Լրահոս
Օրվա լրահոսը

«Հադրութի եւ այլ տարածքների դեօկուպացիայի հարցը, կարծում եմ, 4-5 տարում կբարձրաձայնվի». Արա Ղազարյան

Դեկտեմբեր 03,2020 15:05

«Կարեւոր է մարդու իրավունքների հարցերով միջազգային կազմակերպություններում, մշտադիտարկման հանձնաժողովներում ստեղծել համաեվրոպական կարծիք այն մասին, որ Ադրբեջանը վարել է անարդարացի, անօրինական պատերազմ: Այս փաստարկն ապագայում մեզ շատ է պետք գալու, որպեսզի առաջ տանենք մեր դիրքերը տարբեր դատարաններում՝ ընդհուպ մինչեւ Հադրութի եւ Արցախի տարածքի դեօկուպացիայի հարցը, որը, կարծում եմ, մոտ ապագայում կբարձրաձայնվի»,-«Հոդված 3» մամուլի ակումբի առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը` անդրադառնալով ՄԻԵԴ-ում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների փաստով հայկական կողմի հասցեագրած գանգատների համատեքստում առաջիկա հնարավոր զարգացումներին:

Արա Ղազարյանը շեշտեց. «Խոսքը չի վերաբերվում յոթ տարածքներին, այլ այն տարածքներին, որոնք Արցախը 91թ.-ին հանրային իրավունքի ուժով՝ անկախության հանրաքվեով հայտարարել է անկախ: Այդ հանրաքվեի օրինականությունը դեռ որեւէ երկիր կասկածի տակ չի դրել այս ընթացքում: Կառավարությունն ինչ-որ նախաձեռնել է՝ լավ է, բայց կարծում եմ՝ մասնավոր խմբերը, իրավապաշտպաններն ու փաստաբանները եթե հաջողությամբ կարողանան ստեղծել փաստերի եւ ապացույցների առարկություն, այդ թվում՝ ՄԻՊ-ի հսկայական աշխատանքը, միջազգային ատյաններում կկարողանանք հաջողությամբ հարուցել վարույթներ եւ ներկայացնել պատերազմի անարդարացի բնույթը: Դա կօգնի, որպեսզի ՀՀ-ի քրեական հետապնդման մարմիններն անհատական քրեական հետապնդումներ սկսեն ՀՀ սահմաններից դուրս: Օգտագործելով միջազգային մեխանիզմները՝ այնպես կարող են անել, որ հայաստանյան քրեաադատավարական կարգի արդյունքներով դրսում կոնկրետ անձանց նկատմամբ հետապնդումներ իրականացվեն: Օրինակ՝ այն անձը, որը տեսանյութերում հաճախ է երեւում, կատարում է հանցագործություն, ռազմագերիների հանդեպ նվաստացուցիչ վերաբերմունք: Առնվազն այդ անձանց հանդեպ կարելի է սկսել քրեական հետապնդում, որովհետեւ Ադրբեջանը դա անում է՝ չունենալով հիմք, իսկ մենք ունենք հիմք եւ պարտավոր ենք դա իրականացնել»:

Արա Ղազարյանը համոզված է, որ առաջիկայում իրավական դաշտում մեծ զարգացումներ են սպասվում, եւ դա վերաբերում է նաեւ Արցախի տարածքների դեօկուպացիային՝ այն տարածքների, որոնք Ադրբեջանը զավթել է այս պատերազմում. «Չեմ կարծում, որ Հադրութի եւ մյուս տարածքների հանդեպ Ադրբեջանն ունի իրավական հիմքեր: Առնվազն առաջիկա չորս-հինգ տարում մեզ հետաքրքիր զարգացումներ են սպասվում, եթե հետեւողական աշխատանք արվի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031