Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Գինոսյան․ «Ես վարչապետին ասել եմ՝ շնորհակալ եմ, որ Լեոնիդ Ազգալդյանին հերոսի կոչում չի շնորհել, պիղծ ձեռքերից չի տրվել այդ կոչումը»

Դեկտեմբեր 02,2020 18:22

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է հանրային խորհրդի անդամների հետ։ Հանդիպումը շատ բուռն է անցել։ Հանրային խորհրդի անդամներից ոմանք իրենց ելույթներում վարչապետի հրաժարականի պահանջն են դրել։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա է եղել նաեւ հանրային խորհրդի անդամ, ազգային պարարվեստի գործիչ, բանահավաք, գրող, մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։ Նա Aravot.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ պատմեց։ Պարոն Գինոսյանի ներկայացմամբ՝ խորհրդի  44 անդամներից 14-ն էին ներկա, ինքը՝ Գինոսյանը, հայտարարել է խորհրդի կազմից դուրս գալու մասին։

«Ես վիրավորական տոնայնությամբ, շատ կոշտ եմ խոսել, դատավճռի նման։ Փաշինյանը  բոլոր հարցերին փորձում էր հակադարձել, բայց իմ դեպքում ասաց՝ քանի  որ ձերը ելույթ էր, դրա համար չեմ պատասխանում։ Իսկ ես առաջարկեցի կառավարության անդամներին եւ «Իմ քայլը» խմբակցության անդամներին փոխանակել ռազմագերիների հետ, գոնե էդ տղաներին վերադարձնեն։ Ես ասել եմ՝ շնորհակալ եմ, որ Լեոնիդ Ազգալդյանին հերոսի կոչում չի շնորհել, պիղծ ձեռքերից  չի տրվել այդ կոչումը»։

Մամուլը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը ՀԽ անդամներին ասել է, որ իր հրաժարականի հարցը քննարկվել է նաեւ իրենց կուսակցությունում․ «Հենց զգամ, որ դրա անհրաժեշտությունը կա, հրաժարական կտամ»։ Սակայն  Նիկոլ  Փաշինյանը նշել է, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում, քանի որ չի ուզում խուսափել պատասխանատվությունից:

Պարոն Գինոսյանն այս առնչությամբ ասաց՝ վարչապետը նշել է, որ  իր կուսակիցների հետ  հրաժարականի հարցը քննարկել է, բայց չի ասել, որ կտա հրաժարական, եթե կարիքը լինի․ «Նա ասել է՝ հետագա անկայունությունը կանխելու համար  եւ իր ընտրողների քվեին տեր կանգնելու պատճառով չի տալիս հրաժարական։ Ես նրան դավաճան ասացի եւ հիշեցրեցի Մելիք Ֆրանգյուլի ճակատագիրը, որի գերեզմանը մինչ օրս չեն ցանկապատում եւ երեք հարյուր տարի անց էլ այն կեղտոտում են»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031