Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կփոխհատուցի Սյունիքում եւ Գեղարքունիքում հրետակոծությունից վնասված անշարժ գույքի համար

Դեկտեմբեր 03,2020 12:48

Կառավարությունը կփոխհատուցի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում հրետակոծության հետեւանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները։ Այս մասին որոշման նախագծին կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց։

Նախագիծը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ այս միջոցառումը վերաբերում է Սյունիքի եւ մի փոքր հատված Գեղարքունիքի մարզերում անշարժ գույքի վնասների փոխհատուցմանը։ Նախարարի ներկայացմամբ ՝ ընդհանուր առմամբ 75 միավոր անշարժ գույք է հաշվարկվել, իսկ ավերածությունների մասին հաշվարկները ներկայացրել են տարածքային զարգացման նախարարությունն ու քաղաքաշինական կոմիտեին ՝ մարզպետարանների միջոցով․ «Փոխհատուցումները կտրամադրվեն քաղաքացիներին, քանի որ ավերածությունները հիմնականում փոքր չափի են։ Միայն մեկ դեպքով ունենք ամբողջական տան վնասվածք, որի դեպքում հնարավոր չէ այդ տարածքում հետագա բնակությունը։ Այս դեպքում լրացուցիչ քննարկում է իրականացվում կոնկրետ այդ ընտանիքին կացարանով ապահովելու համար»։

Այս աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձեւով, գումարը փոխանցվելու է շահառուի բանկային հաշվեհամարին։ Աջակցությունից օգտվելու համար շահառուն պետք է առցանց դիմում ներկայացնի։

Նախարարի խոսքով՝ նաեւ կան որոշակի վնասվածքներ շարժական գույքի մասով, սրա վերաբերյալ կառավարության լրացուցիչ միջոցառում կներկայացվի՝ կրած վնասները փոխհատուցելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց․«Մենք հիմա համոզվա՞ծ ենք, որ այս որոշմամբ մենք քաղաքացիների վնասը լիարժեք փոխհատուցում ենք»։

Նախարարն իր պատասխան ասաց՝ բացի մեկ դեպքից, որը տան ամբողջական կորուստ է, մնացած բոլոր դեպքերում վնասները փոխհատուցվում են։ Այսինքն, տուժած քաղաքացիներին գումար է տրամադրվելու, նրանք էլ այդ գումարով վնասները կվերականգնեն։

Գումարը քաղաքացիներին կտրամադրվի առավելագույնը քսան օրվա ընթացքում, սակայն վարչապետն ասաց, որ պետք է հնարավորինս արագացնել գործընթացը։

Նախարարը վստահեցրեց՝ քանի որ տուժած քաղաքացիների ցանկն ունեն, նրանց մասին տեղեկություններ ունեն, իրենք էլ կկապվեն այդ քաղաքացիների հետ, չեն սպասի մինչեւ նրանք դիմում գրեն եւ ՏԻՄ-երի միջոցով արագ կկազմակերպեն գործընթացը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031