Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Վարդևանյան. Մեր սահմանները, փաստորեն, նոր վերաիմաստավորում են ստանում՝ ելնելով Ադրբեջանի կամահայտնությունից . «Փաստ»

Դեկտեմբեր 03,2020 11:59

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ կոնկրետ քրեական գործերին առնչվող հարցերով խորհրդակցությանը՝ Ա. Վարդևանյանը նախ ընդգծեց. «Մենք՝ փաստաբաններս, բարձրաձայնել, խոսել ենք այն մասին, որ գործ ունենք քաղաքական հետապնդումների հետ: Մենք խոսում էին նաև այն մասին, որ կան սրտի ու մարդու տարբեր այլ օրգանների դատավորներ, և իշխանությունն էլ երբեք չէր թաքցնում նման վերաբերմունքը: Այն դատավորները, որոնք իրենց համար ցանկալի ու հաճելի որոշումներ էին կայացնում, մշտապես պաշտպանության և հոգածության ներքո էին լինում բոլոր առումներով: Օրինակ՝ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ հրապարակում է լինում, անձանց նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում, բայց Աննա Դանիբեկյանը մեկ այլ անձի բժշկական գաղտնիք է հրապարակում դատական նիստի ընթացքում, նույնիսկ քրեական գործ չի հարուցվում:

Իսկ բոլոր այն դատավորները, որոնք պարզապես իրենց երդմանն ու առաքելությանը հավատարիմ էին մնում, տարատեսակ հետապնդումների էին ենթարկվում: Մենք հիշում ենք՝ ինչեր տեղի ունեցան պարոն Ազարյանի նկատմամբ, թե ինչ տեղի ունեցավ, երբ Դավիթ Գրիգորյանը Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահին»: Փաստաբանը մեկ այլ խնդրի մասին է շեշտում՝ ընդգծելով, որ առհասարակ բոլոր մեծ և միջին չափի դետալները շատ լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն, իսկ այդ օրինակները քիչ չեն. «Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի նիստը նշանակվում է մայիսի 8-ին, և այդ օրը ամբաստանյալների աթոռին են նստում Արցախի առաջին պատերազմի լեգենդներ, հետախուզման մեջ է լինում ու մինչ օրս էլ հետախուզման մեջ է Հայաստանի քիչ գեներալ-գնդապետներից մեկը՝ Միքայել Հարությունյանը:

Մենք սրանով ի՞նչ ազդակներ էինք տալիս նույն մեր թշնամուն: Պարզ է, չէ՞, մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, այդ մարդկանց նման կարգավիճակում տեսնելը կարող էր բարձր աստիճանի բավականություն պարգևել ու պատճառել միայն թշնամուն: Եվ այդպես էլ եղավ»: Իսկ դատավորների խորհրդակցության մասով փաստաբանն ընդգծում է. «Տեսանյութ էր հրապարակվել, որտեղ դատական իշխանությունը ներկայացնողների դեմքերը չերևացին, բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը շատ հստակ էր. նա խոսում էր կոնկրետ կալանքի հարցերից, բառացի էլ ասում է՝ մոտ հիսուն կալանքի միջնորդություն է ներկայացվել, քսանը բավարարվել է, 30-ը մերժվել է, բա ինչի՞ է մերժվել: Կանչել էր դատավորների, որ կոնկրետ քրեական գործերով խափանման միջոցի հարցեր քննարկի:

Ու դա՝ նոյեմբերի 9-ի իրադարձություններից հետո, երբ մենք ունենք թե՛ անվտանգային, թե՛ բարոյական, թե՛ առհասարակ մարդասիրական խնդիրներ՝ ռազմագերիների վերադարձի չկատարում: Բացի այդ, մենք չենք էլ հասկանում ՀՀ-ի վարչատարածքային բաժանման հետ ինչ է կատարվում: Մեր սահմանները, փաստորեն, նոր վերաիմաստավորում են ստանում՝ ելնելով Ադրբեջանի կամահայտնությունից: Այսպիսի խնդիրներ ունենք, բայց վարչապետը կառավարություն է հրավիրում դատավորների, գլխավոր դատախազն ու ՀՔԾ պետն էլ նստած՝ ուզում է կալանքի հարցեր քննարկել»:

Աննա Բադալյան

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031