Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստվերի մեջ լույս կա, կյանքում էլ է այդպես». Լուսինե Ազատյան

Դեկտեմբեր 03,2020 14:38

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել է նկարչուհի, մանրանկարչության մասնագետ Լուսինե Ազատյանի հետ:

Նա ոգեշնչված է հատկապես հայկական միջնադարյան ձեռագրերի զարդարուն տառաձեւերով: Լուսինեն ասում է, որ վաղուց է մասնագիտացած մանրանկարչության ոլորտում, նաեւ դասավանդում է, երեխաներին սովորեցնում է նկարել: Ասում է՝ թեմաները ոգեւորությունից են գալիս, շատ դեպքերում նաեւ տրամադրությունից, իսկ, ընդհանուր առմամբ, իրեն հոգեհարազատ է հայկական մանրանկարչությունը: «Նույն թեմային տարբեր նկարիչներ են անդրադարձել: Պատմական Հայաստանի ամեն նահանգ ունեցել է աշխատանքի ուրույն ոճը, թե գունային առումով, թե կառուցման, թե պատկերի առատության դասավորվածության: Ես ինքս եւ ուսումնասիրում եմ, եւ փորձում եմ իմը անել՝ փորձելով հասկանալ, թե ինչ են ցանկացել անել միջնադարյան նկարիչները»,-ասում է մեր զրուցակիցը, որը տարբեր թեմաներով ՝ այդ թվում՝ հոգեւոր, աշխատանքներ ունի:

Լուսինե Ազատյանն ասում է, որ հայտնի գործերի կրկնօրինակներն անելիս ավելի շատ ջանք է թափում, որպեսզի 99,9 % ճշգրտությունը պահվի՝ թե գունային առումով, թե կառուցման եւ համաչափության. «Դա ֆիզիկական էներգիա է խլում, փոխարենը հոգեւոր էներգիա է տալիս, նաեւ գիտելիք ես ձեռք բերում քո մասնագիտության մեջ»:

Լուսինեն ասում է, որ առայժմ Արցախի գանձերի թեմայով աշխատանքներ չունի, բայց հնարավոր է, որ առաջիկայում ծնվեն նաեւ նման գործեր: «Ուսումնասիրում եմ ճարտարապետական զարդանկարչությունը եւ դա ուզում եմ օգտագործել մանրանկարչական խորանի պատկերի մեջ»,-ասում է մեր զրուցակիցը:

Հարցրինք՝ երբ բարդ հոգեվիճակում է լինում արդյոք դիմո՞ւմ է ստեղծագործելուն, որպեսզի խաղաղվի, մանրանկարչության մասնագետը պատասխանեց, որ նման դեպքերում գերադասում է չստեղծագործել. «Բարդ հոգեվիճակում հաստատ չեմ կարող դրական հույզեր փոխանցել իմ աշխատանքներին, ստեղծագործելիս որքան էլ կրկնօրինակ վերարտադրես, միեւնույն է,նախ քեզ ես պատկերում, դրա համար միշտ խուսափել եմ, փորձել եմ մեկ ուրիշ բանով զբաղվել, կարդալ, երաժշտություն լսել, եթե հոգեվիճակս այն չէ»: Լուսինեն ասում է, որ ստեղծագործելիս սիրում է Կոմիտաս լսել կամ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների գործեր:

Մանրանկարչուհին իրեն լավատես մարդ է համարում: Ասում է. «Որքան էլ որ գորշ է լինում, ես պահպանում եմ լավատեսությունս: Երեխաներին ստվեր նկարելիս էլ սովորեցնում եմ, ասում եմ՝ տեսեք ստվերի մեջ լույսերը շատ են, կյանքում էլ է այդպես, պետք է նկատել դա, հենվել այդ լույսի վրա: Ընդհանրապես սեւ ստվեր գոյություն չունի»:

Իր սաների մասին խոսելիս՝ Լուսինեն ասում է. «Ստեղծագործելիս գույնը երեխայի միջից դուրս է գալիս, ամենաակտիվ երեխաների միջից դուրս են գալիս ամենաանհավանական գույները, որ խառնելով կարողանում են իրենք ստանալ… Հաճախ հարցնում են ինձ, թե մի գույնի մեջ ինչու է մյուս գույնը մտնում…Գույների մեջ միշտ արտացոլանք կա, օրինակ, երկու հոգի, որ միասին նստում են, իրար հետ զրուցելու շատ բան են ունենում, այդպես էլ գույներն են՝ ունեն իրենց արտացոլանքը: Երեխաները հենց գույների արտացոլանքի մասին են հարցեր տալիս»:

Հաջողության մասին խոսելիս Լուսինե Ազատյանն ասում է, որ հաջողությունը աշխատանքի եւ մարդկային ճիշտ փոխհարաբերությունների արդյունք է, իրեն էլ հաջողակ մարդ է համարում. «Ես ինձ հաջողակ եմ համարում նախ իմ ընտանիքի եւ երեխաների ձեռքբերումներով, հաջողակ եմ համարում, որ կարողացել եմ լավ քաղաքացիներ դաստիարակել, հասարակության համար պիտանի մարդիկ, նաեւ հաջողակ եմ համարում այն, որ իմ դասը սպասում է ինձ»:

Պատերազմից հետո ընկճվածության ու դեպրեսիան հաղթահարելու մասին էլ խոսք եղավ: Նա իր օրինակով փորձեց լավատեսություն ներշնչել բոլորին. «Ինձ հետ վատ դեպք էր պատահել: Երբ այդ մասին հոգեւորականներից մեկի հետ էի զրուցում, ես լաց էի լինում, նա ասաց, որ հույզերը երկինք չեն հասնում, պետք է վերագտնես քեզ, շարունակես ստեղծագործել, ապրել: Ու այդ խորհուրդը դարձավ իմ կարգախոսը՝ ամենաբարդ իրավիճակներում:

Իհարկե, մենք անդառնալի կորուստներ ենք ունեցել, ցավոտ իրողություններ կան, բայց միեւնույն է՝ այսօր արթնացար, կյանքը շարունակվում է…Պետք է նայել երեխաների աչքերի մեջ ու հասկանալ, որ նրանք սպասում են հեքիաթի, հրաշքի, պետք է նրանց համար ավելին անել, քան նախկինում ու չպղտորել ոչ մի երեխայի ուրախությունը»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Լուսինե Ազատյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031