Ասում են` դառն է պարտության համը: Սա, իհարկե, փոխաբերական իմաստով է ասված եւ ընդամենը պատկերավոր արտահայտություն է: Իրականում պարտությունը կարող է տարեր կերպ ընկալվել` ոմանք պարտության մեջ հաղթանակի ներուժ են տեսնում, մյուսները հաղթանակի մեջ` պարտության վտանգ: Կան նաեւ այդ հասկացության խորքային ու մակերեսային ընկալումներ, նույնիսկ` մանիպուլյատիվ մեկնաբանության հակումներ: «Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել, եւ չկա հաղթանակ, որը նախ քո հոգում ու մտքում չի ծնվում»,- պատերազմի օրը` սեպտեմբերի 27-ին, ԱԺ հատուկ նիստում փիլիսոփայորեն ասել է վարչապետը եւ բավական հետաքրքիր գործնական հավելում արել․ «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի` մենք մեզ պարտված չենք համարի»: Սա բազմանշանակ, մտահոգիչ ու անպատասխանատու ձեւակերպում է: Ու հիմա` դատելով իշխող քաղաքական մեծամասնության, նրա աջակիցների ու սոցցանցերում սփռված հազարավոր վարձկան «ֆեյքերի» վարքագծից, կարելի է մտածել, որ 44-օրյա պատերազմում մենք հաղթել ենք եւ ձեւացնել, թե եռակողմ հայտարարության ստորագրման սեղանի շուրջ մեր արժանապատվությունը չի ոտնահարվել:
Համարո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանը իրեն ու իր թիմին պարտված, թե` ոչ, էական չէ: Դա զուտ նրա սուբյեկտիվ ընկալումների տիրույթում է: Փաստն այն է, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը տանուլ տվեց պատերազմը եւ երկիրը կանգնեցրեց անլուր զրկանքների ու անդառնալի կորուստների առջեւ: Նա պարտված առաջնորդ է, ինչն էլ նրա հրաժարականը ներկայում պահանջող մեծամասնության հիմնական փաստարկն է: Բայց սա չի նշանակում, թե Փաշինյանը պարտվեց հենց այս պատերազմում: Ո´չ, նա պարտվեց երկուսուկես տարի առաջ, երբ գործի էր դրել ստի ու ատելության մեքենան` հասարակությունը պառակտելու, հայաստանցի-արցախցի տարանջատում մտցնելու, քաղաքական հակառակորդներին ու իր իշխանության համար վտանգ ներկայացնող գործիչներին չեզոքացնելու, պետական կառավարման համակարգը կաթվածահար անելու, մեր ազգային ավանդույթներին ու ըմբռնումներին խորթ բարքեր սերմանելու համար: Բարձրագոչ խոստումները, որոնք նախընտրական շրջանում հորդում էին «թավշյա» հեղափոխության առաջնորդի շուրթերից` ինչպես առատության եղջյուրից, ի դերեւ ելան իշխանության գլուխ անցնելու առաջին իսկ օրերից ու ամիսներից:
Չտրվելով շրջանառվող «դավադրությունների տեսություններին», կարելի է պնդել, որ պատերազմի ելքը կանխորոշելու տեսակետից պակաս դերակատարում չունեցան վերը նկարագրված հակոտնյա գործողություններն ու երեւույթները: Սակայն որքան էլ անառարկելի են փաստերը` վարչապետը միշտ իրեն հեռու է պահում դրանցից: Ըստ նրա, մեղավոր են բոլորը` բացի իրենից:
Բերենք տիպական մեկ օրինակ: Պատերազմից ամիսներ առաջ իշխանությունները շարունակ համոզում էին, թե վերջին երկու տարում ձեռք են բերվել նորագույն հակաօդային միջոցներ, որոնք հուսալիորեն կպաշտպանեն Արցախի օդային սահմանը` ինչպես երբեւէ: Սակայն պատերազմի ընթացքում պարզվեց թշնամու կիրառած մեծ քանակության ԱԹՍ-ների դեմ հայկական կողմի բացարձակ անզորությունը: Արցախի կապիտուլյացիան հայտարարելուց հետո վարչապետն ընդգծել է` պարտվեցինք, քանի որ նախկինում գողանում էին զինվորից: «Ո՞նց ենք կերակրել զինվորին… Զինվորին, կներեք արտահայտությանս, կերակրել ենք թերմացքներով, զինվորին պահել ենք 80-ականների զենքերով»,- ասել է նա` մեղքի սլաքներն ուղղելով «նախկիններին»: Իշխանության գալուց ի վեր վերջիններս նրա համար «քավության նոխազ» են, ինչ-որ տեղ` նաեւ փրկօղակ:
Կարդացեք նաև
Ոչինչ, որ պատերազմում պարտվողը մեղադրում է պատերազմում հաղթողներին` դա բարոյական առաքինության խնդիր է: Իրականում, ինչպես վկայում են ռազմական փորձագետները, պարտության պատճառներն այլ տեղ պետք է փնտրել: Ըստ այդմ` զինատեսակների հավասարակշռությունն այս պատերազմում խախտել են ԱԹՍ-ները, որոնք մեր ամենախոցելի տեղն էին, քանզի չունեինք ՀՕՊ-ի արդյունավետ միջոցներ: Վերջին տարիներին Ադրբեջանը զինվում էր թուրքական «Բայրաքթար»-ներով, որոնք, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, կիրառեց Արցախի դեմ: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի պարզաբանմամբ` տվյալ զինատեսակների դեմ պայքարի միջոցներ գտնելը ոչ թե նախկին, այլ նոր իշխանության գործն էր: «Կոնկրետ «Բայրաքթար» հարվածային անօդաչուները ակտիվ սկսել էին աշխատել Սիրիայում, Լիբիայում 2018-2019 թվականներին: Երկուսուկես տարի ուներ ներկա իշխանությունը այդ մարտահրավերն ընդունելու եւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար: Ինչո՞ւ չեն արել»,- ԶԼՄ-ներին ասել է Վրթանեսյանը:
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «Հայացք Երեւանից» կայքէջում