո՞ւմ է:

– Ազգային համաձայնությունը կարող է ձեւավորվել բացառապես հին մեղքերի անմիջական պատասխանատվությունը չկրող նորի շուրջ: Հինը մարմնավորող որեւէ դեմք կամ քաղաքական ուժ այս պահին ներքին համերաշխությունը ապահովել չի կարող, դրա փոխարեն կարող է ապահովել հնի վերադարձ:

Վազգեն Մանուկյանի թեկնածությունն է ներկայացվում, որպես փոխզիջումային ժամանակավոր վարչապետ: Այս համատեքստում առավել զավեշտալի որակումը «փոխզիջումայինն» է: Հավանաբար նրա թեկնածությունը փոխզիջումային է կոնկրետ շրջանակի ներսում, քանի որ մտածել են, որ ավելի ընդունելի է ինքը, քան, ասենք, Գագիկ Ծառուկյանը կամ Զարուհի Փոստանջյանը: Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրումը հին ճահիճն իշխանության վերադարձնելու միջոց է: Իրական փոխզիջումային թեկնածուն չի կարող անմիջականորեն կապված լինել ոչ հին ճահճի, ոչ էլ նոր աջաբսանդալի հետ, բայց պետք է ընդունելի լինի երկուսի համար էլ, որպես անվիճելիորեն չեզոք եւ օրինապաշտ մեկը: Իսկ ավելի ճիշտ կլինի, որ շրջանառության մեջ դրվի մի քանի այդ կարգի մարդու անուն, որոնք, մեկից բացի, կմաղվեն բազմակողմ քննարկումների ընթացքում: Միակ մնացողն էլ կստանա բոլոր ուժերի կողմից անհրաժեշտ քաղաքական ու գործնական սատարումը մինչեւ նոր ընտրությունների անցկացումը, երբ էլ որ դա տեղի ունենա:

Զրույցը՝ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. 1.-2016-ի նոյեմբերի 20-ին Արման Մելիքյանը գրել էր. «Կիսելյովին տված հարցազրույցում ուշագրավ էր պարոն Սարգսյանի այն պարզաբանումն, ըստ որի կարգավորման գործընթացի համատեքստում որեւէ բախում չկա տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացման սկզբունքների միջեւ: Իսկապես, տարածքային ամբողջականության անձեռնմխելիության սկզբունքը խախտված կարելի է համարել միայն որեւէ երկրի կողմից տվյալ պետության հանդեպ արտաքին ագրեսիայի իրականացման պարագայում, մինչդեռ երբ երկիրը մասերի է տրոհվում ծայր առած ներքին հակամարտության հետեւանքով, ապա այդ դեպքում ուժի մեջ կարող է մտնել ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Առ այսօր հայկական կողմերի պահվածքը, դժբախտաբար, այնպիսին է եղել, որ հնարավորություն է տվել Ադրբեջանի իշխանություններին նենգափոխել հակամարտության էությունը եւ դրա զուտ ներքին կոնֆլիկտ լինելու ձեւաչափը վերածելու միջպետական՝ Ադրբեջան-Հայաստան ձեւաչափի»:

Ասվածի համատեքստում կարելի եզրակացնել, որ վերջին շրջանում իր միջնորդական ջանքերն ակտիվացրած ռուսաստանյան դիվանագիտությունը փորձում է «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևի հիման վրա ապահովել կարգավորման իր համար նախընտրելի տարբերակը, որի գործարկման դեպքում կպահպանի ազդեցության լծակները Հայաստանի հանդեպ և ամուր հիմքերի վրա կդնի նաև իր ռազմական ներկայությունը Ադրբեջանի տարածքում: Ավելի ճիշտ՝ Արցախում, որը կշարունակի համարվել Ադրբեջանի մաս և, միաժամանակ, չի ենթարկվի պաշտոնական Բաքվին: Սա կլինի հակամարտության սառեցում, որը, սակայն, նաև կհանգեցնի ԼՂՀ տարածքի մեծ մասի հանձնմանը հակառակորդին:

Հ. Գ. 2.2017-ի նոյեմբերի 22-ին գրել էր. «Չարժե «հույսեր» կապել պարոն Լավրովի այն պնդման հետ, ըստ որի հակամարտության կարգավորումը շուտափույթ լուծում չունի` նրա ասածն ամենևին էլ չի նշանակում, որ ստատուս քվոն կպահպանվի նույնքան տևական ժամանակ: Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն, իսկապես, կարող է շատ երկար տևել, բայցև անգամ դրանով հանդերձ, չհանգեցնել կայուն ու տևական խաղաղության հաստատմանը: Այդ գործընթացի շրջանակներում կարող են մեր շահերը ոտնահարող գործողություններ նախաձեռնվել, որոնք ուղղված կլինեն մինչ 2016-ի ապրիլը գոյություն ունեցած ստատուս քվոյի հետագա մսխմանը: Այնպես որ թող մեր պատասխանատուներն ու բանակցողները պարոն Լավրովի ասածներն որպես այս հարցում սեփական անգործության և նոր բանակցային մոտեցումների մշակման ու ներդրման պահանջից հրաժարվելու համար տրված բավարար երաշխիք կամ ինդուլգենցիա չհամարեն»:

«Առավոտ» օրաթերթ
04.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031