Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձամբ վարչապետը ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ եւ ոչ համարժեք ուժ է կիրառել». Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 03,2020 22:15

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի կենտրոնական փողոցները շրջափակած անհնազանդության ցույցերի ընթացքում բերման է ենթարկվել 43  անձ: Aravot.am-ին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ցուցարարները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Այն է`ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելը: Արձանագրություններ են կազմվել եւ բերման ենթարկվածներն բաց են թողել:

Ցույցերը կազմակերպել էին ՀՅԴ երիտթեւի ներկայացուցիչները:

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ցույցերի մասնակիցներին անօրինական են բերման ենթարկել, քանի որ նրանք իրացրել են իրենց իրավունքը եւ խաղաղ բողոքի ցույց են իրականացրել: «Անձամբ վարչապետը ակցիայի մասնակիցների նկատմամբ բիրտ եւ ոչ համարժեք ուժ է կիրառել, քանի որ ոստիկանությունը վարչապետի ուղիղ ենթակայության տակ է»,- ասաց մեր զրուցակիցը:

Բերման է ենթարկվել նաեւ լրագրող՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծառայության գլխավոր ռեժիսոր Արմեն Սերոբյանը:

Բերման ենթարկվածներից է նաեւ մանկաբույժ Գայանե Սահակովան, որը որպես կամավոր աշխատել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում՝ կորոնավիրուսով հիվանդներին օգնելու համար: Իսկ պատերազմ սկսելուն պես, բժշկուհին միաժամանակ թողնելով 2 աշխատանքն էլ, կամավոր մեկնել էր ռազմաճակատ: Պատերազմի առաջին օրից եղել է զինվորի կողքին՝ Մատաղիսում, Մաղավուզում, Եղնիկներում՝ մասնագիտական առաքելությունն է իրականացրել:

Ի դեպ, սոցիալական ցանցերում տեղեկություններ հրապարակվեցին, որ շտապօգնության մեքենաները ոստիկաններ են տեղափոխել: Այդ մասին գրել էր նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` հավելելով, որ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյան իրեն տեղեկացրել է, որ այդ մեքենաները իրենց ՓԲԸ-ին չեն պատկանել: Այս առնչությամբ ոստիկանությունում պարզաբանումներ չտվեցին: Հորդորեցին պատասխանները ստանալ Երեւանի քաղաքապետարանից:

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ պարզաբանում տարածեց. «Երեւանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ մեքենաներով ոստիկանական ուժեր տեղափոխելու մասին համացանցում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Մեր անձնակազմը եւ մեր մեքենաները զբաղվում են բացառապես իրենց լիազորություններից բխող գործունեությամբ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031