Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկ Եսայան. Տվյալների արտահոսքը զրպարտանք է, որով փորձում են ինչ-որ ձեւով խանգարել եւ վախենում են շուկա մեր մուտքից

Դեկտեմբեր 03,2020 17:08

«Ո՛չ ԱԱԾ-ն ո՛չ էլ ուրիշ մարմին խուզարկություն չի իրականացրել «Վեոն Արմենիայում» ո՛չ էլ՝ «Տելեկոմ Արմենիայում»: Խոսքը 2020 թվականի մասին է»,-այսօր Beeline-ի գլխամասային գրասենյակում կազմակերպված ասուլիսում ասաց «ԹԻՄ» ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 29-ին Եսայան եղբայրներին պատկանող նորաստեղծ «ԹԻՄ» ընկերությունը ձեռք բերեց «Վեոն Արմենիայի»՝ «ԱրմենՏելի» 100 տոկոս բաժնետոմսերը:

Պարոն Եսայանը չհաստատեց նաեւ մամուլում շրջանառվող այն տեղեկությունը, թե Վեոն Արմենիայից տվյալների արտահոսք է եղել. «Ոչ մի նման բան չկա: Հայաստանի սահմանված օրենսդրությամբ՝ չես կարող զանգերը ձայնագրել, ոչ մի զանգ չի ձայնագրվում, այսինքն՝ չէր կարող դա փոխանցվել: Դա զրպարտանք է, որով փորձում են ինչ-որ ձեւով խանգարել եւ վախենում են շուկա մեր մուտքից: Չեմ կարող ասել՝ ով է դրա հետեւում կանգնած, չեմ ուզում մեղադրել, բայց ուզում եմ վստահեցնել, որ նման բան գոյություն չունի, եթե նման բան լինի, մենք հստակ ձեզ կտեղեկացնենք»:

Ասուլիսին ներկա «ԹԻՄ»-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն ասաց, որ ընկերության հետ առնչվող մամուլի այլ հրապարակումները, վերաբերում են այլ ժամանակաշրջանի՝ մինչեւ իրենց ընկերության հետ գործարքը:

Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին նաեւ այն մասին, որ «Վեոն» խմբի, որի դուստրն է նաեւ «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ն, համագործադիր տնօրեն է նշանակվել ազգությամբ թուրք: «Խոսքը «Վիմպել-կոմունիկացիի» ընկերության տնօրենի մասին է, որը եղել է մինչ մեր ընկերության հետ գործարքը: Այո, մինչեւ մեր գործարքը «Վեոն Վիմպելկոմը» եղել է բաժնետեր «Վեոն Արմենիայի» եւ այդ ամբողջն ինչ ներկայացվում է, եղել է մինչեւ գործարքը: Գործարքից հետո, որեւէ առնչություն «Թիմ» ընկերությանը, բացի Եսայան Հայկից, եւ բացի Ալեքսանդր Եսայանից, «Վեոն Արմենիայի» հետ որեւէ մեկը կապ չունի»:

Հարցին՝ հնարավո՞ր է տվյալների արտահոսքը եղած լինի մինչեւ գործարքը, Ալեքսանդր Եսայանը պատասխանեց. «Հնարավոր է ցանկացած ընկերության մեջ էլ ինչ-որ բան փոխանցվի: Իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Արդյոք եղել է, թե ոչ՝ ոչ, չի եղել: Հնարավոր է՝ մի բան է, եղել է՝ մի այլ բան»:

Հայկ Եսայանն էլ արձագանքեց՝ ցանկացած ընկերությունից արտահոսք հնարավոր է. «Ես կարող եմ մի բան նշել, որ տեխնիկական անվտանգությունը մեր առաջնային խնդիրն է եղել, եւ տեխնիկական անվտանգությունում մի դրական շարժ ունենք: Մեզ միացել է «Վեոն Արմենիայի» բավականին մեծ տեխնիկական անձնակազմ եւ պատերազմական իրավիճակում մենք դրա առաջնությունը կրկնակի, եռակի ենք տեսնում: Այդ մարդկային ռեսուրսը վստահեցնում եմ ձեզ, որ ապահովում է այս ընկերության ամբողջ տեխնիկական անվտանգությունը, որպեսզի ոչ մի նման ինֆորմացիոն արտահոսք չլինի, թեկուզ արտաքին ուժերը, որոնք կփորձեն կոտրել համակարգերը եւ այլն, առավելագույնը պաշտպանված է»:

Հայկ Եսայանը մանրամասներ հայտնեց նաեւ գործարքից՝ նշելով, որ ֆինանսավորումն ամբողջությամբ ֆինանսավորել է «Ամերիա բանկը» մասնակի էլ վերաֆինանսավորում են իրականացրել «Արդշինբանկի» միջոցներով:

«Քննարկում ենք իրականացնում նաեւ այլ ֆինանսական հաստատություններից ֆինանսական միջոցների ներգրավման: Դրանք մեզ անհրաժեշտ են նոր ներդրումներ իրականացնելու համար»,-ասաց պարոն Եսայանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031