Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այն բեղերով գեներալը, որին ցույց ես տալիս ու որի դոշերը հավաքել ես՝ քո ասելով, հիմա ոտդ համապատասխան տեղիցդ պոկած էր լինելու». Փոխգնդապետը՝ լեգենդար գեներալի դեմ պատվերի մասին

Դեկտեմբեր 03,2020 18:00

Արդեն տեւական ժամանակ է՝ անվանի զինվորականներին հեղինակազրկելու գործընթաց է գնում: Փոխգնդապետ Զավեն Հունանյանը, որը նոր է եկել առաջնագծից` հուղարկավորության մասնակցելու համար, համացանցում տեսնելով, թե ինչպես են առաջնագծի մատույցներում հայտնված որոշ մարդիկ ներկայացնում մարտական գործողությունները, ինչպես են վարկաբեկում լեգենդար զինվորականներին, պարզապես ապշել է:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ցավով ու ամոթով նշեմ, որ մեր հայ ազգի այն մասսան, որը ինֆորմացիայից զուրկ է, չի տիրապետում այն հատուկ գիտելիքներին, ինչն անհրաժեշտ է քննարկելու կամ նամանավանդ քննադատելու զինվորականներին: Շատ բաներ կարդացի համացանցում, չի լինում արհամարհել, որովհետեւ 2 ամիս շարունակ ՀՀ ԶՈՒ-ն, Հայաստանի հաղթանակած բանակը, այն բանակը որն առնվազն 3 պետության դեմ թեժ մարտեր էր վարում, ու այդ 3 պետություններից 2-ը համաշխարհային պրոֆեսիոնալ բանակ ունեն, խոսքս Թուրքիայի, Իսրայելի, նրանց զենքերի, օգտագործվող տեխնիկայի ու զինվորականների մասին է, չհաշված վարձկաններն ու մնացածները: Ու համացանցում հանդիպում եմ ինչ-որ սերիալիստ Գնել Սարգսյանի ասուլիսը, որը ֆանտաստիկ ժանրի սերիալ է: Նա խոսում է իմ մարտական ընկերների, իմ ուսուցիչների մասին, ումից ես սովորել եմ իմ զինվորական գործը, որոնցից շատ շնորհակալ եմ՝ իմ ձեռքբերումների, շատ զինվորականների կյանքր խնայելու, անվտանգության հարցերը ճիշտ կազմակերպելու համար: Լինելով նշված զինվորականների կողքին վերջին մեկ ամսից ավելի, տեսնելով նրանց գործունեությունը առաջնագծում՝ ստրատեգիական նշանակություն ունեցող կետերում, նրանց առաջադրված խնդիրը ու ոչ միայն զինվորականի, այլեւ՝ մարդկային մոտեցումը իրենց գործին ու լսելով այս փնովմունքը, այս քարկոծումը՝ ես չեմ կարող չխոսել»:

Մենք ճշտեցինք՝ այսինքն, բանակի հենասյուները վարկաբեկելու գործընթա՞ց է գնացել՝ Զավեն Հունանյանը պատասխանեց. «Այսինքն, ներսից մեր տունը քանդելու գործընթաց է գնացել»:

Օրեր առաջ դերասան Գնել Սարգսյանը, որն այս պատերազմում ներգրավված է եղել ջոկատներից մեկի կազմում, եկել է ու սկսել ռազմական վերլուծություն անել, թե ինչպես «հանձնեցին Հադրութն ու Շուշին», ինչպես էին կռվում զինվորականները ու հարցազրույցում նա ներկայացնում է. «Ինձ ասեք՝ ո՞ւր է գեներալ Կոմիտասը: Նրա վզին լիքը արյուն կա: Նա Ջաբրայիլում էր գտնվում, ես չգիտեմ Ջաբրայիլի գնդի ինչն էր, բայց երբ ես այնտեղ էի գտնվում, իմացա, որ գեներալ Կոմիտաս կա, ով որ պիտի հրահանգներ տա: Ես դերասան եմ, ռազմագիտությունից շատ բան չեմ հասկանում, բայց գոնե գիտեմ, որ մեր դեմ կռվում է 5-դ սերնդի տեխնիկա ու մարդը չպիտի երկար ժամանակ մեքենայի մեջ լինի, այս դեպքում՝ «Ուրալ» մեքենայի, ինչի վրա ինքը կոնկրետ աշխատում է: Մեզ որ պիտի տանեին ուրիշ դիրքեր՝ «զասադ» նստելու, նստել ենք «Ուրալի» մեջ սպասում ենք, իսկ ինքը դանդաղում է: Ես հիմա կարող եմ ասել, որ դիտավորյալ էր դանդաղում: Այնքան դանդաղեց, մինչեւ ԱԹՍ-ն աշխատեց, հետեւից՝ արկերը, փառք Աստծո, ոչ մի բան չեղավ, Ուրալներից մեկը վնասվեց: Երկրորդ անգամ եկանք նստեցինք ու էլի երկար ժամանակ չէր շարժվում: Հետո Ջաբրայիլում, երբ պարզ էր դարձել, որ ճեղքել են պաշտպանությունը, ինքը հելնում, փախնում է: Նստում է մեքենան ու թռնում»:

Թե ինչու է պատերազմից այսպիսի դրվագ ներկայացնում դերասանը, Զավեն Հունանյանն ունի իր բացատրությունը. «Նախ, ինքը մարտական գործողությունների ժամանակ հայտնվել է մի հատ այնպիսի կետում, որը առաջնագծից շատ հեռու է: Ասում է՝ «զասադում» նստած է եղել: Ի գիտություն նշեմ, որ «զասադը» շատ լուրջ մարտական գործողության տեսակ է, որը իրականացնում են կա՛մ հատուկ նշանակության ստորաբաժանումները, կա՛մ համազորային ստորաբաժանումները, որոնք նախօրոք պատրաստություն են անցել: Հետո նշում է, որ իր ձեռքում «Մուխա» կար ու ինքը չկարողացավ այդ «Մուխայից» օգտվել, ասում է՝ «ասեք ինձ խնդրեմ, թե ինչի համար է այդ «Մուխան», մեկդ բացատրեք»: Նա խոսում է այնպիսի մի զենքի մասին, որը ձեռքի մի շարժումով կարելի է աշխատեցնել, բացվում է, սովորական նշան ես բռնում, թիրախավորում ու կրակում: Առավել անհասկացող կամ շուտ գլխի չընկնող մարդկանց համար ցուցանակ կա վրան կպցրած, թե ոնց են օգտագործում»:

Զավեն Հունանյանը պատմեց, թե իրականում ինչ է եղել Ջաբրայիլում. «Մի դրվագ կար, որ ինքը նահանջում էր: Մեր տղաները չեն նահանջել, իսկ որտեղ առաջնագծից զորքը հետ է կանչվել, դա չի եղել նահանջ, վերախմբավորման գործողություններ են իրականացվել՝ հետագայում հաջորդ խնդիրը կատարելու համար: 13 ուղեկալի մոտ, դա Ջաբրայիլի 9-րդ պաշտպանական շրջանի եւ ԱԱԾ-ի կցվածքն է, որտեղ էր նաեւ ինքը՝ մոտ 30 հոգանոց խմբում ընդգրկված լինելով: Շարքային զինվորները, որոնք իրենց վիրավորված դասակի հրամանատարին դուրս հանելու խնդիր ունեին, հակառակորդի կողմից կրակի տակ էին, դրանք սաղ փաստեր են, ու հանդիպեցին այդ խմբին: Հրամանատարն անձամբ խնդրեց իրենցից 30 հոգի մարդ տրամադրել, որ փակվի ճանապարհի որոշակի հատված, որ կարողանան 18 տարեկան զինվորները դուրս գալ հակառակորդի կրակի տակից, ինքը 6 հոգու հետ շարունակեց հետ գնալը, իսկ մնացած տղաները մնացին, փառք ու պատիվ իրենց, շարունակեցին այդ գործողությունը: Արդյունքում՝ փրկվեցին մեր 18 տարեկան մատղաշ երեխաները, այն տղերքը, որոնց այդ պահին օգնություն էր պետք: Իսկ ինքը լույսը չբացված, աքաղաղը դեռ չկանչած՝ երկրորդ անգամ արդեն դավաճանեց՝ իր փախչելը կրկնելով: Փախավ, գնաց ուրիշ վայր ու անունը տալիս է, ասում է՝ Հորադիզում էի, շուտ գնացի հասա Կուբաթլու…ես հուսով եմ, որ իր ելույթը մեր մշակույթի ու սպորտի նախարարությունը լսած կլինի, արդեն տեղյակ կլինեն, որ մենք մարաթոնյան վազքի նոր չեմպիոն ունենք, որը Հորադիզից շուտ հասավ Կուբաթլու, մոտավորապես 60 կմ-ի մասին է խոսքը: Պատմում է, որ գնաց այնտեղ, հավաքեց ինչ-որ գեներալի դոշեր: Տո այ….այն բեղերով գեներալը, որ ձեռքով ցույց ես տալիս, ում դոշերը քո ասելով՝ հավաքել ես, կամ մտքովդ կանցներ անգամ, որ հավաքեիր, հիմա ոտքդ համապատասխան տեղիցդ պոկած էր լինելու: Ես չգիտեմ ինչն է քեզ դրդել, որ նման բաների շուրջ խոսես:

Դու խոսում ես գեներալ Կոմիտասից, տո դու գիտե՞ս ընդհանրապես ով է գեներալ Կոմիտաս Ռազմիկի Մուրադյանը, ճանաչո՞ւմ ես իրեն գիտե՞ս իր անցած ճանապարհը:

Լուսավորեմ սերիալիստ Գնելի լուսապսակ ուղեղը՝ գեներալ Կոմիտասը Ջաբրայիլի հիմնադիր հրամանատարներից է, որի հրամանատարության օրոք Ջաբրայիլի զորամասը տարիներ շարունակ լավագույնն է ճանաչվել զինված ուժերում, ում օրոք կառուցվել են 9-րդ պաշտպանական շրջանի բոլոր ամրաշինական կառույցները, դիրքերում խրամատներ է փորվել, ով որ ջանք ու եռանդ չի խնայել անձնական օրինակով զինված ուժերում իր լուման ներդնելու ու մեր նման տղաների համար ուսուցիչ լինելու՝ անշահախնդիր, իր քրտինքով վաստակելով գեներալի ուսադիրները:

Գեներալ Մուրադյան Կոմիտասն այն տղան է, ով բոլորից շուտ առաջնագծում է հայտնվել՝ չնայած հասկացող մարդկանց, մանավանդ զինվորականների համար պետք է հարց առաջանար՝ գեներալը առաջնագծում: Ինչի՞ համար էր առաջնագծում: Որովհետեւ ինքը չէր կարող կամ չէր ուզում վստահել, կամ վստահում էր, բայց այնտեղ էր:

Անձամբ եմ տեսել ոնց է ղեկավարում ժամկետային զինծառայողներին, կամավորականներին, պահեստազորից եկած տղաներին: Իսկ իմ հարգարժան Գնել Սարգսյանի նման սերիալիստը, որը ինչ-որ պատվեր է կատարում չեմ կարող ասել ինչ ուժի, ինչ անձի… Ես տեղյակ եմ, որ ինքը պարտքերի տակ է, պրոբլեմների մեջ է…Նման ձեւով նման տղաների մասին արտահայտվելուց դու փնովում ես առաջին հերթին ինքդ քեզ՝ որպես հայ, քանդում ես քո ընտանիքը ներսից: Ես ամաչում եմ, որ դու էլ ես հայ, ես էլ եմ հայ»:

Խոսելով պատերազմի ելքի մասին՝ Զավեն Հունանյանն ասաց, որ բոլորս ենք մեղավոր ու բոլորս ունենք մեր մեղքի բաժինը, բայց նա համաձայն չէ այն դիտարկման հետ, որ պարտությունը եղել է ե՛ւ դիվանագիտական դաշտում, ե՛ւ ռազմի դաշտում. «Ես չեմ խոսի դիվանագիտական դաշտից, կարող եմ խոսել ռազմի դաշտից. այն ուժերով ու այն միջոցներով, պայքարը այն ուժերի ու միջոցների դեմ, ինչի դեմ որ մենք պայքարեցինք ու արեցինք այն, ինչ արել ենք, դա անհնարին երեւույթ է եղել, որը մեր փառապանծ հաղթանակած բանակն իրականացրել է՝ սկսած իր հրամանատարական կազմից, վերջացրած մինչեւ վերջին զինվորը, սկսած այն մարդկանցից, ովքեր արտասահմանում էին, ովքեր տունը նստած՝ սրտերում ու հոգիներում մեր հետ միասին կանգնած էին դաշտի մեջ: Հայտարարում են՝ Հադրութն առանց կռվի հանձնեցինք…Հադրութում կռվի ժամանակ զոհվել են այնպիսի տղաներ, Հադրութում զոհվել է Արցախի հերոս Ղազարյան Դավիթը, Վարդանյան Էռնեստը, Օհանյան Խորենը, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանը: Հադրութում մարտի դաշտում այնպիսի տղաներ են զոհվել՝ մարտնչելով, կանգնած մնալով թե՛ տանկի դեմ, թե՛ հակառակորդի կենդանի ուժի դեմ, թե՛ ԱԹՍ-ների դեմ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031