Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները պետք է կամ իրենց փոխարեն մարդ առաջարկեն, կամ այլ լուծումներ գտնեն. Վարդան Հարությունյան

Դեկտեմբեր 02,2020 23:40

«Իշխանություններն, ըստ էության, չեն աշխատում, նրանք ուղղակի չկան: Այն գործառույթները, որոնք պետք է իրականացնեին հետպատերազմական շրջանում՝ մեր ռազմագերիների վերադարձի, անհետ կորածների փնտրտուքի, դիակների վերադարձի հետ կապված, չեն իրականացնում, նրանք չունեն այսօր Ադրբեջանի հետ որեւէ քննարկում անցկացնելու, որեւէ կապ ապահովելու հնարավորություն: Նրանք պետք է խոստովանեն, որ չեն կարողանում դա անել: Պետք է կամ իրենց փոխարեն մարդ առաջարկեն, որը կարող է իրենց փոխարեն դա անել  կամ այլ լուծումներ գտնեն,  բայց նման պատասխան տալ անհետ կորածների կամ գերիների ծնողներին, կարծում եմ՝ ավելի քան վիրավորական է» ,- նման կարծիք հայտնեց  իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով անհետ կորածների ծնողների փոխանցած տեղեկությանը, թե Նիկոլ Փաշինյանն իրենց ասել է, որ  հինգ շրջաններն անհասանելի են մեզ, քանի որ Ադրբեջանի տարածքն է, Կարմիր Խաչը ոչ մի ձեւ չի կարողանում համագործակցել իրենց հետ. պիտի սպասենք:

Ըստ Վարդան Հարությունյանի՝ հաշվի առնելով, թե Ադրբեջանում ինչ վերաբերմունք կա գերիների եւ ընդհանրապես հայերի նկատմամբ, պետք է օր առաջ նրանց վերադարձման  գործի մեջ ներգրավել  հումանիտար կազմակերպություններին, միջազգային կառույցներին. «Իշխանությունները պետք է ակտիվ աշխատեն, բայց ընդհանրապես չեն աշխատում. ամեն ինչ ինքնահույսի են թողել, ոչինչ չեն անում, այդ առաջնահերթ հարցերը մնացել են ադրբեջանցիների հայեցողությանը»:

Մեր զրուցակցի կարծիքով ռազմագերիների վերադարձման հարցի ձգձգմամբ Ադրբեջանը փորձում է էլ ավելի ստորացնել ՀՀ իշխանություններին. «Փորձում են առավելագույնս նվաստացնել ՀՀ իշխանություններին, չգիտեմ, դրա համար պետք է լինեն մարդիկ, որոնք խոսեն ադրբեջանցիների հետ, կրկնում եմ՝ այդ մարդիկ այսօրվա իշխանությունները չեն»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե անհետ  կորածների ու ռազմագերիների հստակ ցուցակներ պետք է ներկայացվեն, որպեսզի հնարավոր լինի խնդրին լուծում տալ՝ պարոն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Այս ամբողջ ընթացքում ՌԴ-ն ,Թուրքիան ու Ադրբեջանը հանդես են գալիս մի կողմից, ՀՀ-ն մնացել է միայնակ այս կողմում: Լավրովն իր այդ խոսքերով ասում է՝  ՀՀ իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն, բայց ՀՀ իշխանությունները չունեն Ադրբեջանի հետ խոսելու համարձակությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031