Լրահոս
Օրվա լրահոսը

Ասում էր մա՛մ, ինչո՞ւ ես այդպես խառնվել իրար, ամեն ինչ նորմալ է, ուղղակի մի քանի հատ գմփգմփացնում են. ոսկեվազցի Գոգայի քույր

Դեկտեմբեր 03,2020 15:49

Գոգային՝ ոսկեվազցի Գևորգ Մանասարյանին, ծնողներն այցելության էին գնացել սեպտեմբերի 26-ին: Մեկ օր հետո սկսվեց պատերազմը, և այդ հանդիպումը, ցավոք, դարձավ վերջինը:

Գևորգ Մանասարյանը ծնվել է ՀՀ Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքում: Նրա դեռ 19 տարեկանը չէր լրացրել: Գևորգին այսպես են բնութագրում ուսուցիչները, հարազատները, նրան ճանաչող մարդիկ. «Ազնվական պահվածք՝ ազնվական ու գեղեցիկ, ամոթխած ժպիտ, համեստ՝ համեստության մեջ ամփոփված մեծ արժանիքներով: Պայծառ հոգի, սիրված ընկեր, նվիրված որդի, ջերմագին եղբայր, քաջարի զինվոր, հայրենասեր զավակ… Քեզ բնութագրող բառերի շարքն անսպառ է, քեզանով լի հիշողությունների շղթան՝ անպարագիծ, քո մասին բոլորս ներկայով ենք խոսելու. անժամանակ ես մեկնում ու բոլորիս սրտում դնում քո անհրաժեշտ ներկայության կնիքը, ուր ոսկետառ գրվում է քո անմահության վկայագիրը: Փա՛ռք քեզ, մեր հերոս զավակ, մեր անկրկնելի ու թանկ Գոգա»:

Aravot. am-ի հետ զրույցում Գևորգի մորաքրոջ դուստրը՝ Հռիփսիմե Մնացականյանը, արցունքն աչքերին էր պատմում եղբոր մասին: Նրա բնորոշմամբ՝ Գևորգը բարի, անմեղ երիտասարդ էր՝ մանկական հոգով ու անմեղությամբ: Երազում էր ծառայությունն ավարտելուց հետո շարունակել ուսումը, սակայն…

Գևորգ Մանասարյանը մահացու վիրավորում է ստացել Ջեբրայիլում: Քույրը պատմեց. «Գևորգը ծառայության մեջ էր, ժամկետային զինծառայող էր: Ութ ամիս էր, որ զորակոչվել էր: Պատերազմի հենց սկզբից եղել է Ջեբրայիլում: Նա շատ գոհ էր ծառայությունից, երբեք չի բողոքել: Անգամ պատերազմի ընթացքում մեզ ասում էին՝ բոլորը լաց են լինում, ո՞նց է ձեր տղան այդպես գոհ խոսում: Մեզ ասում էին՝ դուք գժվե՞լ եք: Բայց Գևորգը անգամ մեկ օր չի բողոքել: Նա ասում էր՝ մի քանի հատ ուղղակի գմփգմփացնում են, ամեն ինչ նորմալ է: Ասում էր մա՛մ, ինչո՞ւ ես այդպես խառնվել իրար, ամեն ինչ նորմալ է: Մենք հեռու ենք: Չգիտեմ՝ ճիշտ է ասել, թե սուտ, բայց այդպես էր ներկայացնում: Նա հաճախ էր զանգում՝ օրական երեք անգամ»:

Սակայն հոկտեմբերի 12-ին՝ իր զոհվելու օրը, Գևորգը միայն լուսադեմին է զանգել, վերջին անգամ խոսել է հոր հետ: Գևորգի հեռախոսից հոկտեմբերի 14-ին արդեն զանգել են Գորիսից՝ հաղորդելու Գևորգի մահվան մասին:

Գևորգը տան միակ որդին էր. փոքր քույր ունի: Հռիփսիմեն ասաց՝ Գևորգի հետ միասին են մեծացել, հուզմունքից խեղդվելով նշեց՝ Գևորգն իմ մանկությունն ու հիշողությունն է:

Գևորգը, երբ սկսել է չզանգել, հարազատներին թվացել է, թե հեռախոսներն են հավաքել՝ ԱԹՍ-ներից զգուշանալով, բայց…

Գևորգի ծառայակից ընկերը, երբ այցելել էր նրա ընտանիքին, պատմել է, որ նրա զոհվելու օրն անգամ չեն հասցրել հաց ուտել. հաց են ստացել, պիտի ուտեին, բայց չեն էլ հասցրել:

Հռիփսիմեն ցավը սրտում ասում է՝ մեզ հերոս պետք չէ, մեզ մեր Գևորգն է պետք ու շարունակում. «Ես չէի ուզի, որ ինքը հերոս լիներ: Ես կուզենայի, որ իմ Գևորգը հետ գար…ես ինձ հերոսի քույր չեմ համարում, դա հերոսություն չի եղել. անմեղ էրեխեքն առանց իմանալու, միայն կինոների մեջ էին նման բան տեսել, ընկել էին դրա մեջ: Այդտեղ մարդկային գործոն է՝ ոչ բախտ, ոչ ճակատագիր: Հիմա միայն ցավ եմ զգում՝ անասելի և չմտածված ցավ, երբեք կյանքում նման բան չեմ զգացել: Իր պատմածներից շատ հանգիստ ենք եղել, չէինք էլ մտածում, որ իր հետ նման բան կարող էր պատահել»:

Սեպտեմբերի 26-ին, երբ Գևորգի ծնողները մեկնել են Ջեբրայիլ իրենց զավակին տեսակցության, մտադրություն են ունեցել այնտեղ մնալ նաև սեպտեմբերի 27-ին: Սակայն, երբ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսել է պատերազմը, հրամանատարական կազմը պահանջել է ծնողներին արագ լքել տարածքը: Ավաղ, հենց դա էլ եղավ Գոգայի և ծնողների վերջին հանդիպումը…

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գևորգ Մանասարյանի քույրը՝ Հռիփսիմե Մնացականյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031