Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի տարի է՝ կրթություն ենք կորցնում, իսկ հիմա տեխնոլոգիաների դար է, առաջվանը չէ՝ թվանքդ առնես, կռիվ գնաս»․ գյումրեցի նկարչուհի

Դեկտեմբեր 03,2020 22:50

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից գյումրեցի նկարչուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանը, որը գլխավորում է Գյումրու գեղագիտական ազգային կենտրոնը, բանակին օգնելու նպատակով վաճառքի հանեց թե՛ իր կտավները, թե՛ սաների ստեղծագործությունները, բացօթյա ցուցահանդեսներ կազմակերպեց, այնուհետ սկսեց բարձեր, քնապարկեր կարել, գուլպաներ գործել զինվորների համար։

Նա Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պատերազմը դիվանագիտություն չունենալու ու նաև մակերեսային սպառազինության արդյունքն էր։

«Ո՞վ է տեսել, որ թշնամին պատկից է, բայց դու չես նախապատրաստվում․ եթե իմ աշխատավարձը ամենանվազագույնն է, նորից իջեցրու, բայց զենք առ։ Գիտեք ի՞նչն է վիրավորական, եթե ես երկրի ղեկավար եմ ու չունեմ բավարար ռեսուրս պաշտպանական, սա գիտակցելով՝ ո՞նց եմ գնում պատերազմի։ Դու գիտես, որ ռազմական պոտենցիալը չունես, չես կարող, դու պիտի ունենաս դիվանագիտություն, որ գոնե հետաձգես այնքան, որ սպառազինվես, սա հո թաղի կռիվ չէ»,- ասում է նկարչուհին։

Նա նաև շեշտում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, այդ ոլորտ չի մտնում, բայց նման եզրահանգման է եկել որպես հայ քաղաքացի, որը երկու ամիս շարունակ ապրում է այս ծանր իրավիճակում։

Տիկին Մկրտչյանի համար մեծ վիրավորանք էր նաև պատերազմի ընթացքում քաղաքացիներին պաշտոնապես խաբելը։

«Պատերազմի ընթացքում մեզ անընդհատ խաբում էին, թե մերոնք մին զարկեցին, ջարդին հազար, այնինչ հակառակ կողմն էր մերոնց զարկում, ջարդում հազար։ Մենք ոգևորված էինք, թե առաջ գնացինք, ասում էին միայն պաշտոնական լրահոսին հետևեք։ Պաշտոնական լրատվությունը մեզ ի՞նչ էր տալիս, ասում էր՝ մի սանտիմետր անգամ առաջ չեն գնացել կամ հազար հոգու փոխարեն, ասում էին հարյուր հոգի է զոհվել։ Խաբված լինելու վիճակն ահավոր վիրավորական է, այդ համաձայնագիրը բոլորիս համար շոկ էր, որովհետև բոլորս սպասում էինք ինչ- որ բանի, եթե մեզ հոգեպես նախապատրաստած լինեին, որ վատ է վիճակը, որ էս ինչ հողերը գրավել են, մենք միգուցե այդքան ցավոտ չտանեինք։

Մտածում ես, դու սովորական մարդ ես, քաղաքականության մեջ չես, բայց մտածում ես՝ եթե կար հնարավորություն շուտ կանգնեցնելու պատերազմը, և խնայելու երիտասարդների կյանքը, ինչո՞ւ չարեցինք, ի՞նչ շահեցինք մենք, եթե չկորցրեցինք․․․»։

Մեր զրուցակիցը նաև նշում է, որ «հետո»-ն չի երևում, բոլորս մոլորված մնացել ենք, մի կողմից պատերազմը, մյուս կողմից՝ վիրուսը։

«Մենք կրթություն կորցրեցինք, մի տարի է՝ մենք կորցրել ենք մեր կրթության որակը, իսկ եթե երկիրդ չունի որակյալ կրթություն ստացած սերունդ, հիմա տեխնոլոգիաների դար է, հո առաջվանը չէ՝ թվանքը առնես, գնաս կռիվ, տեխնոլոգիայի դար է․ ինքը նստած մի երկրում, մյուս երկրի վրա ռումբ է գցում, դրա համար գիտելիք է պետք։ Հիմա գիտելիքի դար է ։ Մեր երեխեն այսօր դրանից էլ զրկվել»,- մտահոգվում է արվեստագետը։

Նա նաև նշում է, որ աշխարհը հայերի հանդեպ չի փոխվել․ կույր ու համր է, մենք ենք միամիտ մնացել։

«Պատերազմը բոլորիս սարսափների, գիշերային սարսափ երազների մեջ երևի կար, բայց մեզ թվացել է երազ է, անցողիկ բան է, բայց մենք առերեսվեցինք, փաստվեց, որ պատերազմը կարող է մի օր հանկարծ պայթվի մեր գլխին, ու մենք բոլորս ինչ-որ տեղ հանկարծակի եկանք։ Մերոնք միամիտ էին, միամիտ էին այն իմաստով, որ մտածում էին՝ աշխարհը կարո՞ղ է թույլ տալ, աշխարհը թույլ չի տա։ Երբեմն խոսակցություն լինում էր չէ՞ թուրքերն այսպես, այնպես, ասում էինք՝ աշխարհը թույլ կտա՞։ Փաստորեն աշխարհը ինչպես եղել է, այնպես կա, չգիտեմ ուրիշների հանդեպ ինչպես է եղել, բայց հայերի հանդեպ միշտ եղել է և՛ խուլ, և՛համր, և՛ կույր։ 100 տարի առաջվա օրինակը մեզ դաս չեղավ, որպեսզի մենք դասեր քաղեինք, և եթե հարյուր տարի առաջվա վայրագությունն ամբողջ աշխարհի կողմից բացասական գնահատանքի արժանանար, երևի չէր կրկնվի․ եթե հանցագործը հանցանքը կատարեց, ոչ մի բանի պատասխան չտվեց, նորից կշարունակի, թևերն ավելի լայն կբացի, ավելի մեծ հնարավորություններով։

Հիմա եթե մենք անընդհատ ասում ենք Ղազանչեցոց եկեղեցին գնդակոծեցին, խաչքարերը քանդեցին, բա թշնամին դրա համար է, թշնամին հո չի եկել, որ մեզ զիջի մեր պատմական կառույցները, հո չի եկել, որ մեր մշակույթը մեզ զիջի, եկել է ավերելու, թշնամին հենց ավիրող է, թշնամին հենց դրա համար է թշնամի։

Ես չեմ հասկանում մարդկանց զարմանքը, թե ինչո՞ւ Ղազանչեցոց եկեղեցին գնդակոծեցին, բա նպատակը դա էր, որպեսզի կորցնի, հողերին հավասարեցնի, իսկ մնացածն էլ վերագրի սրան-նրան, ասի՝ էս ինչ եկեղեցին ասորիներն են սարքել։ Ինչքան մշակութային, ազգային արժեքներ ունեինք, որ վերագրեցին իրենց։ Թուրքերը շատ բարձր մակարդակի դիվանագիտություն ունեն, հորն ու մորս խոսքերը մեջբերեմ, ասում էին՝ թուրքն անիծած է, բայց խոսքն օրհնած է, այսինքն՝ խոսքն այդ դիվանագիտությունն է։ Իրենք շան լեզու ունեն, որ կարողանում են հավատացնել, սուտ խոսել, արցունք թափել ու աշխարհին հավատացնել, չքմեղանալ, որ ճիշտ են վարվել։

Երբ որ մեր խաչքարերը ոտնատակ տվեցին, մենք մի երկու նյութ գրեցինք, ախ ու վախ արեցինք, ձայներս կտրեցինք, նստեցինք տեղներս։ Մենք չունենք դիվանագիտություն, չունենք սրտացավ վերաբերմունք։ Մենք լաց ու կոծ անել լավ գիտենք, ափսոսալ շատ լավ գիտենք, մենք շատ հուզիչ երգեր կարող ենք գրել պատերազմի մասին, զոհվածների մասին, հայրենիքի մասին, բայց էական գործ հայրենիքը պաշտպանելու համար դա դիվանագիտությունն է, եթե դու չունես ռազմական կարողություն, առաջին հերթին պետք է ունենաս մեծ դիվանագիտություն։

Ես արվեստագետ եմ, քաղաքականությունից ոչ հասկանում եմ, ոչ էլ կուզենամ մտնել այդ ոլորտ, բայց նաև քաղաքացի եմ ու այս երկու ամսվա իրավիճակը բոլորիս դրդեց, որ մենք էլ մտնենք այդ ոլորտ ու հասկանանք՝ ինչ է կատարվում։ Մենք, նորից եմ կրկնում, չունենք դիվանագիտություն, եթե ունենայինք խելացի, խորը մտածված դիվանագիտություն, այսօր երևի այլ կերպ կլուծվեր մեր երկրի հարցերը, և եթե մեզ թվում է պատերազմն ավարտվել է, պատերազմը չի ավարտվել, սա հրադադար է։ Աստված էլ բեթարից ազատի, տեսնենք հետո ի՞նչ պիտի գա»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Սուսաննա Մկրտչյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031