Ընդդիմադիր 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ թեկնածուի հարցը «Լուսավոր Հայաստանի» հետ չեն քննարկել, բայց տիկին Տոնոյանը վստահ է՝ քանի որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին դեմ չէ ԼՀԿ-ն, ապա կարող են այս կուսակցության հետ համաձայնության գալ։
Թե ինչպես է ռազմական դրության պայմաններում ԱԺ-ում նոր վարչապետ ընտրելու, տիկին Տոնոյանը չմանրամասնեց։
Շաբաթ օրը Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին կներկայացնի իր ծրագրային ելույթն ու ճանապարհային քարտեզը, որով, ըստ Իվետա Տոնոյանի, կներկայացնի քայլերը, թե ինչպես է երկիրը դուրս բերելու ճգնաժամից։
Նա վստահ է՝ շաբաթ օրը հրապարակն ավելի բազմամարդ է լինելու։ Դիտարկմանն ի պատասխան, որ հանրությունը կարծում է, թե սա աթոռակռիվ է, տիկին Տոնոյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանի անձն ամենավերջինն է հետաքրքրում բոլոր այն քաղաքական ուժերին, ովքեր այսօր համախմբված են կառավարության փոփոխության հարցի շուրջ․ «Նիկոլ Փաշինյանի անձն ու աթոռը երբեւէ չի ունեցել որեւէ կարեւորություն որեւէ քաղաքական ուժի համար»։
Կարդացեք նաև
Դիտարկմանը՝ ընդդիմադիր ուժերը խոսում են փոփոխությունների անհրաժեշտության մասին, սակայն չեն ներկայացնում քայլեր եռակողմ հայտարարության հնարավոր փոփոխության մասին, մանավանդ որ ՌԴ նախագահն ասել ՝ այն փոփոխելը ինքնասպանություն կլինի, տիկին Տոնոյանն այսպես արձագանքեց․ «Եթե ՌԴ-ից եկող ազդակների վերծանմամբ զբաղվենք, իշխանությանը ոչ հաճո իրողություններ ենք պարզելու, դրա համար ես դրան չեմ անդրադառնա։ Բնականաբար, որեւէ ուժ չի կարող ասել, որ այդ փաստաթղթի չեղարկման իրավական հնարավորությունների հետ կապված կարող է վստահաբար ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Սակայն նույն այդ եռակողմ հայտարարության տողերի արանքում կան այնպիսի ականներ, պայթյունավտանգ հանգամանքներ, որոնց հնարավոր բացասական հետեւանքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ, վստահաբար, նոր կառավարությունը՝ նոր վարչապետի գլխավորությամբ եւ քաղաքական կուսակցությունների աջակցությամբ է հնարավոր»։
Լրագրողները հիշեցրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երեկվա հայտարարությունը, որով կոչ է արել է սատարել Փաշինյանին եւ նրա թիմին, արդյոք այս հանգամանքը կարող է 17 կուսակցությունների նկատմամբ հանրային տրամադրությունները փոխել։ Սրան ի պատասխան տիկին Տոնոյանն ասաց․ «Ես բացառում եմ, որ որեւէ հայտարարությամբ պայմանավորված մեր հանրային աջակցությունը կարող է նվազել։ Կարծում եմ՝ մեր հանրության խելամիտ ներկայացուցիչները, որոնք լսել են ՌԴ նախագահին, դրա տողատակերում շատ լավ հասկացել են, թե ինչ նկատի ունի ՌԴ նախագահը։ Որովհետեւ միամտություն կլիներ կարծել, որ որեւէ այլ հայտարարություն պետք է այդ մակարդակում հնչեր։ Իսկ մենք ունենք թե՛ տեղեկատվության մեր աղբյուրները, թե՛ ՌԴ -ից եկող ազդակներ, որոնք այլ բանի մասին են վկայում»։
Տիկին Տոնոյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը չունի այլընտրանք․ «Այսօր ունենք ողբերգական հետեւանքի հասցրած անձ եւ առաջին հերթին պետք է վերացվի ողբերգությունների հասցրած չարքի արմատը, որը Նիկոլ Փաշինյանն է իր թիմով։ Նիկոլ Փաշինյանի մեջ վաղ, թե ուշ, արթնանալու է, որ ինքը պատասխանատու է եւ ինքը պարտավոր է հեռանալ։ Այլապես օրեր կամ շաբաթներ անց նա ցանկանալու է հրաժարական տալ, սակայն հանրությունը այդ հնարավորությունը չի տալու։ Քանի դեռ կա հնարավորություն, նա կարող է ինքնակամ հեռանալ»։
Թե որտեղից նման վստահություն, տիկին Տոնոյանն ասաց․ «Ես մեր ներքին քննարկումների եւ ներքին օրակարգերի մասին այս պահին չեմ խոսի, սակայն, ՌԴ- ից եկող ազդակները հաշվի են առնվել ամբողջ այդ գործընթացում»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ