ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջիկայում պատրաստվում է «Հիշատակի եւ տոների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ դնել շրջանառության մեջ: Նա առաջարկելու է նոյեմբերի 10-ը`տխրահռչակ հայտարարության ստորագրման օրը, հռչակել հայրենադավության կամ դավաճանության օր: Այս մասին պատգամավորն այսօր ասաց «Արժանապատվության երթի» ժամանակ, լրագրողների հետ`զրույցում: «Նիկոլ Փաշինյանը մեզնից գողացավ մայիսի 8-ը՝ Շուշիի ազատագրման մեր եռատոն հաղթանակը, ուրեմն նոյեմբերի 10-ը, երբ ծնկի բերվեց Արցախը Ալիեւի առջեւ, մենք պետք է նշենք որպես հայրենադավության օր»,- կարծում է Նաիրա Զոհրաբյանը:
Այսօր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Փաշինյանի արածը «տղամարդու քայլ է». լրագրողների դիտարկմանը Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Ես, անկեղծ ասած, զարմանում եմ, որ մարդիկ փորձում են ՌԴ նախագահի շատ պարզ ու հստակ արված հայտարարության տակ այլ շերտեր տեսնել: Ըստ իս, Պուտինի ասածը հստակ էր, որ այս կապիտուլյացիոն փաստաթղթի միակ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է: Ես հասկացել եմ, որ հեռանալու դեպքում իր եւ իր թիմին կտրվեն անվտանգության երաշխիքներ»:
Հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ կրում է տեղի ունեցածի պատասխանատվությունը, Նաիրա Զոհրաբյանն ուզում է հասկանալ, թե ինչո՞վ է դա արտահայտվելու: Իր կարծիքով, պատասխանատվություն կրելը պետք է լինի մեկը. «Նիկոլ Փաշինյանը մեր արժանապատվության անկման, Հայաստանի ու Արցախի պարտության խորհրդանիշն է եւ պետք է րոպե առաջ հեռանա»:
Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի`իշխանությունից հեռացումից հետո, անցումային կառավարությունը կփորձի լուծել մի քանի կարեւոր օրակարգային խնդիրներ, որոնցից առաջինը ռազմագերիների վերադարձն է. «Կարեւորագույն հարց է նաեւ փրկել այն, ինչը հնարավոր է փրկել Հայաստանի տարածքային ամբողջականությունից: Մենք տեսանք Ադրբեջանի պատրաստած ռեպորտաժը, որտեղ Սոթքի մի հատվածի վրա բարձրացվեց Ադրբեջանի դրոշը: Հիմա սպասում ենք իշխանության հայտարարությանը, թե այս պահին Սոթքի հանքավայրի քանի՞ տոկոսն է գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ: Նոր բանակցողը պետք է վերացնի այն ականները, որոնք դրված են այդ եռակողմ փաստաթղթի տակ»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ