Այսօր Beeline-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ասուլիսում 5G-ին Հայաստան բերելու լրագրողների հարցին ի պատասխան «ԹԻՄ» ընկերության սեփականատեր եւ համահիմնադիր Հայկ Եսայանն ասաց. «5G-ի վերահեռարձակումը ոչ մի կոմերցիոն նպատակ չունի, ուղղակի «փի-ար»-ային նպատակ ունի: Այսօր մեր երկրում մեր տնտեսվարողները դրա կարիքը չունեն: Դա առաջին հերթին ինդուստրիալ նշանակության ցանց է եւ, դեռեւս, նվազագույնը հինգ տարի մենք դրա կարիքը չունենք: Մենք չենք ուզում մի բանի մեջ ներդրում անել, կամ ֆիկտիվ ցույց տալ, որ ներդրում ենք անում, որն իրականում կիրառելիություն չունի: 4G-ն, 4G+ այսօր դեռեւս բավական շատ մեծ ծավալով բավարար է մեր հասարակությանը որակյալ ծառայություններ տրամադրելու համար»:
Հայկ Եսայանն անդրադառնալով նորաստեղծ «ԹԻՄ» ընկերությանն ասաց, որ այն Հայաստանում գործող 4 ընկերություններից միակն է, որն ամբողջությամբ հայկական է: Նշեց նաեւ, որ 3 ամիս հետո ընկերությունը կունենա նոր օպտիկական ցանց եւ 2021 թվականից սկսած՝ ծառայությունների որակը էապես կփոխվի: Նրա խոսքով, որոշ ժամանակ Beeline բրենդը կպահպանվի:
Հարցին՝ «Վեոն Արմենիայի» աշխատակիցների կրճատումներ լինելո՞ւ են, Հայկ Եսայանն ասաց, որ ներկայումս ընկերությունում աշխատում է 1700 մարդ, սակայն մտադիր են եւս 800 աշխատատեղ էլ ավելացնել՝ 300 աշխատակից կավելանա տելեկոմ բաժնում, 500-ն էլ՝ ընկերության ՏՏ ոլորտում:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 29-ին Եսայան Եղբայրների հիմնադրած «ԹԻՄ» ընկերությունը գնեց «Վեոն Արմենիայի» 100 տոկոս բաժնետոմսերը:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ