Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր մեր պարտությունը նաեւ շաղախված էր բելառուսական պոլոնեզներով, ռուսական ՏՈՍ-երով, տասնյակ հազարավոր հրթիռներով ու արկերով, որը գնել է Ադրբեջանը ՌԴ-ից». Հովսեփ Խուրշուդյան

Դեկտեմբեր 02,2020 23:55

ՀԱՊԿ-ի խորհրդի նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել այս իրավիճակում աջակցել Փաշինյանին եւ նրա թիմին եւ ասել է, որ Փաշինյանը տղամարդու քայլ է արել: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը հարցին՝ սա նշանակում է, որ Պուտինը բացահայտ «դաբրո՞» է տալիս Փաշինյանին ու նրա պաշտոնավարմանը՝ պատասխանեց. «Նոյեմբերի 9-ից հետո 23 օր է անցել ու Պուտինը նոր նման հայտարարություն է անում: Հայտարարության հաջորդ օրը որոշ ուժերի կողմից փորձ արվեց Հայաստանում իրավիճակը ապակայունացնել, ընդհուպ իշխանությունը բռնազավթելու փորձ տեղի ունեցավ, քանի որ ներխուժում իրականացվեց կառավարության շենք, ԱԺ-ի շենք, մահափորձ արեցին ԱԺ նախագահի հանդեպ, եւ նման աջակցություն Նիկոլ Փաշինյանին այդ ժամանակ չհնչեց Վլադիմիր Պուտինի կողմից:

Իրավիճակը կայունացել է Հայաստանում, արտաքին ուժերը տեսան, որ Հայաստանում իշխանափոխության հայտ ներկայացրած 17 կուսակցությունները, որոնք, ըստ էության, նախկին կոալիցիոն ուժերն ու նրանց շուրջ համախմբված անձ-կուսակցությունները, որեւէ հասարակական աջակցություն չստացան: Նվազագույն թվով մարդիկ կարողացան հավաքել իրենց հանրահավաքներին, ինչը նշանակում է, որ գոնե հեղափոխության ճանապարհով այս պահին հնարավոր չէ իշխանություն փոխել Հայաստանում, իսկ հեղաշրջման ճանապարհով էլ հնարավոր չէ, քանի որ ուժային կառույցներն ամբողջությամբ ենթարկվում են գործող իշխանությանը: Իսկ թե ինչո՞ւ 23 օր հետո նոր աջակցություն հնչեց Պուտինի կողմից Փաշինյանին՝ ես գնահատական չեմ տա․ արեցի արձանագրումներ, մարդիկ կարող են հետեւություններ անել»:

Հարցին՝ Պուտինը երբ գովաբանում է Փաշինյանին, ասում է՝ տղամարդկային քայլ արեց, խիզախություն էր պահանջում նման քայլը, սրա տակ ուրիշ բա՞ն կա, թե՞ իր անձնական աջակցության ուղերձն է՝ Խուրշուդյանը պատասխանեց. «Անկախ այն բանից, թե Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու հետ կապված ինչ պլաններ ունի Վլադիմիր Պուտինը եւ Ռուսաստանը, կա շատ ավելի կարեւոր խնդիրը իրենց համար Հայաստանում, դա եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթների լիարժեք իրականացումն է, որը ոչ այլ ինչ է, քան, վերջապես, իրենց ուզած պլանի՝ Լավրովի պլանի կյանքի կոչումը, որը իրենք չկարողացան պարտադրել Հայաստանին խաղաղ ճանապարհով եւ արեցին դա տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում:

Երբ Երեւանի հրապարակներում հավաքված ուժերը սկզբում հայտարարության վերանայման հարց բարձրացրեցին, ապա Կրեմլը Լավրովի շուրթերով, այնուհետեւ արդեն անձամբ Պուտինը հատուկ ուղերձ հղեցին, որ նման որեւէ փորձ անընդունելի է, իսկ Պուտինը նույնիսկ ասաց, որ դա ինքնասպանություն կլինի Հայաստանի համար: Այսինքն՝ իրենց համար առավել կարեւոր խնդրի շուրջ իրենք առանց հապաղելու, առանց 23 օր սպասելու արտահայտվեցին, իսկ Փաշինյանին առերեւույթ աջակցություն հայտնեցին, երբ արդեն ակներեւ եղավ, որ Հայաստանի հասարակության տրամադրությունները ամեն դեպքում մնում են ինքնիշխանությանն աջակցելու ծիրում։ Մյուս տարբերակը ավելի քիչ հավանական է, սակայն հանուն արդարության դա եւս պետք է նշել, այն է, որ գուցե այս ընթացքում Փաշինյանը այնպիսի կարեւոր զիջում է արել Կրեմլին, կամ այնպիսի երաշխիքներ է տվել, որ այլեւս կարող է վայելել Պուտինի աջակցությունը․ ամեն դեպքում ուզում եմ հավատալ, որ ոչ թե այս, այլ առաջին տարբերակն է»:

Հովսեփ Խուրշուդյանն որպես Հայաստանի ժողովրդի՝ ինքնիշխանությանը հավատարիմ մնալու ցուցիչ ընդգծեց այն հանգամանքը, որ մոտ մեկ շաբաթ է, նախկին իշխանություններին պատկանող ԶԼՄ-ներով 17 ուժերի ներկայացուցիչների կողմից Ռուսաստանին միանալու գաղափարն է շրջանառվում. «Նույնիսկ ստորագրահավաք կազմակերպվեց մի հայտնի ֆեյսբուքյան խմբի կողմից, իսկ թե ինչ արձագանքներ եղան դրան՝ շատ վատ ցուցանիշ էր իրենց համար, ինչից հասկացան, որ որեւէ նման հեռանկար իրատեսական չէ Հայաստանում իրականացնել, որովհետեւ արձագանքները շատ բացասական էին: Ակնհայտ է, որ Հայաստանի հասարակությունն այս ընթացքում շատ բան է հասկացել: Բացի այն, որ հեղափոխությունից հետո իրեն շատ ավելի ինքնիշխան, սեփական երկրի տեր եւ սեփական որոշումների համար պատասխանատու է զգում, ու անկախ նրանից, որ մենք շատ ծանր պարտություն կրեցինք, բայց ամեն դեպքում դա չազդեց հասարակության ինքնիշխանության զգացողության վրա: Իսկ դա նաեւ արտաքին ուժերին հետեւություններ անելու հիմքեր է տալիս: Շատ լավ է, որ նման հետեւություններ անում են՝ Հայաստանը երբեւէ չի կցվի, չի դառնա որեւէ երկրի գուբերնիան կամ գաղութը: Այն, ինչ հնարավոր եղավ անել Արցախի հետ, զուտ այն պատճառով էր, որ այնտեղ ֆիզիկական գոյության խնդիր առաջացրեցին համատեղ ուժերով, Մոսկվայի անմիջական «դաբրոյով» համենայնդեպս, դա իմ կարծիքն է: Պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից՝ առնվազն Մոսկվայի լռելյայն համաձայնությամբ»:

Խուրշուդյանը հիշեցրեց, որ Հայաստանի սահմանների նկատմամբ նույնպես ոտնձգություն եղավ, բայց ՀԱՊԿ-ը չարձագանքեց. «Եթե կա այնտեղ մի Լուկաշենկոի Բելառուս, որն Ադրբեջանի շահերից ելնելով՝ կարող է ցանկացած հայանպաստ հարց սաբոտաժ անել, ստացվում է, որ ՀԱՊԿ-ը մեզ ոչինչ չի տալու, բայց պարտավորություններ մեր վզին փաթաթել են, հատկապես 2011թ․-ի՝ ՀԱՊԿ կանոնադրության եւ հիմնադիր փաստաթղթերում արված փոփոխություններով: Օրինակ՝ Հայաստանի տարածքում որեւէ այլ երկրի ռազմաբազա տեղակայելուց ՀԱՊԿ պարտադիր համաձայնության առկայությունը նույնը՝ օտարերկրյա զորքերի՝ Հայաստանի տարածքով տեղաշարժի իրավունք ստանալու համար։ Այսինքն՝ էականորեն սահմանափակվեց մեր սեփական տարածքները մեր իսկ շահերից ելնելով տնօրինելու ինքնիշխանությունը։ Դրա դիմաց մենք ոչինչ չենք ստացել, նույնիսկ չենք ստացել ՀԱՊԿ անդամ երկրների կողմից մեր թշնամի Ադրբեջանին զենք չվաճառելու պարտավորություն: Այնքան ապիկար են եղել մեր նախկին իշխանությունները, որ համաձայնվել են այդ ամենին ու այսօր մեր պարտությունը նաեւ շաղախված էր բելառուսական պոլոնեզներով, ռուսական ՏՈՍ-երով, տասնյակ հազարավոր հրթիռներով ու արկերով, որը գնել է Ադրբեջանը ՌԴ-ից»:

Հարցին, այսինքն, ՌԴ-ն ստիպված է համակերպվել Փաշինյանի իշխանության հետ, մինչեւ իրենց պլանի վերջնական իրագործո՞ւմը՝ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Մենք պետք է հասկանանք, որ Պուտինը ՌԴ-ի ղեկավարն է, մեր պաշտոնական հարաբերությունները ՌԴ-ի հետ ոչ միայն բարիդրացիական են, այլեւ ռազմավարական դաշնակցային ու Հայաստանը որեւէ դրույթ չի խախտել: Նիկոլ Փաշինյանը, երբեմն, արել է ավելին, քան անգամ Սերժ Սարգսյանն էր անում: Սերժ Սարգսյանը չէր համաձայնվում հայկական զորախումբ ուղարկել Սիրիա ռուսական դրոշի ներքո, բայց Նիկոլ Փաշինյանը դա արեց, էապես վատթարացնելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Նման հարաբերություններ ունեցող երկրների ղեկավարները իրենց երբեւէ չեն կարող թույլ տալ այլ բան ասել մյուս երկրի ղեկավարի հանդեպ, քան դրական, աջակցող մեսիջներն են։ Բայց կրկնում եմ, պետք է հաշվի առնել, թե երբ են դրանք արվում, ինչպես նաեւ հետեւել տվյալ դեպքում Կրեմլի բազմաթիվ ոչ-պաշտոնական խոսնակների դիրքորոշմանը, որոնցով հեղեղված են ռուսաստանյան հեռուստաալիքները։ Կարող եմ մի բան հաստատ պնդել, որ չի եղել որեւէ այլ երկրի ղեկավար, անգամ Սահակաշվիլին, որի հանդեպ այդպիսի անձնական վիրավորանքներ, լուտանքներ թափվեր, ինչպես որ դա արվեց Նիկոլ Փաշինյանի հասցեին հայտնի եռակողմ համաձայնագրի ստորագրմանը հաջորդած առաջին տասնօրյակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031