Ազատության հրապարակից` Արամ Խաչատրյանի արձանի մոտից, քիչ առաջ մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը: Երթը կազմակերպել են ՀՅԴ երիտթեւի ներկայացուցիչները եւ այն անվանել «Արժանապատվության երթ»:
Երթի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Կառավարության շենքի մոտ նրանք կհրապարակեն իրենց պահանջները եւ հետագա անելիքները:
Երթի ընթացքում հնչում են «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Դավաճան հեռացիր», «Ադրբեջանին պարտվել ես դու, մենք պարտվել ենք քո ստին», «Բանակը չի պարտվել, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն է պարտվել» եւ համանման այլ վանկարկումներ: Հորդորներ են հնչում`ուղղված խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին`չկանգնել Նիկոլ Փաշինյանի կողքը եւ չսատարել նրա դավաճանական գործողություններին:
Երթի առաջնորդողները կարծում են, որ նոյեմբերի 10-ի համաձայնությամբ բավական խնդիրներ են ստեղծվում Սյունիքի մարզում, որը մոտալուտ ապագայում հանգեցնելու է նոր պատերազմի: Քննադատվում է նաեւ այն, որ պետական կառույցներն անգործության են մատնված, այդ թվում նաեւ ռազմագերիների վերադարձման հարցում:
Կարդացեք նաև
Երթը բավական մարդաշատ է: Վարորդներն ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնում երթի մասնակիցներին: Ի դեպ, երթն ուղեկցում են բավական մեծ թվով ոստիկաններ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ