ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը խայտառակություն է համարում այն իրողությունը, որ մեր քաղաքացիները գերի ընկած զինվորների ազատ արձակման կամ փոխանակման առումով դիմում են ոչ թե ՀՀ իշխանության ներկայացուցիչներին կամ ինստիտուտներին, այլ օտարերկրյա դեսպանատներին: «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, բանախոսը նկատեց`սա փաստագրումն է նրա, որ մեզ մոտ այսօր քաղաքական ինստիտուտները ոչնչացված են:
«Պետություն պետական ինստիտուտներն են, և դրանց ոչնչացումն այս 2.5 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված ազգակործան, պետականակործան քաղաքականության արդյունք է: Եվ այդ արդյունքը, ցավոք, տեսնում են ոչ միայն մեր քաղաքացիները, այլև միջազգային հանրությունը: Այսօր ՀՀ-ում ըստ էության իշխանություն չկա, այն վերացել է՝ 2.5 տարվա հետևողական աշխատանքի արդյունքում: Եվ այս պարագայում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանությունից օր առաջ հեռացումը մեր ողբերգությունների կասեցման հիմնական նախապայմանն է, որովհետև այս ղեկավարի օրոք որևէ դրական հանգրվանի չենք կարող հասնել: Մեր պրոբլեմները խորանալու են, և ես հեռու եմ այն մտքից, որ խնդիրները սահմանափակվեցին միայն այն բանով, երբ նա ստորագրեց կապիտուլյացիայի այդ խայտառակ հայտարարությունը: Մենք դեռ լրջագույն պրոբլեմներ ունենք՝ կապված Սյունիքի մարզում իրականացվող այդ ծրագրերի հետ, որը ևս նախատեսված է այդ հայտարարության մեջ: Պետք է Նախիջևանը կապվի Ադրբեջանի հետ, և այս խնդիրների քիչ թե շատ հայանպաստ լուծումը ենթադրում է Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումը իշխանությունից, և վարչապետ ընտրելը մի մարդու, ով կկարողանա այս ծանր իրավիճակը շտկել»:
«Արցախի մասին համաշխարհային հանրությանը ինֆորմացիա է տալիս ռուսական խաղաղապահ ուժի ներկայացուցիչը: Կարծես թե Հայաստանն իսպառ դուրս է մղվել ղարաբաղյան գործընթացից: Սա մի անթույլատրելի և խայտառակ իրավիճակ է, որը ստորացուցիչ է ցանկացած հայի համար՝ կլինի նա ՀՀ-ի, Արցախի բնակիչ, թե աշխարհի որևէ երկրի: Եվ այս իրավիճակը իր հետևանքներն ունենալու է: Մեր անկախության սերունդը չի կարող հանդուրժել, որ իր հայրենիքում իր իշխանությունները վերջնական լուծումների տերը չեն: Մեր անկախության սերունդը, կարծում եմ, պետք է թոթափի իր ուսերից այս իշխանությանը և բերի նոր իշխանություն, որը կկարողանա այս ծանր իրավիճակից մեր ժողովրդին ու պետությանը դուրս հանել: Որքան շուտ կարողանանք իրականացնել Նիկոլ Փաշինյանի հեռացումը, այնքան հեշտ կլինի փրկել պետականության, ինքնության այն փշուրները, որոնք մնացել են այս ավերածությունից հետո, ու դրա վրա կամաց-կամաց վերականգնենք այն, ինչին արժանի է մեր պետությունը և ժողովուրդը»,- ասաց բանախոսը`հավելելով, որ Հայաստան ներդրումներ բերելու խնդիրը անսահման բարդ է այժմ, ինչի դրսևորումներին` սոցիալական, տնտեսական եւ այլն, նույնպես ականատես կլինենք:
Անդրադառնալով էլ կառավարությունում իրականացված վերջին կադրային փոփոխություններին, Գագիկ Մինասյանը նկատեց. «Նորանշանակ նախարարներն աբսուրդային հայտարարություններ են անում, որոնք խոսում են այն մասին, որ գործ ունենք պետության իսպառ բացակայության հետ, և դրա մեղավորը մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը: Բոլոր բնագավառներում՝ պաշտպանությունից մինչև մշակույթ, գիտությունից մինչև առողջապահություն, բոլոր ձախողումների պատճառը այդ մեկ մարդն էր, ով իր գալով՝ չարիքի պես գուժեց մեր պետության այս ողբերգությունը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ