Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարսել Պետրոսյան. «Ստեղծել փրկության կոմիտե կամ ճգնաժամային կառավարման մարմին, որին կփոխանցվեն կառավարման բոլոր լծակները, եւ այն պետք է փորձի լուծել բոլոր խնդիրները». «Հրապարակ»

Դեկտեմբեր 03,2020 12:23

Հարցազրույց Արցախի հերոս Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանի հետ

– Ձեր կուսակցությունն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախում համաձայնության իշխանություն ձեւավորելու վերաբերյալ։ Վիտալի Բալասանյանը նշանակվեց ԱԱԽ քարտուղար, մինչ այդ հայտարարություն արեց, որից կարելի է ենթադրել, որ Արցախի դե ֆակտո ղեկավարումն ինքն է իրականացնելու։ 

– Մենք մեր դիրքորոշումն արդեն արտահայտել ենք հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո՝ ԱԺ 4 ուժերի համատեղ հայտարարությամբ, որով պահանջում էինք Արայիկ Հարությունյանի հրաժարականը։

– Պահանջն առնվազն մեկ ուժի մասով խախտված է, դուք շարունակելո՞ւ եք պնդել։

– Գիտեք, ամբողջ խնդիրն այն է, որ այս պատերազմի ընթացքում նախ ամորձատվեց, ապա ջլատվեց ողջ Ղարաբաղը, դրա համար պետք է պատասխան տրվի։ Փոխանակ այսօր մենք մտահոգվենք մեր վաղվա օրով, այն փախստականների, ունեզրկվածների, անօթեւանների համար, ովքեր թափառում են Ստեփանակերտի կամ Հայաստանի այլ քաղաքների փողոցներում, այսօր ոմանք ինչ-որ համաձայնության, համերաշխության կառավարություն են ձեւավորում։ Չեմ կարծում, թե Ղարաբաղն այս պահին համաձայնության կամ համերաշխության կարիք ունի։

– Իսկ ինչի՞ կարիք ունի, ասում են՝ միայն այդպես է հնարավոր դուրս գալ այս իրավիճակից։

– Չեմ կարծում, որ դա կլինի համաձայնության կառավարություն, դա ավելի շուտ մանիպուլյացիա է՝ այս իշխանության գոյությունը երկարաձգելու համար։ Ղարաբաղն այսօր մի բուռ է դարձել, եւ այդ շրջանում նախարարներ ունենալը մի տեսակ ե՛ւ զավեշտալի է, ե՛ւ ողբերգական, ե՛ւ սարսափելի։

– Դուք ի՞նչ եք առաջարկում՝ լուծարե՞լ պետական ինստիտուտները։

– Մենք առաջարկում ենք ստեղծել փրկության կոմիտե կամ ճգնաժամային կառավարման մարմին, որին կփոխանցվեն կառավարման բոլոր լծակները, եւ այն պետք է փորձի լուծել բոլոր խնդիրները։ Այ, դրա մասին է պետք խոսել, ոչ թե մեկին պաշտոն են տալիս, մյուսին՝ զրկում պաշտոնից։ Ի վերջո, հարցը պաշտոնով չի լուծվում, այսօր տվել են, վաղը կազատեն, իսկ խնդիրները կմնան անլուծելի։

– Դուք կարծում եք, որ գործա՞րք է կայացել Վիտալի Բալասանյանի եւ Արայիկ Հարությունյանի միջեւ։

– Եթե ԱԺ 4 խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջով, որ ԱՀ նախագահը հրաժարական տա, կամ առնվազն անվստահություն են հայտնել, ինձ համար անհասկանալի ու անըմբռնելի է, որ այսօր այդ խմբակցությունները՝ բացառությամբ «Միասնական հայրենիքի», պատրաստ են գործարքի մեջ մտնել, համենայնդեպս, ես դա նորմալ երեւույթ չեմ համարում ու կարծում եմ, որ նման մանիպուլյացիաներով ղարաբաղյան խնդիր չեն կարգավորում, ընդհակառակը՝ ավելի են կխորացնեն ճգնաժամը, որովհետեւ մենք այսօր գործնական քայլեր չենք տեսնում․ չնայած տնտեսության ոլորտում էլեկտրաէներգիա, գազամատակարարում եւ այլն, ինչ-որ բաներ կարգավորվել են, սակայն դա վերջնական կարգավորում չէ։ Հադրութցիները պետք է վերադառնան Հադրութ։

– Ստեղծված իրավիճակի համար Դուք մեղադրում եք գործող իշխանություններին, բայց դուք պատասխանատվություն եք կիսում իշխանության հետ, հուշագիր ունեք ստորագրած՝ թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում, միայն  պատերազմից հետո Սամվել Բաբայանը հրաժարական տվեց։

– Այո, մենք պատրաստակամություն էինք հայտնել պատասխանատվություն կիսելու, բայց երբ առանց մեզ զգուշացնելու, առանց տեղեկացնելու, բացատրելու այս կամ այն խնդրի կարեւորությունը, փաստորեն, միակողմանի, միանձնյա հարցեր էին լուծում, ըստ այդմ էլ հանգել ենք հետեւության, որ անիմաստ է այդ հուշագիրը թողնել ուժի մեջ, որովհետեւ այն, փաստորեն, կրել է ձեւական  բնույթ։ Եթե չի էլ կրել, համենայնդեպս, մեզ զգուշացրել են, որ ամեն ինչ օքեյ է, սակայն վերջում պարզվել է, որ դա ընդամենը շիրմա է եղել՝ իրենց քայլերն առաջ տանելու համար։

– Ո՞ր հարցերում տեղեկացված չեք եղել․ օրինակ, Սամվել Բաբայանի՝ ԱԽ նիստում հայտնի ձայնագրությունը հրապարակվեց, որից պարզ դարձավ, թե ինչ դիրքորոշում է ունեցել պատերազմական օրերին․․․

– ԱԽ նիստում ելույթ են ունեցել բազմաթիվ անդամներ, նախ՝ դա դռնփակ նիստ է եղել, եւ ոչ ոք իրավունք չուներ որեւէ բան հրապարակել։

Լուսինե Շահվերդյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031