Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Դեկտեմբեր 03,2020 12:30

2020 թվականը խնդիրներ հաղթահարելու մարտահրավեր է նետել Հայաստանի տարբեր մարզերում բնակարանաշինության ծրագիր իրականացնող կազմակերպություններին՝ Վիվա-ՄՏՍ-ին ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնին»: Համավարակի պատճառով, շինհրապարակ մեկնող աշխատակիցները գարնանն ստիպված են եղել դադարեցնել կամավորական աշխատանքները: Դրանք ստանձնած տանտերերն էլ սկզբում հուլիսյան, ապա նաեւ աշնանն սկսված պատերազմի պատճառով, շինարարություն են իրականացրել կարճատեւ դադարներով: Սեփական տունն ունենալու՝ նրանց երազանքը եւ գործընկեր կազմակերպությունների պատրաստակամ աջակցությունն ավելի ուժեղ ազդեցություն են ունեցել:

Սահմանապահ Այգեպարում բնակվող Փայտյանների ընտանիքը վերսկսել է շինարարությունը: Զինվորական որդու երիտասարդ ընտանիքին նոր բնակարանում տեսնելու՝ հոր ցանկությունը մեծ է, գործադրվող ջանքերը՝ հետեւողական: 1992 թվականին, հակառակորդի ռմբակոծության հետեւանքով, հաշված րոպեների ընթացքում տուն կորցրած Վալերիկ Փայտյանը չի կոտրվել: Զգում է սահմանին ապրելու պատասխանատվությունն ու ցանկանում երիտասարդներին ամուր, միասնական, բազմազավակ ընտանիքներով եւ ուժեղ տեսնել:

«Սեպտեմբերին, Արցախում սկսված պատերազմի ժամանակ, կրակում էին նաեւ մեր գյուղի վրա: Երիտասարդներն զբաղված էին: Ոչ ոք չէր կարողանում լիարժեք աշխատել: Հիմա, երբ պատերազմը դադարեց, շարունակում ենք շինարարությունը: Կյանքը շարունակվում է, պիտի ապրենք, աշխատենք, որ մնացած հայերով միասնական ու համերաշխ լինենք: Բավականին աշխատանք ենք իրականացրել: Պիտի ավարտին հասցնենք: Երիտասարդությանը պիտի խորհուրդ տամ զգոն ու միասնական լինել, սիրել գյուղը, չհեռանալ հայրենիքից եւ աշխատել»,- ասել է Վալերիկ Փայտյանը:

Սահմանապահ Վազաշենում բնակվող Երվանդ Գեւորգյանն էլ փորձել է շենացնել հոր կառուցած տունը: Տարիների ընթացքում հասցրել է մեծացնել տան մակերեսը, կառուցել է նաեւ հյուրասենյակ, բայց տանիքի խնդիրը չի լուծվել: Քառասունհինգ տարվա խունացած թերթաքարերը կոտրատվել եւ շարքից դուրս են եկել: Գործընկերների աջակցությամբ, Երվանդին հաջողվել է ընտանիքին ազատել հերթական ձմեռը հին տանիքի տակ ապրելու հեռանկարից: 1994 թվականին, սահմանին ականից ոտքը կորցրած տանտերը լավ գիտի խաղաղության գինն ու կարեւորությունը: Նոր կառուցված տանիքին զույգ աղավնիների՝ խաղաղության խորհրդանիշ է մոնտաժել:
«Սահմանին ենք ապրում, ուզում ենք, որ ամեն ինչ այնքան լավ լինի, որ հարեւան երկիրը դրանից նեղսրտի: Տանիքն էլ ավելի փայլուն եմ կառուցել, որ տեսնեն՝ կանք ու լինելու ենք: Աղավնիներ եմ դրել, որ խաղաղություն լինի: Պատերազմական աշխարհ է, պատերազմ տեսած մարդ եմ: Թուրքից չեմ վախեցել ու չեմ վախենում: Եթե անհրաժեշտ լինի՝ նորից կկռվենք, Բայց տանիքի վրա աղավնիները դրել եմ, որ հասկանան՝ մենք խաղաղության կողմնակիցներ ենք: Խորհուրդ եմ տալիս, որ երիտասարդներն ամուսնանան ու շատ երեխաներ ունենան»,-ասել է Երվանդ Գեւորգյանը:

«Քանի դեռ մարդու մեջ ապրում է հավատը, բոլոր խնդիրները հաղթահարելի են: Եթե սահմանին ապրողը տուն է կառուցում, ուրեմն՝ նրա սրտում կարող է ապրել հավատը: Այս ծրագրի միջոցով մենք ձգտում ենք ամրացնել սեփական հողում ապրելու եւ բարիք ստեղծելու՝ գյուղացու կամքը: Նա կարող է երազել, ձգտել իր երազանքների իրականացմանը, եթե ունենա մենակ չմնալու վստահությունը: Թեեւ տարին շատ բարդ սկիզբ ունեցավ ու մինչ օրս կան տարբեր խնդիրներ, մենք պիտի ամրանանք եւ շարունակենք կառուցել մեր երկիրը: Այդ սկզբունքով ենք առաջնորդվում մենք, մեր գործընկերներն ու բնակարանաշինության ծրագրից օգտվող՝ մեր հայրենակիցները»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հուլիսյան պատերազմից հետո Վիվա-ՄՏՍ-ը հնարավորինս ավելացրել է իր ներդրման չափը՝ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ առավելագույն աջակցություն տրամադրելու եւ տան խնդրի առջեւ կանգնած ընտանիքներին սատարելու համար: Հատկացվել է ավելի քան 202 մլն դրամ։

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք:

«Առավոտ» օրաթերթ
02.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031