ՀՀ կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում չզեկուցվող հարցերի մեջ ընդգրկված է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ու հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։ Դա օրակարգում 61-րդ հարցն է:
Ըստ այս նախագծի՝ ՀՀ բուհերի ռեկտորները և գիտական հաստատությունների տնօրենները ոչ թե ընտրվելու են, այլ նշանակվելու են անմիջապես ԿԳՄՍ նախարարության կողմից՝ մինչև 5 տարի ժամկետով:
Ակադեմիական շրջանակները մտահոգված են այս հարցով:
ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ նախագիծը ոչ միայն անբարոյական է, հակաբուհական, հակագիտական, այլ հակասահմանադրական, քանի որ ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 3-ին, ժամը 15:30-ին կկայանա Երևանի պետական համալսարանի ռեկտորի թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանի և ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանի մամուլի ասուլիսը, որի մեխը նույնպես աղմկահարույց նախագիծն է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ