«Դատարանը հնարավորություն չունի անդրադառնալ նաեւ այն հարցին, թե սույն հայցադիմումի համար անհրաժե՞շտ է արդյոք վճարել պետական տուրք, թե՞ հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից»
ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է անձի՝ վարչական դատարան դիմելու իրավունքին եւ հանրային իրավահարաբերությունների հասկացությանը: Դատարանն արձանագրել է, որ անձը ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք է ձեռք բերում այն դեպքում, երբ համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել իր իրավունքները եւ ազատությունները, կամ երբ նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որեւէ պարտականություն, կամ երբ նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից անձի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը միայն դեռեւս բավարար չէ ՀՀ վարչական դատարան դիմելու համար, քանի դեռ այդպիսի խախտման հետեւանքով առաջացող դատական գործը չի ծագում հանրային իրավահարաբերությունից:
Այսինքն` այդպիսի իրավահարաբերությունները եւ դրանց արդյունքները պետք է ունենան հանրային` համընդհանուր բնույթ, ի տարբերություն մասնավոր` կոնկրետ անձին վերաբերող իրավահարաբերության: Փորձենք, տեղեկացնել, թե վարչական դատարանն ընդդեմ նախարարություններից մեկի` ՀՀ կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի, ինչպիսի զարգացումներ ունեն:
Նոյեմբերի 12-ին Միխայիլ Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի եւ թիվ 122-րդ դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի դեմ:
Կարդացեք նաև
Հայցադիմումի մեջ նշված է՝ հայցի առարկան. «Ա. Ինձ աշխատանքից ազատելը, Շախմատ առարկայի ուսուցիչ աշխատելու հնարավորություն չտալը, թույլ չտալը: 1. ԿԳՄՍ նախարարությունից պահանջում եմ հնարավորություն տալ ինձ դասավանդել շախմատ առարկան Երեւանի դպրոցներից մեկում կամ երկուսում: 2. ԿԳՄՍ նախարարությունից եւ Ս. Լպուտյանից պահանջում եմ հնարավորություն տալ ինձ աշխատանքով վերադարձնել այս 8 տարվա չաշխատածս, կատարելով կազմակերպչական, մարզչական եւ մրցավարական աշխատանք՝ ի նպաստ շախմատը դպրոցում ծրագրին: Բ. Եթե դատարանը գտնի, որ ես ունեմ աշխատանքում վերականգնվելու իրավունք՝ 122-րդ դպրոցի տնօրեն, պատասխանող Մարինա Մալխասյանից պահանջում եմ վերականգնել ինձ աշխատանքում: 2. ԿԳՄՍ նախարարությունից, պատասխանողներ եւ Ս. Լպուտյանից եւ Մ. Մալխասյանից պահանջում եմ հնարավորություն տալ ինձ աշխատանքով վերադարձնել այս 8 տարված չաշխատածս, կատարելով կազմակերպչական եւ մրցավարական աշխատանք ի նպաստ շախմատը դպրոցում ծրագրին»:
Ըստ դատարանի, որը հայցադիմումը վերադարձրել է այն ուղղելու նպատակով, հայցադիմումի մեջ որպես պահանջ նշված վերոնշյալ ձեւակերպումը չի դիտում, որպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների պահպանմամբ ներկայացված նյութաիրավական պահանջ, քանի որ հայցադիմումի մեջ պետք է նշվի այն կոնկրետ պահանջը, որը ներկայացվում է պատասխանողի դեմ. «Դատարանը հնարավորություն չունի պարզել, արդյոք հայցվորի պահանջը վերաբերում է միայն աշխատանքում վերականգնելո՞ւն, թե՞ ոչ եւ արդյոք հայցվորը ներկայացնելով պահանջը՝ աշխատելով վերադարձնել 8 տարվա չաշխատածը, ի՞նչ ի նկատի ունի: Մասնավորապես, դա ինքնուրույն գումարի պահանջ է, թե ոչ, եթե այո, ապա պետք է հստակ նշվի պահանջվող գումարի չափը եւ դրա հաշվարկը:
Ամփոփելով՝ դատարանը ցանկանում է նշել, որ անհասկանալի է ներկայացված պահանջը»:
Դատարանը հնարավորություն չունի անդրադառնալ նաեւ այն հարցին, թե սույն հայցադիմումի համար անհրաժե՞շտ է արդյոք վճարել պետական տուրք, թե՞ հայցվորն ազատված է պետական տուրքի վճարումից:
Դատարանը եռօրյա ժամկետ է տվել հայցվոր ուսուցչին` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու եւ այն դատարան կրկին ներկայացնելու համար:
Նոյեմբերի 3-ից վարչական դատարանում է Արմեն Եսոյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի, ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք` Շիրակի մարզպետարանի, Գյումրու քաղաքապետարանի՝ ք.Գյումրի, Շչորսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող շենքը փաստացի անտնտեսվար պահվող մշակութային արժեքի ճանաչման եւ դրա նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին:
Հայցադիմումը 26.08.2020 թվականին մակագրվել է դատավոր Գ.Հարությունյանին:
Ուշադրության արժանի է նաեւ այն, որ այս դեպքում էլ դատարանը հանգել է նրան, որ հայցադիմումի առարկան հստակ չէ. «հիմնական է ք. Գյումրի, Շչորսի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող շենքը որպես անտնտեսվար պահվող մշակութային արժեք ճանաչելու պահանջը, իսկ մյուս պահանջը ածանցյալ է, քանի որ առաջին պահանջի լուծումը կանխորոշում է մյուս պահանջի լուծումը»:
Դատարանը վկայակոչել է ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի փետրվարի 3-ի թիվ ՍԴՈ-787 իրավական դիրքորոշումը, համաձայն որի` դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:
Դատարանը վկայակոչելով «Արեւիկ Արուչյանն ընդդեմ «ՀԷԳ-90» ՍՊԸ-ի եւ Դանիել Գրիգորյանի» քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2011 թվականի որոշումը, փաստել է, որ ինչպես ցանկացած հարաբերություն, այնպես էլ իրավական նորմերի միջոցով կարգավորվող հասարակական հարաբերությունը՝ իրավահարաբերությունը, որոշակի փոխկապակցված տարրերի (սուբյեկտ, օբյեկտ եւ բովանդակություն) ամբողջություն (համակարգ) է, որոնց բովանդակային-որակական տարբերությունը հնարավորություն է տալիս իրավահարաբերությունները տարանջատելու միմյանցից։ Մասնավորապես` հանրային իրավահարաբերությունը մասնավոր իրավահարաբերությունից տարանջատվում է թե՛ սուբյեկտային կազմով, թե՛ բովանդակությամբ եւ թե՛ օբյեկտով: Միեւնույն ժամանակ հանրային իրավահարաբերության` իշխանական լիազորություններով չօժտված կողմը, բացի իր հանրային սուբյեկտիվ իրավունքներից, կարող է կրել նաեւ այդ հարաբերության բովանդակության մեջ ներառված պարտականություններ, քանի որ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրենց հանրային սուբյեկտիվ իրավունքներն իրացնելիս պետք է պահպանեն նորմատիվ իրավական ակտերով սահմանված ընթացակարգային իրավական կարգավորումներն ու օրենսդրական բոլոր պահանջները:
Դատարանն արձանագրել էր, որ այս գործով քննության ենթակա հիմնական հայցապահանջի հիմքում ընկած վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը: Հետեւաբար, հայցվորի պահանջը պետք է մերժել:
Աննա Փամբուխչյանը մայիսի 18-ին հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ԿԳՄՍ նախարարության, որով խնդրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի 10.03.2020թ. թիվ 43-Ա/1 հրամանը ճանաչել անվավեր եւ մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնել, որպես հետեւանք անվավեր ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության թիվ 163-Ա հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում եւ պարտավորեցնել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածում, մինչեւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը, հօգուտ հայցվորի վճարել միջին աշխատավարձ, իսկ դրա անհնարինության դեպքում համարժեք այլ պաշտոնում նշանակել կամ վերջինիս անհնարինության դեպքում պարտավորեցնել վճարել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում, անվավեր ճանաչել ՀՀ վարչապետի 25.12.2019 թ. N 1957-Լ եւ 1962-Ա որոշումները:
Պարզվել է, որ բացակայում են հայցադիմումը եւ կից փաստաթղթերը պատասխանողին ուղարկելու մասին ապացույցը, ինչից հետեւում է, որ հայցադիմումը ներկայացվել է հայցադիմումի ձեւին եւ բովանդակությանը ներկայացվող նորմերի խախտումներով, ուստի եւ ենթակա է վերադարձման հայցվորին:
Որոշ շտկումներից հետո այն կներկայացվի դատարան:
«Գյումրու թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, «Հանրապետական մանկավարժական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի, Ալավերդու պետական քոլեջի տնօրենները ընդդեմ նախարարության հայց են ներկայացրել. պահանջը մեկն է՝ վերականգնել նախկին աշխատանքում, հարկադիր պարապուրդի գումարը վերադարձնել, կատարել պայմանագրի կետերը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.12.2020