Լրահոս
Օրվա լրահոսը

«Բուհերը անմիջաբար կախման մեջ են լինելու քաղաքական իշխանություններից». ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ

Դեկտեմբեր 03,2020 16:50

«ՀՀ կառավարության նիստի օրակարգում ոչ զեկուցվող հարցի կարգավիճակով ընդգրկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերին  հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը, որն ավելի քանի մեկ տարի հանրային լսումների փուլով է անցնում, ու արդյունքում, մի շարք կարեւոր խնդիրներ բաց մնալու պատճառով, մասնագիտական հանրության, մասնավորապես ԵՊՀ-ի եւ ԳԱԱ-ի կողմից բացասական եզրակացության է արժանացել մի քանի կարեւոր խնդիրների պատճառով»,- այսօր ասուլիսում ասաց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը:

Նրա խոսքով, այս օրենքով շեշտակի նվազում է բուհական ինքնավարությունը, հետեւապես՝ ակադեմիական ազատությունները սահմանափակվում են, 70-ամյա գիտությունների ակադեմիայի ոչ հստակ լինելու, հայագիտական դասընթացների որպես պարտադիր բաղադրիչ դուրս գալու եւ այլ խնդիրներն են ծագում:

Մենուա Սողոմոնյանը շեշտեց, որ ԵՊՀ գիտական խորհուրդը փետրվարի 21-ի նիստում քննարկելով օրենքը՝ մի շարք կարեւոր փոփոխությունների առաջարկություններ էր ներկայացրել, որոնցից մեկն այն էր, որ օրենքով սահմանվի ԵՊՀ-ն լինի կրթագիտական ինքնավար հաստատություն, որի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանի կառավարությունը, բուհերի կառավարման խորհրդում լինի այնպիսի համամասնություն, որ ապահովի ողջամիտ ինքնավարություն, հստակեցվեն բուհերի կառավարման առանձնահատկությունները, որպեսզի բոլոր բուհերի համար հավասար գործելու հնարավորություններ լինեն, նաեւ այս օրենքի նախագիծը հիմնված լինի բարձրագույն կրթության եւ գիտության հայեցակարգային կետերի վրա:

Նրա խոսքով, ԵՊՀ-ի եւ ԳԱԱ-ի կողմից ներկայացված առաջարկությունների փաթեթները զրո ուշադրության են արժանացել, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, երկար ժամանակ ձգձգվել են՝ առաջացնելով հանրային արդարացի ընդվզում, եւ այսօր հապճեպ կարգով, չզեկուցվող կարգավիճակով ներկայացվում է ԱԺ հաստատմանը:

«Իրավիճակը ավելի վատանում է այդ նախագծի մեջ կատարված մի փոփոխության արդյունքում, ըստ որի՝ լիազոր մարմինը՝ տվյալ դեպքում ԿԳՄՍ նախարարը իրավունք է ստանում ուղղակի նշանակել բուհի ռեկտորին՝ մինչեւ կառավարման խորհրդի ձեւավորումը մինչեւ հինգ տարի ժամկետով: Սրանով հնարավորություն է տրվում տեւական ժամանակ չունենալ հոգաբարձուների խորհուրդ, կառավարման խորհուրդ եւ միանգամից նշանակել բուհի ռեկտոր»,- ասաց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամը:

Իսկ կատարվածի վերաբերյալ գնահատականը հետեւյալն է. «Սա նշանակում է բուհական համակարգի համակենտրոնացում, այս նախագծով եւ ներդրված վերջին փոփոխությամբ բուհի կառավարման եւ կոլեգիալ մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը, եւ միանձնյա կառավարման մարմինը՝ ռեկտորը միանգամից նշանակվում են մեկ մարդու կողմից: Սա բուհական ինքնավարության կոպտագույն սահմանափակում է, կոպտագույն խախտում է, որը բուհական համակարգում առաջացնելու տուրբուլենտություն՝ բուհերը անմիջաբար կախման մեջ դնելով քաղաքական իշխանություններից, եւ քաղաքական իշխանությունների փոփոխության պարագայում անընդհատ բուհերի կառավարման ոլորտներում կառաջանան փոփոխություններ՝ ուսանողական, ակադեմիական համայնքին զրկելով իր իսկ կառավարմանը մասնակցելու հնարավորությունից:

Երկրորդ գնահատականը թողնում եմ ձեզ՝ այս հումանիտար աղետի, սոցիալ-տնտեսական, մշակութային ճգնաժամի պարագայում ի՞նչ առաջնահերթություններ են մեր գործադիրի համար երեւան գալիս»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031