ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը հայցադիմում կներկայացնի դատարան՝ ընդդեմ քաղաքացի Տարոն Չախոյանի։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Նարեկ Ալոյանը՝ նշելով, որ համացանցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քաղաքացի Տարոն Չախոյանի կողմից վարվող ֆեյսբուքյան էջում և ԶԼՄ-ներում հրապարակվել են Արա Սաղաթելյանին զրպարտող և վիրավորող տեղեկություններ, ինչի առնչությամբ էլ կներկայացվի դատական հայց՝ հրապարակայնորեն զրպարտությունը հերքելու և վիրավորանքի համար ներողություն խնդրելու պահանջներով։
Բացի դա՝ կներկայացվի նաև գումարային պահանջ օրենքով նախատեսված առավելագույն չափով, այսինքն՝ զրպարտության համար 2 մլն դրամի չափով, վիրավորանքի համար՝ 1 մլն դրամի չափով։
«Ստացվելիք գումարները նպատակաուղղվելու են զինծառայողների հիմնադրամին։ Գումարային ակնկալիք անձամբ պարոն Սաղաթելյանը չունի։ Տվյալ գումարները նպատակաուղղվելու են հանուն զինվորների առողջության ապահովման»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ այս պահին պարզ և հստակ է մտադրությունը՝ քաղաքացիական դատավարության կարգով զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվության ենթարկելու համար հայց ներկայացնելը։ Մեկ այլ հաղորդմամբ՝ պահանջ կդրվի քրեական պատասխանատվության ենթարկել սուտ մատնության համար։
Աղբյուր` «Փաստինֆո»