Նիկոլ Փաշինյանի հրաժարականով այն ավերածությունները, այն կորուստները, այն աղետը, որոնք տեղի են ունեցել նրա պատճառով, չեն վերանա: Մեզ տարիներ, գուցե տասնամյակներ են պետք լինելու՝ քիչ թե շատ նորմալ, ապահով կյանքին վերադառնալու համար: Միակ հարցը, որը կարող է լուծել վարչապետի հրաժարականը, որոշակի կայունության ապահովումն է, բզկտված հասարակությունը հանդարտեցնելն է, ազգային համերաշխություն ապահովելն է, ինչն, իհարկե, շատ կարեւոր է:
Խնդիրն այն է, որ ներկայիս վարչապետի՝ իր պաշտոնում մնալու ամեն մի րոպեն, նրա արտասանած ամեն մի բառը, նրա հանդիպման պաշտոնական հաղորդագրության ամեն մի մեջբերումը, անկախ բովանդակությունից, շատերի կողմից ընկալվում է որպես վիրավորանք, որպես անարգանք հազարավոր զոհերի հիշատակին, ցինիկ վերաբերմունք տասնյակ հազարավոր տառապյալ մարդկանց հանդեպ: Կործանել երկիրը եւ ժողովրդին, իսկ հետո ինչ-որ ճիշտ կամ սխալ բառե՞ր ասել… Ես չգիտեմ, թե մեր հասարակության ո՞ր տոկոսն է այդպես մտածում, գուցե 20, գուցե 50, բայց դա, իմ կարծիքով, արժանապատվության, պարկեշտության խնդիր է:
Ինձ չեն հետաքրքրում իշխանությունն ու ընդդիմությունը, նրանց քաղաքական պայքարը՝ մանավանդ, որ տեսնում եմ, թե ինչպես են ստեղծված վիճակը «նախկինները» փորձում օգտագործել ռեւանշի հասնելու համար: Խոսում են անգամ Քոչարյանի վերադարձի մասին. ինչ խոսք, հրաշալի հեռանկար է՝ էգոցենտրիկ, ինքնասիրահարված մի խելագարին մյուսով փոխարինելը: Բայց այդ ամենն ընթացիկ քաղաքականություն է:
Ինձ հետաքրքիր է հասարակությունը եւ տվյալ դեպքում՝ այն, ինչ կոչվում է «էմոցիոնալ ինտելեկտ», այլ կերպ ասած՝ կարեկցելու, ուրիշի ցավը կիսելու, ուրիշի տառապանքը զգալու ունակությունը: Այդ առումով մեր իշխանավորները, վարչապետի գլխավորությամբ, բացարձակապես անհաղորդ են, կույր են եւ խուլ, թե չէ վաղուց մանդատներից եւ պաշտոններից կհրաժարվեին՝ կհասկանային, որ իրենց արտասանած ամեն մի բառ բորբոքում է մարդկանց վերքերը: Իսկ մեր հասարակությո՞ւնը՝ այդ հարցում էլ որոշակի կասկածներ ունեմ: Այստեղ չկա ներքին համաձայնություն, բեւեռացվածության աստիճանը բարձր է:
Կարդացեք նաև
Միասնականության, համերաշխության, համատեղ ուժերով ոտքի կանգնելու, առողջ քննարկման եւ երկխոսության կոչերը, որոնք հնչում են իշխանական ճամբարից, լուրջ չեն ընկալվում: 2,5 տարում «Իմ քայլի» պատգամավորներից որեւէ մեկը երբեւէ հրապարակավ չի հակադրվել «շնաբարո դուրսպրծուկներ», «պատերի տակ վնգստացողներ» արտահայտություններին, «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» սպառնալիքներին եւ նման ոճով մի քանի տասնյակ այլ արտահայտություններին, որոնք գրեթե ամենօրյա ռեժիմով հնչում էին վարչապետի «լայվերի» ժամանակ: Նրանց երեւի թվում էր, որ դրանցով երկրպագուների նոր բանակ են նվաճում եւ ամրապնդում են իշխանությունը: Իրականում դա ամեն օր չարության, ատելության բաժինն ավելացնելու եւ հասարակությունը ներսից պայթեցնելու գործընթաց էր: Հիմա նրանց իսկ ստեղծած բաժանարար գծերը հաղթահարելու համար առնվազն պետք է ասեն, որ այս «ծեփելն» ու «փռելը» սխալ էր: Այդ դեպքում «իմքայլականները», կարծում եմ, կարող են, եթե ուզում են, շարունակել իրենց քաղաքական գործունեությունը: Բայց՝ առանց Փաշինյանի:
Բայց քանի որ հավատս չի գալիս, որ նա կգնա, ապա ենթադրում եմ, որ մեկ ամսից վարչապետը կդիմի «հպարտ քաղաքացիներին» եւ կշնորհավորի բոլորիս Նոր տարին՝ խոստանալով պայծառ ապագա՝ իր հմուտ ղեկավարությամբ: Քաղաքացիների զգալի մասն այս ցինիզմը կուլ կտա եւ կկենտրոնանա բուդ ուտելու վրա:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Փաշինյանը երկրին հսկայական վնաս տվեց, կարելի է ասել բոլոր բնագավառներում։ Իսկ Քոչարյանը բավականին մեծ օգուտներ տվեց, բայց ոչ բոլոր բնագավառներում։ իմ կարծիքով։
Պարոն Աբրահամյան իմ կարծիքով Դուք էլ եք ընկել էմոցիաների գիրկը(կամա թե ակամա): Ես էլ համոզված եմ, որ անհրաժեշտ են արտահերթ ընրությունների անցկացումը: Համոզված եմ նաև ժամանակավոր կառավարություն Վազգեն Մանուկյանով, նշանակում է մեզ ծանոթ վերջին 25 տարիների ընտրական ավանդույթի վերադարձ: Համոզվելու համար առաջարկողների ցանկը նայեք: Համոզված եմ նաև, որ վերը նշվածը Դուք էլ լավ պատկերացնում եք…….
Մի բանում դու ճիշտ ես, հրապարակախոս, որ մեկ ամսից վարչապետը կդիմի հպարտ քաղաքացիներին եւ կշնորհավորի բոլորի թավշյա Նոր տարին՝ խոստանալով պայծառ ապագա՝ իր հմուտ թավշյա ղեկավարությամբ:
Թավշյա քաղաքացիների զգալի մասն այս ցինիզմը կուլ կտա եւ կկենտրոնանա թավշյ բուդ ուտելու վրա:»
Ալեքսանդրապոլը, օրինակ ձեր համար թավշյա գառներ…
Ξսկ իմ կարծիքով հասարակության բևեռացման, ատելության ու չարության սկիզբը դրեց հենց Քոչարյանը, որի հռետորաբանությունը շատ չէր տարբերվում Նիկոլից, միակ տարբերությամբ, որ ֆեյսբուք չկար ու լայվեր չէր մտնում: Քոչարյանը ոչ միայն ատելություն ու չարություն սերմանող հռետորաբանություն ուներ, այլ նաև գործելաոճ: Նիկոլ Փաշինյանի սխալները անհաշվելի և աններելի են, բայց եթե մենք գոնե հիմա իրավական գնահատական չտանք անցած երեսուն տարվան ու հատ-հատ բոլոր մեղավորներին պատասխանատվության չենթարկենք, այլ միայն Նիկոլին սարքենք քավության նոխազ, ապա ոչինչ էլ չի փոխվի մեր կյանքում: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանձնումը ու հողերի հանձնման գործընթացի մեկնարկը տվել է Քոչարյանը, պետությունն անխնա թալանելով, ամեն ինչ ռուսին նվիրելով և բանակը չզինելով
Պարոն Աբրահամյան անկեղծ ասած չեմ հասկանում ՀՀ քաղաքացիներին ծաղրելու ձեր պահվածքը՝ Կկենտրոնանա բուդ ուտելու վրա????????????????
Մեր քաղաքացին առաջին գծում կռիվ էր տալիս, ասացին՝ հետ արի՝ պարտվել ես:Կիսում եմ շատ անգամ ասված տեսակետը, թե համավարակի ավարտին, երբ ճանապարհները բացվեն՝ հսկայական չափերի արտագաղթ է լինելու: Մեր քաղաքացուն մեր իշխանությունը խաբում է արդեն 30 տարի: Խաբեց նաեւ Նիկոլ Փաշինյանը, որ խոստացել էր 3 միլիոն վարչապետի հետ քննարկել բոլոր հարցերը: Հիմա քաղաքացին ինչու պիտի Վազգեն Մանուկյանի համար պայքարի: Ես վստահ եմ, որ Վազգեն Մանուկյանը 1990-ականների պատերազմում փրկել է Հայաստանն ու Արցախը: Բայց 30 տարի խաբված մարդը ոչ ոքի չի հավատում, այդ թվում եւս Մանուկյանի նման հմուտ եւ բանիմաց մարդուն: Սա քաղաքացու խնդիրն է, Վազգեն Մանուկյանի անձի հետ կապ չունի:
Մենք ընկերներ չենք, բայց ձեզ ընկերաբար խնդրում եմ չծաղրել ՀՀ քաղաքացուն: 30 տարի խաբված, 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորացված մարդը չի կարող գիտակից քաղաքացի լինել:
Հրավիրել Հայ Համաշխարհային Քաղաքագետների Կոնգրես, թող մասնագետներները իրենց մասնագիտական որոշումը ներկայացնեն հայ ժողովրդին:
Իմ սիրողական կարծիքով՝ ողջ աշխարհում ժողովրդավարության անվան տակ ժողովրդին են հրամցվում երկու հակադիր ուժեր՝ ամեն մեկն իր դրական ու բացասական հատկանիշներով, հայտնի բարի թավիշ ու չար գաղջ հարցաքննողները, որոնք մի նպատակի ու մի տիրոջն են ծառայում, որի համար ժողովուրդը ինչ ընտրություն էլ կատարի, միեւնույնն է մնում է սխալ ու մեղավոր: Ուրիշ բան մասնագետները, որոնք կարող է իրենց անձնական հարցերում այդքան արժանապատվություն չցուցաբերեն, բայց իրենց մասնագիտության հարցերում արժանապատվության ամենահզոր մարտիկներն են:
«Իմ քայլի» պատգամավորներից որեւէ մեկը երբեւէ հրապարակավ չի հակադրվել «շնաբարո դուրսպրծուկներ», «պատերի տակ վնգստացողներ» արտահայտություններին, «պատերին ծեփելու», «ասֆալտին փռելու» սպառնալիքներին
»,այդ օրերուն ժողովուրդն ալ չանդրադարձաւ որ ՛՛ թաւիշին՛՛ տակ նոր կերպար մը ծածկուած էր որուն թափանցիկութեան ՛՛մղցաւանջը՛՛ դիւթած էր պահ մը բոլորս /նաև օտարներ/ և ողջունեցին Հայոց ՛՛փրկարարը ՛՛ …որ յաջողեցաւ կարճ ժամանակի մէջ հիասթափեցնել շատ խնդավառ հոգիներ ,որ կը փորձէին բան մը հասկնալ իրմէ և իր ՛՛քայլակիցներէն ՛՛…բայց հասկնալու բան չէր մնացած /ցաւօք .Մենք դէմ հանդիման կը գտնուէինք ՛՛այլմոլորակայինի՛՛ մը առջեւ որ Ազգին աղէտ պիտի դառնար …բայց ոչ այս աստիճան ։ Ինչպէս չյաջողեցանք կեցնել զինք- նոյնիսկ դատով վար առնել և հրապարակը ազատ թողուցինք 17 կասկածելի ՛՛խմբաւորութեան՛՛ որ ժողովուրդը պատժած էր արդէն իր քուէներով ։
Հիմա այնպիսի կացութիւն մը ստեղծուած է որ միայն քաղաքական, փորձառու լուրջ անձեր գուցէ դարման մը կարենան գտնել ։ Զգացումներու, սիրողական մօտեցումներու ատենը չէ բացարձակապէս ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/12/03/1156311/
© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից