Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանի կենտրոնական փողոցները շրջափակած անհնազանդության ակցիայի մասնակիցները «միջանցքներ» են բացում Շտապ օգնության, հրշեջ մեքենաների, ինչպես նաեւ մանկահասակ երեխաներով ավտոմեքենաների համար: «Հանուն մեր երկրի անվտանգության, հանուն մեր գալիք սերունդների, հանուն այն մարդկանց, ովքեր չեն պատրաստվում արտագաղթել մեր երկրից, Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հեռանա»,-հանրությանը բարձրախոսով իրազեկում էին քայլերթի մասնակիցները:
Նրանք կոչերով դիմում են նաեւ ոստիկաններին: Սակայն, կարմիր բերետավորներն, այնուամենայնիվ, շուտով սկսեցին անհամաչափ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ Տիգրան Մեծ հրատարակչության շենքի մատույցներում, ինչպես նաեւ «Ռոսիա» կինոթատրոնի եւ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկում:
«ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը սկսել է պայքար Հայաստանի իշխանությունները բռնի ուժով պահող, Հայաստանի շահերի դեմ գործող իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի դեմ, ով այս օրերին կառչել է իր աթոռից եւ ամեն մեթոդ օգտագործում է, որպեսզի երկարաձգի հոգեվարքի մեջ գտնվող իր իշխանությունը: Երեկ մենք հայտարարել էինք, որ մեկ պահանջով, Նիկոլ Փաշինյանի հեռանալու պահանջով այսօր ապակենտրոն սկզբունքով փակելու ենք տարբեր փողոցներ: Ժամը 6-ից սկսած՝ Երեւանի մեկ տասնյակի հասնող փողոցներ փակ էին… Մեր ակցիայի ամբողջ ընթացքում մեր տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել:
Կարդացեք նաև
Այսքանով մեր այսօրվա ակցիան համարում ենք ավարտված: Հաջորդ մեր գործողության մասին, որը ամենայն հավանականությամբ լինելու է վաղը, մենք կտեղեկացնենք մեր էջով: Պայքարը շարունակվում է, Նիկոլ Փաշինյանի՝ րոպե ավել մնալը սպառնում է մեր բոլորի գոյությանը, մեր հայրենիքի գոյությանը: Մենք շարունակելու ենք նույն մեթոդներով»,- լրագրողներին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ