«Ադրբեջանի զինված ուժերի մի քանի ներկայացուցիչ երեկ ՝ դեկտեմբերի 2-ին, կեսօրին, սպիտակ դրոշով մոտեցան Տեղ համայնքի սահմանապահ դիրքում կանգնած տղաներին՝ հայտարարելով, որ դրանք իբր իրենց դիրքերն են ու պետք է հայկական զորքը հետ գնա»,– Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Տեղի համայնքապետարանի մամուլի պատասխանատու Արեւ Աբելյանը։
Բնականաբար, հայկական կողմը սադրանքի չի ենթարկվել։ «Մեր տղաներն էլ ադրբեջանցիներին ասացին, որ իրենք ճիշտ տեղում են ու դեպքի մասին ահազանգեցին համայնքի ղեկավար Ներսես Շադունցին»,–ասաց Աբելյանը։
Վերջինիս խոսքով, Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը ադրբեջաներենով բանակցել է հակառակորդների հետ, որոնք հեռացան՝ հայտարարելով, որ «թեման դեռ չի փակվել»։
Տեղ խոշորացված համայնքի կազմի մեջ 7 գյուղ է մտնում՝ Տեղ, Քարաշեն, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր Արավուս, Վաղատուր, Քարաշեն։ Տեղը 60 կմ սահմանագիծ ունի Ադրբեջանի հետ:
Կարդացեք նաև
Չնայած ադրբեջանցիները, խմբեր կազմած, սպիտակ դրոշներով փորձում են մոտենալ տարբերի դիրքերի, հայկական կողմը չի ենթարկվում նրանց հորդորներին։ «Տեղ համայնքի ինքնապաշտպանական ջոկատներն են սահմանագծում, նաեւ Պաշտպանության բանակի զինվորականները»,–ասաց Աբելյանը՝ ավելացնելով, որ հենց այս պահին՝ մեր խոսելու ընթացքում եւս մոտեցել են գյուղերից մեկի դիրքերին։
Վերջինս հավաստմամբ, գյուղերում խուճապ չկա, գյուղացիները զբաղված են առօրյա հոգսերով։
«Այս պահին իրավիճակը վերահսկվում է, մարդիկ իրենց տներում են, ոչ մեկը չի լքել այդ համայնքները, թերեւս այս պահի դրությամբ ոչ մեկն էլ չի պատրաստվում հեռանալ բնակավայրից»,–մեր հեռախոսազրույցում ասաց Արեւ Աբելյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Արեւ Աբելյանը