«Առաջին իսկ հայացքից պարզ է դառնում, որ օրենքի նախագիծը ավելի շատ միտված է ոչ թե գիտության եւ կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն, այլ որոշակի քաղաքական կոնտենտ ունեցող գործընթացի մաս է: Ներկա վիճակը մեզ բավարար հիմքեր է տալիս նման եզրահանգման համար»,- ասուլիսում նշեց Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը՝ խոսելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում ընդգրկված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագծից, ըստ որի՝ ՀՀ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են ԿԳՄՍ նախարարության կողմից՝ մինչև 5 տարի ժամկետով:
«Իրականում ԵՊՀ-ն եւ ՀՀ բուհական համակարգը բավականին երկար ճանապարհ են անցել բուհական ինքնավարության եւ ակադեմիական ազատության հասնելու համար: Հատուկ ուզում եմ շեշտել, որ ինքնավարությունը եւ ազատությունը երբեք բավարար մակարդակի չեն եղել, ուղղակի հիմա՝ հեղափոխությունից հետո մենք ողջամտորեն կարող էինք հույս ունենալ, որ այդպիսի բարեփոխումներ կլինեն, եւ կունենայինք բուհական ինքնավարության եւ ակադեմիական ազատության ողջամիտ մակարդակ:
Այս գործընթացը սկսվել է շատ վաղուց եւ թյուր կարծիք կա, թե 2005 թվականից ենք Բոլոնյան գործընթացին մասնակցել, եւ դրանով իսկ հիմք է դրվել բուհական ինքնավարությանը, բայց ես կասեմ, որ այս ճանապարհը սկսել ենք անցնել դեռեւս ԽՍՀՄ տարիներից, եւ ՀՀ-ում Երեւանի պետական համալսարանն այն միակ բուհն էր, որ 1988թ միացավ Եվրոպական համալսարանների մեծ խարտիային: Համալսարանական այդ խարտիայի պատվիրանները ենթադրում էին, որ բուհը պետք է քաղաքական եւ տնտեսական իշխանությունից զատ լինի, պետք է լինի մշակութաստեղծ, ազատությունների վրա հիմնված հաստատություն:
Այդ պատվիրանները վերածվեցին կոմյունիկեների, օրինակ կարող եմ բերել 2005թ. Բեռլինի կոմյունիկեն, 2007թ. Լոնդոնինը, եւ որը մեզ համար շատ ավելի հետաքրքրական է, 2015թ այդպիսի կոմյունիկե ընդունվեց Երեւանում: Ստացվում է, որ մենք լուրջ գործուն քայլեր ենք արել այս ուղղությամբ, ինչը հնարավորություն է ստեղծել, որ 2015թ կոմյունիկեն ընդունվի հենց Երեւանում:
Կարդացեք նաև
Բայց ցավոք սրտի, գործող եւ ներկայացված օրենքի նախագծով, այդպիսի տեսական հնարավորությունն արդեն իսկ բացակայում է, եւ բուհերը զրկվում են ինքնուրույն զարգանալու, ինքնակառավարվելու, ակադեմիական ազատություն ունենալու հնարավորությունից»,-փաստեց Վահե Հովհաննիսյանը:
Ապա հավելեց. «Ես լավատես եմ այն առումով, որ ամեն դեպքում, օրենքի նախագիծն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ոչ միայն հակասում է ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածին, որտեղ հստակ գրված է, որ բուհերը օրենքով սահմանված շրջանակում ունեն ինքնակառավարման իրավունք՝ ներառյալ ակադեմիական հետազոտությունների ազատությունը, այլեւ օրենքի նախագծում առաջարկվող տարբերակը հակասության մեջ է մտնում եւ Քաղաքացիական օրենսգրքի, եւ Հիմնադրամների մասին օրենքի հետ, հնարավորություն չի ընձեռվում, որպեսզի կառավարությունը, տվյալ դեպքում հիմնադիրը անմիջականորեն նշանակի բուհի ռեկտոր-կառավարիչ մինչեւ 5 տարի ժամկետով:
Ընդ որում, այստեղ այլ ռիսկեր էլ են թաքնված: Ժամանակավոր կառավարիչը՝ պաշտոնյան շատ ավելի երաշխավորված է լինելու իր գործունեության մեջ, շատ ավելի լայն հայեցողությամբ, քան բուհի ռեկտորը, որը կաշկանդված է լինելու բուհի զարգացման ռազմավարության ծրագրով: Այս կառավարչի նկատմամբ են տարածվելու բուհի ռեկտորների համար սահմանված օրենսդրական պահանջները:
Հանված է նաեւ այն դրույթը, որ եթե հաշվետվությունը չհաստատի կառավարման կամ հոգաբարձուների խորհուրդը, տվյալ անձը չի կարող պաշտոնավարել: Շրջանառության մեջ են դրվել հատուկ կեղծ օրակարգեր, ինչպես հայագիտական առարկաների նկատմամբ վերաբերմունքը: Փորձվել է արհեստական հակադրություն ստեղծվել հումանիտար եւ բնագիտական թեւերի միջեւ, ասելով, որ իբր հայագիտական առարկաների պարտադիրությունը հակասում է ակադեմիական ազատությանը, եւ օրենքը նախապատվությունը տվել է ակադեմիական ազատության սկզբունքներին:
Ուզում եմ ընդգծել, որ այս օրենքով որեւէ կերպ ազատությունը չի երաշխավորվում, հետեւաբար հայագիտական առարկաները ոչ պարտադիր համարելը, կամ պարտադիր համարելու պարագայում այն ակադեմիական ազատությանը հակադրելը կեղծ օրակարգ է ու մանիպուլյացիա»:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչը ԱԺ-ի իր իրավաբան գործընկերներին կոչ արեց չդավաճանել իրենց մասնագիտությանը. «Մասնագիտությանը դավաճանելը եւս դավաճանության ծանր բեռ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ