Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները կոչ են արել ԼՂ-ի շուրջ սկսել էական բանակցություններ

Դեկտեմբեր 03,2020 18:44

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ստեֆան Բիգունը և Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դղիանը ողջունել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին ստորագրած համաձայնագրի: Այս մասին ասվում է համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների տարածած համատեղ հայտարարության մեջ:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել լիարժեք կատարել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում, ինչպես նաև նախորդ հրադադարով ստանձնած հանձնառությունները: Համանախագահ երկրներն ընդգծում են Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրում Ռուսաստանի ձեռնարկած միջոցառումների կարևորությունը ռազմական գործողությունները չվերսկսելու հարցում երաշխավորելու գործում: Նրանք նաև կոչ են անում անհապաղ և լիարժեք կերպով հետ քաշել տարածաշրջանից բոլոր օտարերկրյա վարձկաններին և կոչ անում բոլոր կողմերին նպաստել այդ գործին:

Համանախագահ երկրները հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու իրենց պարտավորությունների, մասնավորապես, գերիների փոխանակման և զոհվածների աճյունները վերադարձնելու հարցում: Նրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այդ թվում վերջին ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների երաշխավորման կարևորությունը: Նրանք նաև կարևորում են Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ կրոնական և պատմական ժառանգության պաշտպանության կարևորությունը: Համանախագահ երկրները կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին լիարժեք համագործակցել համապատասխան միջազգային կառույցների հետ՝ իրականացնելու այդ տարածքներում իրենց պարտավորությունները և ապահովելու մարդասիրական հասանելիություն, ասվում է հայտարարության մեջ:

Համանախագահ երկրները դիմում են միջազգային կառույցներին, այդ թվում ԿԽՄԿ-ին ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցների, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ առանձին երկրներին՝ որոշակի քայլեր ձեռնարկել՝ բարելավելու Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում համակարգված կերպով մարդասիրական իրավիճակի բարելավմանը: Համանախագահները նաև վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին:

Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին օգտվել ներկա հրադադարից՝ բանակցելու հարատև և կայուն խաղաղության համար՝ ԵԱՀԿ հովանու ներքո: Այդ համատեքստում համանախագահ երկրները կողմերին կոչ են անում առաջին իսկ հնարավորության դեպքում ընդունել համանախագահներին և սկսել էական բանակցություններ՝ լուծելու ծառացած բոլոր հարցերը՝ ըստ համաձայնեցված ժամանակացույցի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց ամուր հավատարմությունը վեճերը լուծելու համար ուժի սպառնալիքի չկիրառմանը: Նրանք վերահաստատում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ ի շահ հակամարտության բոլոր մնացած էական հարցերի բանակցված, համապարփակ և կայուն լուծման՝ համաձայն այն հիմնարար սկզբունքների և տարրերի, որոնք լավ հայտնի են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին: Համանախագահները լիարժեք հավատարիմ են մնում իրենց խնդիրների կատարմանը՝ համաձայն տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու իրենց երկարատև ջանքերի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031