ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպումներ է ունեցել Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակմանը և թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի անցկացմանն առնչվող հարցերը։ Աշխատանքային քննարկումներին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Երևանի մշակույթի ու Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջների միավորումից հետո ուսումնական հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարների փոփոխությունն աշխատակազմի շրջանում հարուցել էր անհամաձայնություններ, որոնք շտկելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարը տարակարծիք կողմերի հետ ունեցել է ինչպես առանձին, այնպես էլ համատեղ քննարկումներ։ Նախարար Վահրամ Դումանյանը՝ ընդգծելով, որ ցանկացած պարագայում այդ հարցը չպետք է խաթարի քոլեջի բնականոն աշխատանքը, առաջարկել է ներկայացնել տնօրենի պարտականությունները կատարողի՝ ամբողջ աշխատակազմի և ուսանողների համար ընդունելի միասնական թեկնածու, որը կպաշտոնավարի մինչև մրցութային կարգով ընտրված տնօրենի կողմից լիազորությունների ստանձնումը:
Ընդունելով նախարար Վ. Դումանյանի առաջարկը` Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի աշխատակիցներն առաջարկել են ուսումնական հաստատության տնօրենի կազմակերպադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալ Արսեն Ղազարյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով վերջինիս գործունեության նկատմամբ աշխատակազմի դրական վերաբերմունքը։ Առաջիկայում համապատասխան կարգավորմամբ Արսեն Ղազարյանը կստանձնի տնօրենի պարտականությունների կատարումը։
Կարդացեք նաև
Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի աշխատակազմի հետ հանդիպումների ընթացքում նախարար Վահրամ Դումանյանը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է համախմբել բոլորի ջանքերն ու ռեսուրսները կրթական ոլորտի բարեփոխումներն ամբողջացնելու և քոլեջի զարգացման ուղղությամբ:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ