«Եթե ուշադրություն դարձնեք ՄԻԵԴ որոշման հիմնավորմանը, ապա ՄԻԵԴ-ը հղում է անում այն փաստի վրա, որ Թուրքիան ներկայացրել է ռազմական գործողությունների դադարի հիմնավորումը: Սա շատ ուշագրավ հանգամանք է: Թուրքիան ընդունում է, որ աջակցել է Ադրբեջանին: Ոչ թե ասում է, թե չի աջակցել, այլ հղում է անում ռազմական գործողությունների դադարի վրա»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով այն փաստին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեկտեմբերի 1-ին որոշում է կայացրել վերացնել «Հայաստանն ընդդեմ Թուրքիայի» գործով վերջինիս դեմ սահմանված միջանկյալ միջոցը՝ կապված Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Թուրքիայի գործողությունների հետ:
«Իմ համոզմամբ՝ այստեղ շատ լուրջ աշխատանք կա անելու՝ որպես գանգատի հետագա հիմնավորում: Անգամ զարմացել եմ, որ Թուրքիան ոչ թե հերքել է իր մասնակցությունը, այլ նման կերպ է հիմնավորել: Բայց անգամ ռազմական գործողությունների դադարի պայմաններում ՄԻԵԴ-ը չի վերացրել Ադրբեջանի հանդեպ միջանկյալ միջոցը: Այսինքն, պատերազմի ազդեցության գործոնն, այնուամենայնիվ, շարունակվում է: ՄԻԵԴ-ն էլ պետք է պարզաբանի այս հանգամանքը: Սա շատ լայն դաշտ է ստեղծում մեր կողմից գանգատների ներկայացման եւ Թուրքիային պատասխանատվության կանչելն իրավական դաշտում քննարկման առարկա դարձնելու համար, որովհետեւ Թուրքիան արդեն պետք է շատ չարչարվի իր հիմնավորման հետ կապված եւ լուրջ խնդիրներ ունենա»,-նշեց Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպանը նաեւ վստահություն հայտնեց, որ ՄԻԵԴ-ում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տեսանելի մրցակցություն կա, ուստի հայկական կողմի՝ որոշում կայացնող պետությունների հետ քաղաքական-դիվանագիտական աշխատանքը շատ կարեւոր է:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ