ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը այսօր սեփական նախաձեռնությամբ այցելել էր ԱԱԾ: Շենք մտնելուց առաջ նա ԶԼՄ-ների համար հայտարարություն արեց:
«Դուք երեկ, հավանաբար, դիտել եք ԱԱԾ հաղորդագրությունը, որտեղ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա դեպքերը փորձ էր արվում կապել քաղաքական ուժերի հետ, փորձ էր արվում կազմակերպիչ ներկայացնել ակտիվ կուսակցական գործիչներին, մասնավորապես՝ ինձ: Հնչում էին տարբեր մեղադրանքներ: Ես զարմացած եմ ԱԱԾ-ի ոչ պրոֆեսիոնալ գործելակերպից: Բայց ոչ այնքան, որովհետեւ նախորդ 2,5 տարվա ընթացքում ԱԱԾ-ն զբաղված էր ամեն ինչով, բայց ոչ իր անմիջական գործառույթով: Մասնավորապես, վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հանձնարարությամբ նրանք սատանա էին փնտրում, դիմակներ կրելու պարտադիր պահանջն էին վերահսկում, գազալցակայաններում ՀԴՄ կտրոնը տպել-չտպելն էին փորձում վերահսկել: Մինչդեռ, երկիրը կանգնած էր այսպիսի լայնածավալ պատերազմի առջեւ: Կարծում եմ, պարտության գլխավոր պատճառներից մեկը նաեւ ԱԱԾ ոչ արհեստավարժ աշխատանքն էր, որը հանգեցրեց նրան, որ շատ բաներ մեր համար անսպասելի էին: Մեր համար, բայց՝ ոչ երեւի իշխանության, որովհետեւ իշխանության նպատակը հենց այն էր, որ ԱԱԾ-ն զբաղվի ոչ նրանով, ինչով պարտավոր էր զբաղվել:
Կարծում եմ՝ այս հաղորդագրությունը պարունակում է նաեւ քրեական որոշակի հանցագործություն՝ իշխանության վերազանցում, պաշտոնական դիրքի չարաշահում: Ես պատրաստվում եմ այդ հոդվածներով դիմում ներկայացնել նաեւ ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրգործ հարուցելու պահանջով: Երկրորդ՝ Եթե հիմա ինձ մեղադրանք չառաջադրեն, ինչպես գրված էր եւ իմ լուսանկարը ցուցադրելուց հետո ենթադրվում է, որ պետք է մեղադրանք առաջադրվեր իմ դեմ, ես պահանջելու եմ ԱԱծ պետից՝ սկսել ծառայողական քննություն՝ պարզելու, թե ով է պատրաստել եւ տարածել հաղորդագրությունը այս հիմնարկի անունից: Պատրաստվում եմ դիմել նաեւ ՄԻ պաշտպանին, որովհետեւ ակնհայտորեն խախտվում են մարդու իրավունքները, անմեղության կանխավարկածը: Պատրաստվում եմ դիմել դատարան՝ պատվի, արժանապատվության վիրավորումը հիմք ընդունելով»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ