Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դադարեք սպասարկել պարտություն կերտած Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանախմբի շահը». «Ազգային օրակարգ» կուսակցության պահանջը՝ ՀՀ դատախազությունից

Դեկտեմբեր 03,2020 14:51

«Նիկոլ ազգադավ», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով այսօր ՀՀ դատախազության շենքի դիմաց ընթացավ «Ազգային օրակարգ» կուսակցության բողոքի ցույցը: Ընդդիմադիր կուսակցության անդամները պահանջներ ներկայացրին ՀՀ դատախազությանը՝ քրեական գործեր հարուցել կապիտուլյացիայի ակտ ստորագրած եւ հայրենիքի տարածքները հանձնած, մեր զինվորներին եւ կամավորականներին թիկունքից հարվածած իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, քրեական հետապնդում սկսել Նիկոլ Փաշինյանի, մյուս պատասխանատուների եւ նրանց հանցակիցների նկատմամբ, դադարել սպասարկել «հայրենադավ իշխանությանը» եւ կողմ դառնալ ազգային պայքարին:

«Պատերազմում Հայաստանը պարտվել է, ունենք մարդկային կորուստներ`տարբեր թվեր են ասվում`5-7,5-8 հազար, ունենք գերեվարվածներ, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը եւ այս ամեն ինչը իրականացրել է Հայաստանում գործող վարչապետի եւ նրա իշխանախմբի պատճառով ու մասնակցությամբ, պատերազմի կառավարման տապալմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

Նրա կարծիքով մի շարք հարցերի մասով ՀՀ դատախազությունը պետք է քրեական գործեր հարուցեր. «Ինչպե՞ս եղավ, որ այս պատերազմում մենք պարտվեցինք, ինչպե՞ս եղավ, որ այն զենքերը, որոնք ունեինք եւ որ պիտի կրակեին`չկրակեցին, ինչպե՞ս եղավ, որ այն գեներալները, որոնք պիտի մասնակցեին պատերազմի կառավարմանը`տարբեր բունկերներից դուրս մղվեցին, ինչպե՞ս եղավ, որ այդ բունկերներում հայտնվեցին մարդիկ, ովքեր այնտեղ պետք է չլինեին: Մինչդեռ, դրա փոխարեն, ՀՀ դատախազությունը շարունակում է սպասարկել տապալված վարչախմբի եւ տապալված վարչապետի շահերը: Վարչապետի, որը կերտեց այս պարտությունը»:

Արա Հակոբյանը հավելեց նաեւ, որ դատախազությունից պահանջում են, որ դադարեցնեն այս ամենի դեմ պայքարող ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական ենթատեքստ ունեցող քրեական հետապնդումները:

Այս պահանջների առնչությամբ գրավոր դիմում դատախազությանը կներկայացվի 17 ընդդիմադիր կուսակցությունների միասնական գործողությունների ծրագրի շրջանակներում:

Լրագրողների հարցերին ի պատասխան, Արա Հակոբյանն ասաց, որ դատախազությունից առանձնապես ակնկալիքներ չունեն, բայց հույս ունեն, որ դատախազության աշխատակիցների այն մասը, որ իրապես պետության ծառայող են իրենց համարում`կվերանայեն գործելաոճը եւ կշարունակեն ծառայել պետությանը, ոչ թե իշխանախմբին:

Բանախոսի կարծիքով, Հայաստանում պարտադիր պետք է իշխանափոխություն լինի. «Բոլոր պատասխանատուները`պետական մարմիններում, որոնք այս կորուստի համար իրենց լուման են ներդրել`պատասխան են տալու օրենքի առջեւ»:

Արա Հակոբյանի գնահատմամբ, Հայաստանում փաստացի անիշխանություն է եւ Հայաստան պետությունն ու մեր պետականությունն է վտանգված. «Հայաստանի մասին որոշումներ են ընդունում, այդ թվում նաեւ մեր թշնամի պետությունները եւ որոշումների կայացմանը Հայաստանը չի մասնակցում: Հայաստանում անիշխանություն է, ապապետականություն է եւ մենք դուրս ենք եկել պայքարի, որպեսզի վերականգնենք Հայաստանում իշխանությունն`առանց Նիկոլ Փաշինյանի, իր իշխանախմբի»:

Անդրադառնալով պետական կառավարման համակարգում իրականացվող կադրային փոփոխություններին էլ, նա ասաց, որ այդպիսով իմիտացիա է ստեղծում Նիկոլ Փաշինյանը, թե իբր շարունակում է իշխել: Բայց ինքը վստահ է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է. «Նիկոլ Փաշինյանը պարտված վարչապետ է, որ կապիտուլյացիա է ստորագրել, նա չի կարող ներկայացնել ոչ ՀՀ-ն, ոչ ՀՀ ժողովրդին եւ նա պետք է հեռանա: Մենք նրան կհեռացնենք`հանրային ճնշման միջոցով`օգտագործելով նաեւ ԱԺ-ն, որպես պետական մարմին»:

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ընդունումից հետո, ըստ Արա Հակոբյանի, պետք է ձեւավորվի անցումային ճգնաժամային կառավարություն, որը կմեղմի ճգնաժամը, առկա ռազմական պարտության պայմաններում հնարավորություններ կստեղծի ինչ-որ բաներ ետ վերադարձնելու, որից հետո կլինեն արտահերթ ընտրություններ:

Արա Հակոբյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը հավանաբար անվտանգության երաշխիքներ է ուզում` հեռանալու համար եւ նա կմնա այնքան, որքան իրենք մենք բոլորով թույլ կտանք. «Իսկ մենք այնպես պետք է անենք, որ նա այլեւս չկարողանա մնալ»:

Արա Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ 17 ընդդիմադիր կուսակցությունների խորհուրդը քաղաքական շարժում դարձնելու միտում կա, որում կներառվեն նաեւ հասարակական կառույցներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031