Հանրային խորհրդում վարչապետի հետ հանդիպմանը խոսվել է արտահերթ ընտրությունների մասին, բայց պարոն Սաֆարյանն ասում է, խոսվել է ոչ ամենեւին այն համատեքստում, որը որ լրատվամիջոցներն են փորձում ներկայացնել
«Ես կարող եմ ասել մի բան՝ այն, ինչ քննարկվել է երեկ հանրային խորհրդում, այո, քննարկվել է նաեւ «Իմ քայլի» ներսում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն ի պատասխան մեր այն հարցի՝ արդյոք երեկվա հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր հրաժարականի հարցը քննարկվել է նաեւ իրենց կուսակցությունում․ «Հենց զգամ, որ դրա անհրաժեշտությունը կա, հրաժարական կտամ»։ Սակայն Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ չի ուզում խուսափել պատասխանատվությունից:
Երեկ վարչապետը հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ, որի ժամանակ հիմնական ելույթները վերաբերել են նրա հրաժարականի պահանջին։
Ստյոպա Սաֆարյանն այս առնչությամբ ասաց՝ այնպես չէ, որ հիմնականում հրաժարականի մասին ելույթներ են եղել, շատ տարբեր դրվածքներով են եղել ելույթները․ «Խոսել են ստեղծված իրավիճակի կայունացման, բանակցություններին մասնակցելու եւ շատ այլ հարցերի մասին։ Արտահերթ ընտրությունների մասին խոսվել է ոչ ամենեւին այն կոնտեքստում, որը որ լրատվամիջոցներն են փորձում ներկայացնել»։
Կարդացեք նաև
Իր հրաժարականի մասին Հանրային խորհրդում Փաշինյանն ի՞նչ է ի վերջո ասել, այս ճշտող հարցին ի պատասխան, պարոն Սաֆարյանն ասաց․«Կրկնեմ՝ այն, ինչ գրվել է կայքերում, էպիզոդիկ է, որոշ դեպքերում՝ խիստ աղավաղված, որոշ դեպքերում կտրված բանավեճի կոնտեքստից, մի տեսակետ է՝ առանց ներկայացնելու դրա արդյունքում ձեւավորված եզրահանգումը։ Եվ այս կտրվածքով, ես ինձ թույլ չեմ տա, եւ չունեմ այդպիսի իրավունք ասելու՝ ինչ է ասել, ելնելով երեկվա պայմանավորվածության արդյունքներից։ Որովհետեւ վարչապետն առաջարկեց շատ անկեղծ լինել։ Կարող եմ ասել մի բան՝ այն, ինչ քննարկվել է երեկ, այո քննարկվել է նաեւ «Իմ քայլի» ներսում։ Այն ելույթները, որոնք հնչել են վարչապետի համար, իր համար նորություն չէին, որովհետեւ վարչապետը ինքը հենց այդ զրույցն ինքն իր հետ ունեցել է։ Ճնշող մեծամասնության մոտ, գոնե վերջում, եւ նաեւ ընթացքում եղել է խորը ըմբռնում, որ առաջնային խնդիրն այս պահին այս հուզական իրավիճակում Արցախի եւ ՀՀ-ի անվտանգային միջավայրի կայունացումն է։ Ինչ վերաբերում է, թե արտահերթ ընտրությունների մասին ինչ է ասել վարչապետը, ես չեմ ասի, թե ով է հարցը բարձրացրել, որովհետեւ մենք շատ անկեղծ զրույց ենք ունեցել։ Չնայած որոշ փոքրաթիվ ելույթներում առկա հուզական դրվագները, այնուամենայնիվ, բոլորը եղել են շատ կառուցողական դաշտում, միմյանց լսել են մինչեւ վերջ եւ ներկայացրել են իրենց վերաբերմունքն այդ ամեն ինչի նկատմամբ»։
Պարոն Սաֆարյանը վստահեցրեց, որ Հանրային խորհրդում վարչապետի հետ հանդիպման ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվել՝ զինադադարի հայտարարության փաստաթղթում ռազմագերիների վերադարձի համար ժամկետի բացակայությունն ու դրա պատճառները, ճանապարհների ապաշրջափակում եւ այլն․ «Նույնիսկ կադրային փոփոխություններն ենք քննարկել: Օրինակ՝ մեզ կողքից թվում էր, որ կադրային նշանակման հարցերում վարչապետը որեւէ մարմնի հետ չի քննարկել, չեմ ասի, թե որ նախարարն է, բայց պարզվեց, այդպես չէ, այդ թեկնածությունը համապատասխան շրջանակների հետ քննարկվել է, միանձնյա որոշում չի եղել, մինչդեռ մեզ թվում էր, որ միանձնյա էր եւ ոչ թափանցիկ։
Երկուսուկես ելույթ է եղել, եւ դա է ներկայացվում հանրությանը, բայց դրանք էլ իրար շատ հակասող ելույթներ էին։ Դավաճանության մասին է խոսվել, որեւէ անձի դավաճանության, մեղադրանքի մասին անվանապես չի խոսվել, բայց ամեն մարդ գիտի, թե ինքն ում նկատի ունի։ Հանգամանալից խոսվել է բանակցային գործընթացի նախապատմության մասին, պատերազմի ընթացքում Շուշիի զարգացումների, սպառազինության բոլոր խնդիրների, ռազմական արդյունաբերության վիճակի մասին, Սյունիքի սահմանների եւ շատ այլ հարցերի մասին»։
Հանրային խորհրդի որոշ անդամներ նաեւ հայտարարել են, որ դուրս են գալիս խորհրդից։ Այս առնչությամբ պարոն Սաֆարյանը հրաժարվեց մեկնաբանել եւ անուններ տալ, նշելով՝ քանի դեռ չկա պաշտոնական հայտարարություն, ինքը չի կարող որեւէ բան ասել այդ մասին, քանի որ հնարավոր է՝ հայտարարությունից հետո այդ անդամներն այլ որոշում կայացնեն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ». Ավելի վաղ «Անկախը» հրապարակել էր, որ Հանրային խորհրդի անդամներից շատերը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են մասնակցել հանդիպմանը:
Խորհրդի անդամ Ռուզան Ղազարյանը ասել էր. «Իմաստ չեմ տեսնում հանդիպել երկիրը պարտության և նվաստացման մատնած վարչապետի հետ: Առաջարկել եմ Նիկոլ Փաշինյանին այդ անպտուղ հանդիպմանը տրամադրելիք ժամանակը հատկացնել իր պաշտոնից բխող պարտականության կատարմանը՝ գերիների վերադարձի խնդրի անհապաղ լուծմանը»:
ՀԽ անդամ Գագիկ Մանասյանն էլ ասել էր, որ միանում է Ռուզան Ղազարյանին և կիսում նրա տեսակետը:
ՀԽ անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նույնպես հաստատել էր, որ հրաժարվել է մասնակցել հանդիպմանը՝ համարելով հանդիպումն անիմաստ:
Ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանն ասել էր, որ չի մասնակցելու հանդիպմանը, և իր դիրքորոշումն արտահայտված է ՀՀ ԳԱԱ նախագահության տարածած հաղորդագրության մեջ՝ որպես ԳԱԱ նախագահության անդամ: Հիշեցնենք, որ ակադեմիան օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով կառավարության հրաժարականը:
ՀԽ անդամ Անահիտ Աղոյանը, որը նույնպես հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը, կարծում է, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենար մինչև պատերազմը կամ գոնե պատերազմի ընթացքում. «Արդեն ուշ է և անիմաստ նման հանդիպումը»,-նշել էր նա: