Տրամաբանակա՞ն էր այս մեծ ողբերգությունը, պարտությունը, թե՞ հնարավոր էր խուսափել դրանից. այս հարցից եւ դրա պատասխանից այսօր «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, իր խոսքը սկսեց ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: Իր վերլուծությունում նա եզրահանգեց` վերջին 2.5 տարիների ընթացքում ՀՀ-ում իրականացվող քաղաքականությանը տարվում էր մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի կողմից. «Մեկ մարդու անսահմանափակ իշխանություն էր, որի առանձնահատկությունն այն էր, որ ինստիտուտները չէին աշխատում, աշխատում էր մեկ մարդու միտքը և կամքը այդ ընթացքում, ըստ ՀՀԿ-ական նախկին պատգամավորի, իրականացվեցին կարևոր քայլեր, իր համոզմամբ, կանխորոշեցին նաև ողբերգությունը, որի առջև այսօր կանգնած է մեր պետությունը և հասարակությունը: Առաջին քայլը, ըստ բանախոսի, պետական ինստիտուտների, այդ թվում նաեւ բանակի ոչնչացումն էր, երկրորդը՝ պետության էլիտաների, այդ թվում նաեւ զինվորական, ոչնչացում. «Մեզ հետ այդպես են վարվել արաբները, բյուզանդացիները, թուրքերը, մոնղոլները. այդպես վարվեց նաև Նիկոլը»:
«Մեր զինվորական էլիտան ամենակայացածն էր ու գնահատվածը հասարակության կողմից, և բանակային էլիտայի ուղղակի արժեզրկումը և հետևողական ոչնչացումը տեղի ունեցավ: Հետևաբար, այն արդյունքը, որին ականատես եղանք, լրիվ կանխատեսելի էր և մտնում էր նոր ժամանակների պատերազմների վարման, հիբրիդային պատերազմի մեթոդաբանության մեջ: Արդյոք սա պատահակա՞ն էր, թե՞ միտումնավոր: Իմ ենթադրությունն այն է, որ սա պատահական լինել չէր կարող, որովհետև չափազանց հետևողական իրականացվեց այս ընթացքը և բերեց այն ողբերգությանը, որի առջև մենք կանգնած ենք»,- ասաց Գագիկ Մինասյանը:
Բանախոսի գնահատմամբ, անցած 2,5 տարիների ընթացքում ոչնչացվեց նաեւ Ադրբեջանի հետ ձեւավորված ռազմաքաղաքական բալանսը, որը ձևավորվել էր ղարաբաղյան խնդրի կարգավորման 30 տարիների ընթացքում. «Մեր ռեսուրսներն ակնհայտորեն զիջում էին այն ռեսուրսներին, որ ուներ Ադրբեջանը, բայց քաղաքական կոմպոնենտը միշտ մեզ մոտ եղել է ավելի գերակա՝ Ադրբեջանի նկատմամբ: Դա հենց ռազմաքաղաքական բալանսն էր, որը թույլ էր տալիս ռազմաճակատի գծում ապահովել հավասարությունը, որը այս 2.5 տարիների ընթացքում Փաշինյանը քայքայեց: Բավական է հիշել, թե ինչպես հետևողականորեն մեր բոլոր բարեկամների և դաշնակիցների հետ պրոբլեմներ ստեղծեց: Խոսքը միայն Ռուսաստանի հետ չէ: Տեսեք, թե իրականացվող քաղաքականության արդյունքում ինչ հարաբերություններ ժառանգեցինք՝ Իրանի հետ: Բավական է հիշել, թե ինչպես էր նաև արտահայտվում Իրանի մասին, երբ այստեղ էր ԱՄՆ ներկայացուցիչը: Ասում էր, որ ցանկացած րոպե կարող է փակվել Իրանի հետ ճանապարհը, ԻԻՀ-ից դեպի Հայաստան ձգվող ճանապարհը դարձել է թմրանյութերի տարհանման ճանապարհ: Այսինքն, հիմնական մեղադրանքները, որ աշխարհը ներկայացնում է մեր բարեկամ և հարևան Իրանին, այդ օրերին իր շուրթերով արտահայտեց Նիկոլ Փաշինյանը»: Բանախոսն «ունիկալ մի հնարք» է համարում գժտությունը Իսրայելի հետ: Նիկոլ Փաշինյանը, ըստ բանախոսի, նաեւ մեծ խնդիրներ ստեղծեց Վրաստանի հետ՝ անհեռատես, իսկ որ իրեն ավելի հավանական է թվում, մտածված քաղաքականության արդյունքում: Այդպիսին է իրավիճակը նաև մեր կարևորագույն գործընկեր Չինաստանի հետ:
Գագիկ Մինասյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները մշտապես հստակ արձանագրել են` խնդիրը ռազմական լուծում չունի: Մինչդեռ, պատերազմի ժամանակ նման հայտարարություն չհնչեց երեք համանախագահների կողմից. «Պատճառը մեկն էր. այդ 2.5 տարիների ընթացքում հետևողականորեն քայքայվեց այն ամբողջ կառույցը, որը ստեղծվել էր այս տարիների ընթացքում եռանախագահողների հետ համաձայնեցված քայլերի արդյունքում, որի առանցքը ազգերի ինքնորոշման սկզբունքն էր: Գալով իշխանության՝ ինքը նոր թեզ առաջ քաշեց`ազգերի ինքնորոշման թեզը փոխեց անվտանգության թեզով: Իսկ անվտանգություն դուք կարող եք ակնկալել նաև Ադրբեջանի կազմում լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման պարագայում»: Նոր մոտեցումները, բանախոսի գնահատմամբ, որևէ մեկին, այդ թվում՝ նաև Հայաստանում, հասկանալի չէին. «Ի՞նչ է նշանակում՝ ես սկսում եմ նոր կետից, և այդ նոր կետը բերեց հենց այն ողբերգությանը, որին ականատես ենք: Ի՞նչ է նշանակում՝ մի հարցրեք, թե մենք ինչի մասին ենք բանակցում. ինչի մսին պետք է, դրա մասին էլ բանակցում ենք»:
Կարդացեք նաև
Նրա խոսքով, վարկաբեկվեց բանակի ռազմաքաղաքական էլիտան. այն երախտավորները, ովքեր տարիների ընթացքում կարողացել են կառուցել մեր պաշտպանական համակարգը, հեռացվեցին իրենց պաշտոններից, պաշտպանական շրջանների հրամանատարների անտրամաբանական փոփոխություն տեղի ունեցավ Արցախում, սպառազինության բնագավառում անհեռատես ծախսեր կատարվեցին, փոխվեց առաջիկան տարիների համար նախատեսված ռազմավարական պլանը:
Արդյունքում, քաղաքական ու ռազմական բնագավառներում իրականացվող ավերածությունների հետևանքը չէր կարող իր ազդեցությունը չունենալ պատերազմում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ