ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ ռուս խաղաղապահների գործողությունների արդյունքում ուսումնական գործընթացը վերականգնվում է Լեռնային Ղարաբաղի դպրոցներում: Դպրոցական զանգը հնչել է Ստեփանակերտի եւս մեկ դպրոցում: Նախօրեին ռուս զինծառայողներն ամբողջությամբ ականազերծել են Ստեփանակերտի համար 8 դպրոցի տարածքը, կրթօջախում կատարել վերանորոգման աշխատանքներ, ապահովել անհրաժեշտ ուսումնական նյութերի եւ սարքավորումների անվտանգ տրամադրումը:
Ռուս խաղաղապահների միջոցով Լեռնային Ղարաբաղ են վերադառնում աշակերտներն ու ուսուցիչները, ուսումնական ծրագրերը այնպես են հարմարեցվում, որպեսզի սովորողները կարողանան վերականգնել ռազմական գործողությունների պատճառով բաց թողած դասերը:
ՌԴ պաշտպանության նախարարության կայքում նշվում է, որ ռուս խաղաղապահների շնորհիվ շարունակվում են նաեւ հանրային նշանակության ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները, տարածքներն ականազերծվում, մաքրվում են: Ռուս սակրավորները ողջ խաղաղապահ առաքելության ընթացքում մաքրել են ավելի քան 34 հա տարածք, 12 կմ ճանապարհային հատված, 110 տուն եւ հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել եւ վնասազերծվել 1077 պայթուցիկ առարկա:
Կայքը նաեւ հիշեցնում է, որ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի ստորագրած եռակողմ փաստաթղթի հիման վրա նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում հայտարարվել է կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցում: Զինադադարի եւ ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման համար խաղաղապահ առաքելություն է իրականացնում ՌԴ խաղաղապահ ուժերի զորակազմը: Ռուս խաղաղապահ ուժերի կորիզը կազմում են ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ