Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Վարդանյան. ՀՀ տնտեսության կառուցվածքը ինովացիոն չէ և դինամիկ չի զարգանում, չի կարողանում փոփոխություններին արագորեն արձագանքել. «Ժամանակ»

Դեկտեմբեր 03,2020 11:30

«Ժամանակ»-ի հարցերին պատասխանում է տնտեսագետ Գագիկ Վարդանյանը։

– Պարոն Վարդանյան, դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը, միայն դրամային ավանդի դեպքում այդ սահմանաչափը կկազմի 16 մլն դրամ՝ նախկին 10 միլիոնի փոխարեն, իսկ արտարժութային ավանդի դեպքում՝ 7 մլն դրամ՝ նախկին 5 մլն դրամի փոխարեն: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները, ի՞նչ նպատակ են դրանք հետապնդում:

– Ընդհանրապես, երաշխավորված ավանդների սահմանաչափի բարձրացումը վստահություն առաջացնելու նպատակ է հետապնդում ավանդատուների տեսանկյունից, որպեսզի նրանք իրենց խնայած գումարները ավանդների տեսքով պահեն: Իսկ ավանդների առկայությունը հնարավորություններ է ստեղծում դրանք վերածել ներդրումների, որը տնտեսության համար շատ կարևոր է: Արդեն մի քանի տարի է, որ օտարերկրյա ներդրումները նվազման միտում են դրսևորում, գուցե համաշխարհային միտումներ են դրանք, և այս պարագայում ներքին ռեսուրսների ներգրավումը, մոբիլիզացիան շատ կարևոր է տվյալ երկրի տնտեսության զարգացման տեսանկյունից:

Առավել ևս շատ մեծ ազդեցություն ունեցավ ներդրումների հետագա հոսքերի վրա համավարակը: Տեղի ունեցավ հետևյալը. գլոբալ ավանդական առաքման շղթաները խաթարվեցին, և հիմա գնում է նոր շղթաների ձևավորման գործընթաց: Ես չգիտեմ, թե Հայաստանը որքանով հնարավորություն ունի այդ գործընթացներում ներգրավելու, որովհետև ինչ-որ բան պետք է առաջարկես համաշխարհային շուկային, որպեսզի կարողանաս մտնել այդ շղթաների մեջ, օրինակ, առաջարկես ինչ-որ էլեկտրոնիկա: Հայաստանը այս պայմաններում կարո՞ղ է մտնել այդ շղթաների մեջ, իհարկե, ոչ, որովհետև Հայաստանի տնտեսությունը հիմա մրցունակ չէ: Հիմա մենք պետք է գնանք դեպի ինովացիոն տնտեսություն, իսկ դրա համար ունենք միայն մեկ աղբյուր՝ համախառն ներքին խնայողությունների կուտակումների մեծացումն է, որը տանում է ֆիզիկական կապիտալի մեծացման և այլ հնարավորություններ է ստեղծում տնտեսության համար: Հիմա ճիշտ ժամանակին, գուցե մի քիչ ուշացած, այդ շեմի բարձրացումը ենթադրում է, որ մարդկանց, կազմակերպությունների վստահության մակարդակը պետք է բարձրանա, որպեսզի նրանք իրենց ազատ միջոցները ավանդների տեսքով տեղաբաշխեն բանկերում՝ համոզված լինելով, որ դրանց վտանգ չի սպառնում, ինչպես դա եղավ Խորհրդային ժամանակների ավանդների հետ:

– Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ ԿԲ-ն մեկ տարում վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 1,25 տոկոսով: Սա ի՞նչ նպատակ է հետապնդում:

– Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նպատակ է հետապնդում, որ շուկայում ավելի էժան փողեր լինեն: Այս իմաստով, իհարկե, ճգնաժամային ժամանակաշրջաններում, օրինակ՝ 2008-2009-ին 3-3,5 տոկոս էր իջել: Ես հիմա կարծում եմ, որ այն կարելի է ընդհուպ իջեցնել մինչև զրոյի, կամ լինի 1-2 տոկոս առավելագույնը: Որովհետև այս պարագայում, եթե նույնիսկ էժան փողեր էլ լինեն, հազիվ թե ֆինանսական ռեսուրսների նկատմամբ պահանջարկն այդքան մեծանա: Այնպես որ, վերաֆինանսավորման տոկոսադրույքը կարևոր է, այն անհրաժեշտ, բայց ոչ բավարար է տնտեսական ակտիվության բարձրացման տեսանկյունից: Հայաստանի տնտեսության կառուցվածքը ինովացիոն չէ և դինամիկ չի զարգանում, այն չի կարողանում փոփոխություններին արագորեն արձագանքել, ճկունություն դրսևորել, չի կարողանում հարմարվել այն գլոբալ փոփոխություններին, որ անընդհատ տեղի են ունենում: Կարծես մեկուսի է գործում մեր երկրի տնտեսությունը:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031