«Մենք 25 տարի գրեթե բոլորս, ողջ քաղաքական դաշտը երկիրը հետևողական տանում էր մի պատերազմի, որտեղ մենք հաղթելու ոչ մի շանս չունեինք: Եթե մենք հաղթելու գոնե մեկ շանս ունենայինք, ես վստահ եմ՝ մեր բանակն այդ պատերազմը կհաղթեր»,-«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Ձախողումներ՝ արտաքին ու ներքին քաղաքականության ոլորտում. ինչո՞ւ է այդպես» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց հրապարակախոս Արմեն Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ պատերազմի փաստը մեզնից կախված էր, և մենք գիտակցաբար գնացինք այդ պատերազմին՝ մեր 25 տարվա սխալ քաղաքականությամբ մենք դասեր չքաղեցինք պատերազմից և հիմա էլ շարունակում ենք չքաղել:
Նա օրինակ բերեց, որ հիմա բոլորն ասում են՝ դուք այս պատերազմում պատահաբար պարտվեցիք, դավաճանություն կար և այլն, բայց իրականում կային օբյեկտիվ պատճառներ այդ պարտության, և մեր հազարավոր զոհերի, մեր երիտասարդների հաշվին բոլորը ստացան իրենց շահը: Արմեն Բաղդասարյանը ցավով նշեց, որ մեր սխալներից հետևություն չեն անում, թե ինչ է պատահում, որ հայ զինվորն ու սպան, որոնք ամենալավն են, պարտվեցին, ուրեմն պատճառը քաղաքական սխալներն են:
Արմեն Բաղդասարյանը վստահեցրեց՝ մեր տարածաշրջանում կենսունակ Հայաստան պահպանելու հարցում մենք դաշնակիցներ ունենք՝ Ռուսաստան, Իրան, Չինաստան. «Օրինակ՝ Ռուսաստանին ձեռնտու է, որ Արցախում հայկական հայություն մնա: Պետք է աշխատել այն հարթակներում, որտեղ ընդհանուր շահեր ունենք և խոսել մեր թշնամիների հետ»: Նրա փաստմամբ՝ լուրջ մարտահրավերներ կան՝ գերիներ, անհետ կորածներ, սահմանների դեմարկացիա: Այս առիթով ասաց. «Որքան հասկանում եմ՝ անտերություն է. ոչ մեկ չի մասնակցում: Այնպիսի տպավորություն է, որ մեր պետությունը գոյություն չունի, չկա: Հենց սա է, որ ամեն օր մեզ բերում է նոր կորուստներ: Ստորագրված հայտարարությունում, պարզվում է, փոփոխություններ են եղել, և մենք դա իմանում ենք Ալիևից. մեր իշխանությունները ոչինչ չեն ասում: Լաչինի միջանցքի մասով անորոշություն է, խայտառակություն է այդ անորոշությունը, որովհետև պարզվում է՝ հետո ինչ-որ բաներ են փոխվել, բայց մենք չգիտենք: Հարց է՝ այնտեղ հայե՞ր են ապրելու, թե՝ ոչ: Եթե այնտեղ հայեր պիտի չապրեն, Արցախի մնացած հատվածում մարդիկ մնալու են շրջափակման մեջ: Իշխանությունն էլի շարունակում է խաբել մեր հասարակությանը»:
Կարդացեք նաև
Արմեն Բաղդասարյանի համոզմամբ՝ պարզ է՝ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, բայց ոչ թե պետք է քննարկվի՝ նրանից հետո ով է լինելու, այլ թե ինչ քայլեր են արվելու և որ ուժն ի վիճակի կլինի այդ հարցերը լուծել: Նա նկատեց. «Բոլորը համաձայն են, որ այս իշխանությունները պիտի հեռանան, բայց մի քանի հազար մարդ է դուրս գալիս փողոց, քանի որ հաջորդի, քաղաքական ուժի, ծրագրի վերաբերյալ անորոշություն է, մինչդեռ մենք այդ ժամանակը չունենք. մեր սահմաններն են գծվում, մենք չգիտենք նույնիսկ՝ Սյունիքով միջանցք լինելո՞ւ է, թե՝ ոչ, Բերձորում հայե՞ր, թե՞ ադրբեջանցիներ են ապրելու»:
Արմեն Բաղդասարյանը հիշեց՝ նոյեմբերի 10-ից հետո կարծում էր, որ իշխանությունները պետք է հեռանան, բայց որոշ ժամանակ է պետք կայունություն պահպանելու համար: Այս մասին նա նշեց. «Հիմա տեսնում եմ, որ սխալվել եմ, քանի որ այդ որոշ ժամանակը՝ 20 օրն անցավ, բայց այդ 20 օրում բացարձակ ոչինչ չարվեց, այդ 20 օրը կորցրինք, հիմա կորցնելու ենք էլի 20 օր: Մենք այն վիճակում ենք, որ մեր թշնամիներն ինչ կարողանում, վերցնում են, որտեղ ասես գալիս, իրենց դրոշակը տնկում են: Տարբեր հարցեր կան, որոնք ամենօրյա լուծում են պահանջում, բայց դրանք լուծող չկա»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ