Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մենք ավերակը կնորոգենք, կապրենք, բայց ես հիմա չեմ գնա Ստեփանակերտ, անվտանգությունս ապահովված չէ». Շուշեցի

Դեկտեմբեր 03,2020 12:55

Շուշիի մի խումբ բնակիչներ այսօր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության ընդունարանում էին՝ բարձրաձայնելու բնակարանով եւ աշխատանքով ապահովման, երեխաների նախակրթարաններ հաճախելու հարցերը: Քննարկումից հետո Արցախի ներկայացուցչությունում վստահեցրին, որ հնարավոր ամեն ինչ անում են: «Սա մշտական բնույթ կրող գործընթաց է, որը կատարվում է մեր քաղաքացիների հետ: Հուզող հարցերով կարող են դիմել ներկայացուցչություն, որեւէ արտառոց բան չկա»,-լրագրողներին հայտնեց ՀՀ-ում Արցախի ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը: Չնայած բնակիչները մեծամասամբ տան խնդիրն էին մատնանշում, Ղազարյանը նշեց՝ ոչ միայն դա է առաջնային. «Որոշում կայացնողը մենք չենք, այլ համապատասխան մարմինները ՀՀ-ում եւ Արցախում: Մենք պետք է տեղեկացված լինենք քաղաքացիների խնդիրներին, որպեսզի օպերատիվ կերպով ներկայացնենք համապատասխան մարմիններին՝ առաջնահերթ Արցախի կառավարությանը, իսկ ըստ կարիքի՝ ՀՀ կառավարությանը: Գործընթացը բավականին բարդ է, բայց այս պահին հստակ թիվ չեմ կարող ասել, թե որքան արցախցի կարիք ունի բնակարանի: Օրերի ընթացքում հարցին լուծում տալ հնարավոր չէ, բայց աշխատանքներն ընթանում են, դա միանշանակ է»:

Շուշիի բնակիչ Նաիրի Գրիգորյանն էլ լրագրողներին ասաց. «Ես շփվում եմ բոլոր շուշեցիների հետ եւ գիտեմ, թե ինչ վիճակում են ապրում: Կորոնավիրուսը հաշվի առնելով՝ եկել էինք մի քանի հոգով: Չենք եկել բողոքելու, այլ ներկայացնելու, որ առաջինը մեր կացարաններով մտահոգվեն: Մարդիկ կան, որոնք հյուրանոցներում էին ապրում, եւ հիմա պետք է ազատեն հյուրանոցները»:

Տիկնոջ խոսքով՝ առաջինն անվտանգության մասին պետք է մտածել, հետո՝ տան. «Ես, օրինակ, Ստեփանակերտ չեմ գնում, որովհետեւ անվտանգությունս ապահովված չի: Այո, շատ արցախցիներ վերադառնում են Ստեփանակերտ, բայց ես երեխաների հետ եմ աշխատում. չպայթած ռումբեր կան: Բոլորին խորհուրդ եմ տալիս՝ մինչեւ չականազերծեն, մի վերադարձեք: Անգամ դպրոցների մոտ են ռումբեր գտնում: Ես, որպես ծնող, վախենում եմ: Ամսի երկուսին եմ եկել Շուշիից: Մնացել էի մինչեւ այն պահը, երբ թշնամին օգտագործեց անթույլատրելի զենքեր: Տղաներս էլ այնտեղ էին: Ասացին՝ դուրս արի, որովհետեւ այլեւս անվտանգ չի»:

Նաիրի Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հայերին, ովքեր այս ընթացքում օգնել են պատերազմից տուժած Արցախի բնակիչներին. «Բայց այս պահին բոլորիս խնդիրն է կացարանով ապահովվելը»: Տիկինը նաեւ ասաց՝ Արցախի իշխանությունները դեռեւս չեն տեղեկացրել, թե թշնամուն մնացած Շուշի քաղաքի բնակիչներին որտեղ են վերաբնակեցնելու. «Մոտ չորս հազար մարդ կար, մի մասին բնակարանով ապահովել են Ստեփանակերտում: Մեկը բարեկամի տանն է, մյուսը՝ հյուրանոցում: Մնացածներն էլ ՀՀ-ի տարբեր բնակավայրերում են: Մենք չենք ասում, որ Երեւանում ենք ուզում ապրել: Թեկուզ Հայաստանի գյուղերում: Ուզում ենք վերադառնալ Արցախ, շատ ենք ուզում: Առաջին պատերազմի ժամանակ ես 12 տարեկան էի, Ստեփանակերտից Մարտակերտ գնալիս անցնում էի Աղդամի միջով, որտեղ թշնամին էր, եւ մեզ քարկոծում էին…մինչեւ անվտանգությունը չապահովվի…Ստեփանակերտցին հիմա գնացել եւ իր տանն է ապրում, բայց շուշեցին որտե՞ղ ապրի: Հնարավորության դեպքում մենք գնալու ենք մեր հայրենիքը: Ես ուզեցել եմ, որ Շուշիս ծաղկի: Ավերակ էլ լինի՝ շուշեցիները կվերադառնան, կնորոգեն եւ կապրեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031