Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրեն կողքից հուշում են իր ընտանիքի իգական անդամները, թե ինչ անի, ինքն էլ անգիտակցաբար անում է եւ խայտառակում է իրեն»

Դեկտեմբեր 03,2020 13:00

Գեւորգ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի վախերի ու նոր նշանակումների մասին

«Նիկոլ Փաշինյանը ժողովրդի մեջքի հետեւում գործիք է կնքել, ինքը պետք է հրաժարական տա: Ինքը կարող է տարբեր նախարարներ փոխել, վարչության պետեր, այլ գերատեսչության ղեկավարներ, բայց դրանից քաղաքականությունը չի փոխվում: Այստեղ քաղաքական փոփոխությունների խնդիր կա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նա նշեց, որ Փաշինյանի բոլոր նշանակումները դրսից են թելադրված. «Վաղարշակ Հարությունյանը պրոֆեսիոնալ զինվորական է, անկեղծ ասած, այդպես տխուր վիճակներ չեմ ապրում իր նշանակման լուրը լսելով, բայց Նիկոլ Փաշինյանը, որ մեծ պրոբլեմի առաջ է կանգնած եւ ուզում է առանձին նշանակումներով իրենից շեղի հասարակության ուշադրությունը՝ դա հնարավոր չէ: Բոլորն էլ գիտեն, որ մոտ 5000 երեխաների գլխագինը Նիկոլ Փաշինյանի ուսերին է: Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ մերժված է ու իր պաշտոնը պահելու համար այլ մարդկանց չպետք է զոհաբերի: Իրեն այլեւս որեւէ մեկը չի հավատում: Նա այնքան … անձնավորություն է, որ բերում է զինվորական համազգեստով յուրայիններին հագցնում է, որպեսզի իմիտացիա ստեղծի, թե իբր զինվորները պաշտպանում են իրեն: Շատ պարզ տրամաբանություն է, հասկանո՞ւմ եք: Դրա համար պետք չի մեծ խելք ունենալ: Ո՞նց կարող է զինվորը պաշտպանի Նիկոլ Փաշինյանին, եթե այդ նույն զինվորի եղբայրը, մեկը անհետ կորել է, մեկը զոհվել է, մեկի դիակը հայտնի չէ, թե որտեղ է: Ծնողը խնդրում է, ասում է՝ իմ երեխու դիակը տվեք, թաղեմ: Նիկոլ Փաշինյանն այդ ամեն ինչն անտեսում, ընկնում է մարդկանց ձերբակալությունների հետեւից: Եթե իսկապես զինվոր է, ոչ թե զինվորի համազգեստ հագած, նա չի կարող Նիկոլ Փաշինյանի հանդեպ հարգանքի ամենանվազագույն նշույլն ունենալ: Դրա համար շոուներ սարքել, բերել իր ախրաննիկներին զինվորական համազգեստով կանգնացնել, ցույց տալ, որ զինվորն իր կողքի՞ն է: Իր կողքին չի: Իր կողքին մենակ իրա ընտանիքի անդամներն են, այն էլ մի քիչ կասկածում եմ բոլորի հարցում: Իր կողքին այսօր անվտանգությունն է, որը օրենքով իր պարտականությունն է անում, մեկ էլ այն զանգվածն է, որն այսպես է տրամադրվել՝ եթե ոչ Նիկոլը, ուրեմն նախկինները, դրա համար ավելի լավ է Նիկոլը: Դա է իր կողքի զանգվածը: Նա հասարակական վստահություն չունի, հանրային վստահության ռեսուրս չունի: Դրա համար էլ իրեն թույլ են տալիս, իրեն կողքից հուշում են իր ընտանիքի իգական անդամները, թե ինչ անի, ինքն էլ անգիտակցաբար անում է այդ ամեն ինչը եւ խայտառակում է իրեն»:

Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ շախմատի մեջ գոյություն ունի ցուգցվանգ հասկացությունը. «Մի անգամ սխալ ես թույլ տալիս, դրան հաջորդում են մյուս բոլոր սխալները: Ինքը հիմա այդ ցուգցվանգի մեջ է: Նրան չեն հավատում, չեն սիրում, չեն վստահում: Ճիշտ կանի, որ գեթ մեկ անգամ տղամարդկություն դրսեւորի ու հրաժարական տա ու ասի՝ ես ձախողեցի, կներեք, հաջողություն ձեզ: Բայց նա կարող է իր հարազատի արյան գնով, իր հարազատի դիակի գնով պահել իր իշխանությունը»:

Ըստ Պետրոսյանի, մարդը, որը կյանքում պաշտոն չի տեսել, հանկարծ հասնում է բարձր պաշտոնի, դա իր համար ցայտնոտային է. «Բայց պաշտոնից կառչելու շարժառիթը հետեւյալն է. նա այս կարճ ժամանակահատվածում այնքան հանցագործություններ է թույլ տվել, մասնավորապես, սահմանադրական կարգի տապալում, 4 անգամ նա սահմանադրական կարգի տապալում է թույլ տվել, դրանից վախենալով, հասկանալով` որ օրը հրաժարական տվեց՝ իրավապահ մարմինները անհանգստացնելու են իրեն, դրա համար հրաժարական չի տալիս: Ինքն էլ է ձանձրացել այս ամենից: Եթե իրեն որեւէ մեկը երաշխիք տա, որ պաշտոնանկությունից հետո ոչ մեկն իր հետեւից չի գալու, իմ խորին համոզմամբ, կտա հրաժարական: Ինքը հասկացել է, որ պետական կառավարման հետ ոչ մի անելիք չունի: Ինքը եղել է լավ ընդդիմադիր քաղաքական գործիչ, բայց պետություն կառավարելու, տնտեսություն ղեկավարելու հետ ոչ մի աղերս չունի: Հավանաբար ինքը արդեն այնքան միջոցներ է կուտակել, որ եթե ամբողջ կյանքում էլ չաշխատի, անհոգ կապրի: Բայց գիտակցում է, որ դժվար թե անհոգ ապրի, այն, ինչ ինքը թույլ է տվել, ոնց որ այսօր ինքն է հետաքննում նախկինների գործերը, հաջորդ իշխանությունը հետաքննելով իր գործերը՝ պարզելու է, չէ՞, որ ինքը ապօրինություններով է զբաղված եղել: Ես դեռ տեսանելի բաներն եմ ասում, բա անտեսանելի բաներն ինչքան շատ են լինելու: Ինքը այդ վախից կառչել է աթոռից, իրեն հիմա պետք չի վարչապետ լինել: Նա հասկանում է, որ որպես վարչապետ՝ խայտառակվել է ե՛ւ միջազգային, ե՛ւ ներքին հանրության առջեւ, բայց ստիպված մնում է պաշտոնին, որ իր հետքերով պետությունը չգա: Մի օր պետությունը գնալու է: Եթե պետությունն էլ չգնաց, անհատ անձինք են գնալու, որովհետեւ նա մեծ վնաս պատճառեց մեր պետականությանը: Մեկ ստորագրությամբ հանձնեց թշնամուն արյամբ ձեռք բերված մեր տարածքները, նա երբեք չի մարսելու դա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031