Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու բարբառից մինչև օճառագործություն․ ինչո՞վ են «Երիտասարդների տանը» զբաղվում արցախցի պատանիները

Դեկտեմբեր 02,2020 23:50

Գյումրու բարբառից մինչև օճառագործություն․ ինչո՞վ են «Երիտասարդների տանը» զբաղվում արցախցի պատանիները

18-ամյա Աննա Պետրոսյանը Շուշիից է, պատերազմի օրերին ընտանիքով հյուրընկալվել էին Գյումրի՝ բարեկամի տանը՝ վստահ լինելով, որ շատ շուտով պիտի վերադառնան հայրենի Արցախ։ Սակայն Շուշին անսպասելիորեն դարձավ երազանքների քաղաք, թեև Աննան վստահ է՝ իր ծննդավայրն ազատագրվելու է։ Շուշին, ըստ մեր զրուցակցի, կարոտելու քաղաք է, այն իր բնութագրմամբ՝ հետաքրքիր, մշակութային գողտրիկ վայր է, որի ամեն անկյունում մի հիշողություն է։

«Մենք հենց վերադարձի հույսով ենք ապրում, մի օր վերադառնալու ենք մեր հայրենիքը, մեր քաղաքը, կգա այդ օրը, գիտեմ։ Կարոտում եմ մեր տունը, մեր բակը, ընկերներիս, հարևաններին․․․»,-ասում է Աննան՝ ժպիտի տակ մի կերպ թաքցնելով ցավն ու տխրությունը։

Շուշիի բնակիչների մեծ մասը, ըստ Աննայի, վերադարձել են Ստեփանակերտ, իսկ իր ընտանիքը գնալու տեղ չունի, մնալու է Գյումրիում։

Արցախցի աղջկան հանդիպեցինք «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում, որտեղ գյումրեցի ու արցախցի պատանիների հետ Աննան պատրաստվում էր «Երաժշտական ուրբաթ» միջոցառման փորձերին։

 

Ի դեպ, «Գյումրու երիտասարդների տունը» մեծ թվով արցախցի պատանիների է հյուրընկալել՝ զբաղվելով նրանց ոչ ֆորմալ կրթությամբ, ժամանցով։ Աննան իր առօրյան անցկացնում է այստեղ՝ տարբեր խմբակների՝ ռուսերենի, անգլերենի, լեռնագնացության մասնակցելով, օճառագործության գաղտնիքները սովորելով, ստեղծագործելով․ երաժշտություն գրելով։ Նա նշում է, որ «Գյումրու երիտասարդների տանը» ջերմ միջավայր է, այստեղ մարդիկ հիանալի են, չեն թողնում տխրես։ Նա նոր ընկերներ, նոր շրջապատ է ձեռք բերել։ Աննան նոր ընկերների հետ արդեն սկսել է խոսել Գյումրու բարբառով։

Ի տարբերություն Աննայի, «Գյումրու երիտասարդների տանը» կրթվող Էթերի Հակոբյանը շուտով կվերադառնա Արցախ․ նա Մարտունու շրջանի Նենգի գյուղից է, այն չի հանձնվել թշնամուն։ Էթերին ասում է՝ չքնաղ մի վայր է Նենգին՝ հոյակապ բնությամբ, այն կարծես դրախտավայր լինի։ Հայրը գործարար է, մայրը՝ մանկավարժ, երկու եղբայրները՝ 21 և 23 տարեկան, առաջին օրվանից եղել են առաջնագծում։

«Մի ամիս է՝ այստեղ ենք, «Երիտասարդների տան»-ը նոր շրջապատ, նոր ընկերներ ձեռք բերեցի։ Չեմ փոշմանել, որ եկել եմ, պատկերացրեք՝ չեմ ուզում գնալ «Երիտասարդների տնից», ավելի ճիշտ ուզում եմ գնալ իմ տուն, բայց չեմ ուզում այս հոյակապ կենտրոնը թողնել։ Անպայման նորից կգամ այստեղ։ Հեծանվավարություն սովորեցի, լեռնագնացության, անգլերենի, ռուսերենի ակումբների մասնակցեցի։ Սովորեցի օճառագործությունը, շատ հետաքրքիր է, պատրաստել ենք սիրուն, էկոլոգիապես մաքուր օճառներ», -ասում է Էթերին։

Արցախցի այս աղջիկը ևս սովորել է Գյումրու բարբառը։

Նա պատմում է․«Շատ հեշտ սովորեցի, գիտեմ, հասկանում եմ, կարողանում եմ խոսել, բայց շատ չեմ խոսում։ Ճիշտ է՝ լավ բանի համար չեկանք Գյումրի, բայց նորից կգանք, շատ ջերմ է այստեղ, շատ սիրուն միջավայր է «Գյումրու երիտասարդների տանը», նոր ընկերներիս շատ եմ կարոտելու, բայց թող խաղաղություն լինի, ամեն ինչ լավ կլինի։ Հետևում եմ լուրերին, կարդում եմ, որ Արցախում խաղաղ է։ Դպրոցական ընկերներիս կեսը վերադարձել են Արցախ, կեսը կմնան Հայաստանում։ Որոշել եմ անգլերեն լեզվի թարգմանչուհի դառնալ, կսովորեմ Արցախի պետական համալսարանում»։

Նշենք, որ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ն մի քանի գործընկերների հետ պատերազմի առաջին իսկ օրերից իրագործեց «Աջակցող ձեռք Արցախից եկած ընտանիքներին» նախաձեռնությունը․ Շիրակի մարզում հյուրընկալված բազմաթիվ արցախցի ընտանիքներին նյութական օգնություն ցուցաբերելուց․ ամենօրյա սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ ձեռք բերելուց ու տրամադրելուց բացի, զբաղվում է նաև պատանիների կրթությամբ, ժամանցով։

ԵՆԿ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը մեծ դերակատարություն է ունեցել արցախցի 13-18 տարեկան պատանիներին պատերազմի հետևանքով տարած սթրեսից դուրս հանելու գործում։ Կենտրոնի ՖԲ էջում հաճախակի կարելի է տեսնել տեսանյութեր ու լուսանկարներ, որտեղ արցախցի պատանիներին ուղեկցում են Գյումրու թանգարաններ, տեսարժան վայրեր, սովորեցնում օտար լեզուներ, հեծանվավարություն, լեռնագնացություն, անգամ՝ օճառագործություն։ Որոշ պատանիների էլ այս կենտրոնից ուղղորդել են Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն՝ ծրագրավորման դասընթացների։ Եվ եթե նրանք վերադառնան Արցախ, կարող են դասընթացները շարունակել օն-լայն տարբերակով։

Aravot.am-ի հետ զրույցում «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի համակարգող Գայանե Առաքելյանն ասաց․ «Պատանիներն Արցախի տարբեր շրջաններից են, եկել են բարեկամների, հարազատների տուն կամ տեղափոխվել են Շիրակի մարզ՝ անորոշ ժամանակով։ Շատ պատանիներ վերադարձել են Արցախ, սակայն կան արցախցիներ, որոնք վերադառնալու տեղ չունեն, Գյումրիում են մնալու անորոշ ժամանակով։ Առաջին իսկ օրվանից նրանց առօրյան փորձել ենք հագեցած դարձնել՝ ուսուցողական ու ժամանցային ծրագրերով։ Մեզ մոտ հնարավորություն ունեն զարգացնելու գիտելիքները և լեզվական հմտությունները՝ մասնակցելով անգլերենի, ռուսերենի ակումբների։

«Ձեռքի աշխատանքներ» ակումբի շրջանակներում հնարավորություն ունեցան էկոլոգիապես մաքուր հումքից պատրաստել ձեռքի օճառներ, ծանոթացան, թե ինչպես է այդ գործընթացն իրականացվում։ Հենց իրենց ձեռքով պատրաստեցին տարբեր խոտաբույսերով, եթերայուղերով օճառներ ու փաթեթավորված նվեր տարան իրենց ընտանիքներին»։

Մեր զրուցակիցը նշում է, որ Գյումրու տեսարժան վայրերում ուսումնաճանաչողական այցեր կազմակերպելով՝ արցախցի երեխաներին կարողացան ծանոթացնել ու ինտեգրել այն միջավայրին, որտեղ ապրելու են։

«Նրանք 4-5 ժամ մեր կենտրոնում անցկացնելով՝ կտրվում են անորոշությունից, տխուր իրականությունից։ Սկզբում հոգեբանական ծանր դրության մեջ էին, հիմա բավական փոփոխություն կա, արդեն ընկերներ են ձեռք բերել, շփվում են։

Շիրակի լեռնագնացության ակումբի հետ համագործակցելով՝ դասընթացների շարք կազմակերպեցինք պատանիների համար, առաջին բուժօգնության, ալպինիզմի, քաղաքացիական պաշտպանության թեմաներով և հնարավորություն ունեցան այդ գիտելիքները գործնականում կիրառելու արշավի շրջանակում։ Մեծ խումբ տարանք Կապսի ձոր, իրենք կարողացան մասնակցել ժայռամագլցման, պարաններով աշխատանքների։ Հետաքրքիր օր ունեցան, պրակտիկ գիտելիքներ ձեռք բերեցին, փորձեցին այնպիսի բաներ, որոնք երբեք չէին փորձել Արցախում»։

«Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում վստահ լինելով, որ հայ ազգի փրկության միակ հույսը կրթված, մարտունակ ու ազգասեր երիտասարդությունն է, «Տիգրան Աբգարյանի անվան մարտական պատրաստության ակումբ»-ի հետ համագործակցելով՝ սկսելու են պարապմունքներ 16-18 տարեկան պատանիների՝ աղջիկների ու տղաների համար։ Սովորելու են կիրառել զենք-զինամթերք, գիտելիքներ են ստանալու մարտավարությունից, քարտեզագրությունից , տեղագրությունից։

Գայանե Առաքելյանը նշում է, որ իրենց աշխատակիցներն ու կամավորներն առաջին իսկ օրվանից անձնական մեքենաներով են արցախցի պատանիներին տեղափոխել կենտրոն։ Նոյեմբերի սկզբից էլ համագործակցել են Գյումրու համայնքապետարանի հետ, որը արցախցի պատանիներին տրամադրել է հասարակական տրանսպորտից օգտվելու անվճար կտրոններ։

Մեր զրուցակիցը նաև նշում է, որ «Երիտասարդների տան» սաները պատերազմի առաջին իսկ օրվանից ընդգրկված են եղել կամավորական աշխատանքներում՝ սննդի պահեստավորման, հագուստի տեսակավորման, անգամ անիվներ են հավաքել առաջնագիծ ուղարկելու համար։

Ի դեպ, մենք ևս առիթ ունեցել ենք հետևելու «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի՝ «Աջակցող ձեռք Արցախից եկած ընտանիքներին» նախաձեռնության շրջանակում իրականացվող կամավորական աշխատանքներին։ Այս հ/կ-ի աշխատակիցներն ու կամավորները մեծ սեր ու հոգի են դնում՝ անընդմեջ արցախցի ընտանիքներին այցելելով, նրանց ամեն օր թարմ հաց, սնունդ հասցնելով, հոգեբանական աջակցություն ցուցաբերելով, կարիքները գնահատելով, տարբեր գործարարների, ֆերմերների, անհատների հետ համագործակցելով։ Զգալի է, որ երիտասարդները դողում են հյուրընկալված արցախցիների կյանքի, առողջության վրա, նրանք այս հարցում կարծես պետության դերն են ստանձնել։

Լուսանկարները՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հ/կ-ի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031