Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ որոշում են Պուտինը, Էրդողանն ու Ալիեւը, ՀՀ սահմաններն էլ գծում են GPS-ով

Դեկտեմբեր 02,2020 18:44

Պարզ չէ, թե ՀՀ տարածքային ամբողջությունն այս օրերին ինչ փորձությունների է ենթարկվում

Մինչ մեր երկրում Նիկոլ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով քաղաքական-հասարակական դիսկուրս կազմակերպելու հարցում մեծ ջանքեր է գործադրում, մեկ-երկու քննարկման թեմաներ է նետում հրապարակ՝ նպատակ ունենալով շեղել հասարակության ուշադրությունն առավել կարեւոր ու բարդ խնդիրներից, մենք ականատես ենք դառնում իշխանության անգործությանը՝ պետության համար կարեւոր նշանակության հարցերում:

Իշխանությունների կողմից չկա որեւէ պարզաբանում, թե ինչ է կատարվում նոյեմբերի 10-ի ընդունած եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանին հանձնվող տարածքների առնչությամբ: Այս պահին միայն պարզ է, որ լիակատար անորոշություն է: Որոշակիություն չկա, թե ՀՀ տարածքային ամբողջությունն այս օրերին ինչ փորձությունների է ենթարկվում: Առհասարակ, անհասկանալի չէ, թե ինչպե՞ս են GPS համակարգով սահմաններ գծվում, այդ համակարգը սահմանազատման հի՞մք է:

Տարբեր պետություններ, այդ թվում՝ Ադրբեջանն ու Վրաստանն օրինակ, ինչպես հայտնի է, տարիներ շարունակ քննարկումներ են ունենում երկրների միջեւ պաշտոնական պետական սահմանի որոշման հարցում՝ ձեւավորված եւ համաձայնեցված մեխանիզմներով, օրինակ՝ միջկառավարական հանձնաժողովների մասնակցությամբ։

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պաշտոնական դեմարկացիա եւ դելիմիտացիա տեղի չի ունեցել։ Սոթքի հանքավայրերը Խորհրդային Հայաստանում հաստատվել են ԽՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի կողմից։ Նշանակում է՝ դրանք ՀՀ-ին են պատկանում: Հետեւաբար GPS համակարգով՝ ադրբեջանական կողմին հանքավայրի մի մասը տալ-չտալու հարցն ուղղակի անհասկանալի է եւ նույնքան անհանգստացնող ՀՀ պատկան մարմիններում տիրող խառնաշփոթը, արագ չափուձեւ անելու այս ողջ գործընթացը:

Նույն իրավիճակն է՝ Արցախում: Դեկտեմբերի 1-ի Քաշաթաղի հյուսիսային հատվածում, որը, ըստ պայմանավորվածության պետք է անցներ Ադրբեջանին, արդեն ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներ են տեղակայվել: Սակայն համընդհանուր անորոշություն է: Բերձորցիները չէին շտապում լքել հարազատ քաղաքը: Sputnik Արմենիայի հետ զրույցում Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանն ասել էր, որ Քաշաթաղի շրջանի բնակավայրերից Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերը շարունակելու են մնալ հայկական: «Մինչեւ այս պահը գոնե մեր ունեցած ինֆորմացիան սա է ու հույս ունեմ` չի փոխվի», նշել էր քաղաքապետը՝ հավելելով, որ իր տեղեկությունները հիմնված են բացառապես իր ու շրջվարչակազմի ղեկավարության ունեցած տվյալների վրա, Հայաստանի ու Արցախի բարձրաստիճան ղեկավարներից տեղեկություններ չի ստանում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակված Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի նախագահների հայտարարությունում Լաչինին վերաբերող հատվածում ասված է. «Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափելու Շուշին, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կորոշվի Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կապ ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր ուղու կառուցման ծրագիրը, որին կհաջորդի այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերաբաշխումը: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»: Այսինքն, վերոհիշյալ 3 հայկական բնակավայրերն իրենց աշխարհագրական դիրքով տեղավորվում են Լաչինի միջանցքի համար պահպանվող 5 կմ-անոց հատվածում, ստացվում է, ըստ փաստաթղթի՝ պետք է մնան ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ:

Դեկտեմբերի 1-ին, ի դեպ, Ադրբեջանի նախագահը որոշ մանրամասներ է ներկայացրել եռակողմ հայտարարության վերաբերյալ, թե ինչ է պահանջել հայկական կողմը, ինչին է առարկել պաշտոնական Բաքուն:

Ալիեւն անդրադարձել է Լաչինի ազատագրմանն ու Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքին։ «Համատեղ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվում էր այդ միջանցքը թողնել հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, ես առարկեցի, ինչի արդյունքում միջանցքը փոխանցվեց ռուս խաղաղապահների հսկողությանը։ Բացի այդ, փաստաթղթի նախնական տարբերակում, որի վրա ակտիվ աշխատանք է տարվել, հատկապես՝ Շուշայի ազատագրումից հետո ընկած կարճ ժամանակահատվածում, մեզ առաջարկվում էր, որ Լաչինի միջանցքը լինի 30 կմ։ Ես կտրականապես մերժեցի, ասելով, որ հայկական կողմի այդ հավակնություններն անհիմն են։ Երկրորդ տարբերակում առաջարկվում էր 10 կմ միջանցք, ես նաեւ դա մերժեցի, արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց 5 կմ լայնությամբ միջանցքի մասին, որը բավարար տարածություն է եւ՛ մեզ համար, եւ՛ Ղարաբաղի հայերի, եւ՛ անվտանգության ապահովման», -ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նշել է նա։

Սա դեռ ամենը չէ, Ալիեւը պնդել է, թե առաջիկայում Ադրբեջանին է վերադարձվելու նաեւ Լաչին՝ Բերձոր քաղաքը, որով այժմ անցնում է Հայաստանը Ղարաբաղին կապող 5 կմ միջանցքը. «Դրա փոխարեն մենք առաջարկում ենք նոր ճանապարհ կառուցել, ես այդ մասին խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, եւ դա արձանագրված է եռակողմ փաստաթղթում: Ես ՌԴ նախագահին ասացի, որ Լաչին քաղաքը եւս պետք է մեզ վերադարձվի, ուստի մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել եւ մշակել Ղարաբաղը Հայաստանին կապող երթուղին։ Հայտարարության մեջ նաեւ ժամկետն է նշվում՝ երեք տարի, սակայն, ես կարծում եմ, որ մենք ավելի շուտ կավարտենք։ Նոր այդ միջանցքի չափորոշիչները որոշելուց հետո Լաչին քաղաքը նույնպես մեզ կվերադարձվի։ Սա հատուկ ուշադրության է արժանի, քանի որ, եթե ես չկարողանայի այս դրույթը ներառել հայտարարության մեջ, Լաչինի միջանցքը կընդգրկեր ողջ քաղաքը», ասել է նա։

Ալիեւը չի թաքցրել, որ Լաչինի ազատագրումը համարում է իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը, խոստովանելով՝ շուրջ 30 տարի շարունակված բանակցությունների ընթացքում այն մշտապես քննարկվել է որպես կարեւոր ու առանձին հարց։ «Հայկական կողմը ընդհանրապես կարծում էր, որ ողջ Լաչինի շրջանը պետք է նրանց տրվի որպես միջանցք, եւ, ցավոք, որոշ արեւմտյան շրջանակներ պաշտպանում էին այդ դիրքորոշումը», հավելել է Ալիեւը։ «Երբ բանակցությունների ընթացքում մենք առնչվում էինք Լաչինի միջանցքին վերաբերող թեմաների, թե՛ Հայաստանը, թե՛ նրան հովանավորող ուժերը մշտապես նշում էին՝ ոչ, Լաչինի շրջանն առանձին հարց է։ Մեզ ուղիղ տեքստով չէին ասում, բայց մշտապես կարծիք կար, որ Լաչինի շրջանը պետք է ինչ-որ ձեւով մնա հայկական կողմին», մեկնաբանել է Ադրբեջանի նախագահը։

Մանրամասնելով դռնփակ բանակցությունների որոշ դետալներ՝ Ադրբեջանի նախագահն ասել է, թե հայկական կողմը քննարկել է 5 շրջանների վերադարձը, պայմանով, որ Լաչինն ու Քելբաջարը վերադարձվեն կամ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման, կամ՝ այդ հարցով քվեարկության օրը որոշելու դեպքում. «Եթե Ղարաբաղին անկախություն տրվեր, Հայաստանը կվերադարձներ նաեւ այդ շրջանները, սակայն, Լաչինի միջանցքը պետք է տրվեր Հայաստանին, ընդ որում, դրա լայնությունը որոշված չէր, սրանք էին բանակցային սեղանին դրված հարցերը»: Ալիեւն, ի դեպ, ընդգծել է, որ տարիներ շարունակ որոշ արտաքին ուժեր հորդորել են Բաքվին համաձայնել դրան. «Մեզ մեկ անգամ չէ, որ ասել են՝ վերցրեք հիմա այդ հինգ շրջաններն ու բավարարվեք դրանով, դուք պարտվել եք պատերազմում, Հայաստանը հաղթել է, համակերպվեք իրականության հետ։ Հինգ շրջանները, որ հիմա ձեզ խոստանում են, արդեն իսկ մեծ բան է, գոհացեք, իսկ Լաչինն ու Քելբաջարը թող մնա ապագային, երբ Լեռնային Ղարաբաղին կտաք անկախություն»։

Այնուհետեւ, ընդգծելով, որ ավելի քան 40 օր շարունակված՝ նոր պատերազմով ու դրա ավարտին ստորագրված հայտարարությամբ իրեն հաջողվել է լուծել այս հարցերը, Քելբաջարն ու Լաչինն էլ վերադարձնել՝ առանց որեւէ կրակոցի, Ալիեւը զգուշացրել է՝ թող որեւէ մեկը չփորձի միջամտել տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին. «Նման փորձեր կան»: Ալիեւը՝ անդրադառնալով, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատում օրեր առաջ ընդունված բանաձեւին, որը կոչ է անում ճանաչել Ղարաբաղը, հավելել է. «Որեւէ մեկը չի կարող միջամտել մեր գործերին, կրկնում եմ եւս մեկ անգամ՝ ղարաբաղյան հակամարտություն հասկացությունը մնացել է անցյալում։ Նման խնդիր այլեւս չկա, Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք կտեսնեն՝ ինչպես է իրենց կյանքը բարելավում միասնական պետության շրջանակներում․․․ Հայաստանի վարչապետ Փաշինյանը դրել է իր ստորագրությունը այդ փաստաթղթի տակ, ձեր ի՞նչ գործն է»:

Այնուհետեւ նա անդրադարձել է նաեւ եռակողմ հայտարարության վերջին՝ իններորդ կետին, որտեղ նշվում է, որ տարածաշրջանի հաղորդակցության բոլոր միջոցները պետք է բացվեն, ճանապարհները ապաշրջափակվեն եւ որ Հայաստանը պարտավորվում է միջանցք ապահովել Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ։ «Այս դրույթը եւս ամրագրվել է իմ նախաձեռնությամբ», վստահեցրել է Ալիեւը, ընդգծելով՝ մինչ օրս նման հստակ ու կոնկրետ պահանջ խաղաղության ծրագրում չի եղել, մինչդեռ, իրեն հաջողվել է արձանագրել նաեւ՝ ոչ թե հայկական, այլ ռուսական ուժերն են վերահսկելու այդ տարածքի անվտանգությունը։ «Ավելին, մենք Նախիջեւանը Ադրբեջանին կապող ոչ թե մեկ, այլ՝ երկու միջանցք ենք ունենալու», – պնդել է Ալիեւը՝ պարզաբանելով. «Այստեղ նաեւ նշվում է՝ կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը։ Սա նշանակում է, որ երկու միջանցք է լինելու անհրաժեշտության դեպքում, սա մեր պատմական ձեռքբերումն է, մենք դուրս ենք բերում Նախիջեւանը մեկուսացումից, միեւնույն ժամանակ՝ նոր տրանսպորտային երակ բացում տարածաշրջանում։ Ադրբեջանը կապվում է Նախիջեւանի ու Թուրքիայի հետ։ Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, եթե, իհարկե, ցանկանա՝ նաեւ Հայաստանը եւս կարող են միանալ այդ միջանցքին։ Ես այս գաղափարը փոխանցել եմ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներին, եւ նրանք դրական են արձագանքել»։

Նկատենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել Ալիեւի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահները դրական են վերաբերվել Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ Նախիջեւանը միացնող միջանցքի գաղափարին: Կրեմլի խոսնակն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացման եւ ապաշրջափակման հարցերը Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկում են: Իսկ «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում մեկնաբանելով Լաչինի միջանցքի այլընտրանքային տարբերակի հարցը՝ Հայաստանն ու Ղարաբաղը կապող նոր ճանապարհի կառուցման տարբերակը, հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինն ասել է, որ լեռնային տեղանքում բոլորովին նոր ճանապարհ կառուցելը կլինի ծախսատար եւ երկար ժամանակ կպահանջի: Բացի այդ, նոր ճանապարհը կլինի շատ ավելի երկար եւ կպահանջի ռուս խաղաղապահների թվի ավելացում:

Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության 9-րդ կետով նոր տրանսպորտային ուղին պետք է կառուցվի փաստաթուղթը ստորագրած բոլոր կողմերի համաձայնությամբ, այսինքն՝ Հայաստանը նույնպես պետք է համաձայնություն տա։ Խոսքը գնում է ոչ թե միջանցքի մասին է, ինչպես Լաչինի դեպքում, այլ տրանսպորտային նոր ուղիների մասին։ Սակայն պարզ չէ, ՀՀ համապատասխան կառույցներն այս օրերին զբաղվո՞ւմ են ՀՀ անվտանգությանն ու ՀՀ տարածքային ամբողջականությանը վերաբերող այս խիստ կարեւոր խնդիրներով, հանդե՞ս են գալիս իրենց առաջարկություններով, թե՞ ամեն ինչ քննարկում, որոշում են Պուտինը, Էրդողանն ու Ալիեւը:

Ի դեպ, դեկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Անկարան ու Մոսկվան համաձայնության են եկել Ղարաբաղում Թուրքիայի դիտորդական առաքելության հարցում, տեխնիկական հարցերը համաձայնեցվել են, համաձայնագիրը ստորագրվել է: Նկատենք, որ բանակցությունները գրեթե 3 շաբաթ տեւեցին, ակնհայտ էր, որ Մոսկվան ու Անկարան տարաձայնություններ ունեին: ՀՀ իշխանությունները, ինչպես ցույց տվեց նրանց երեքշաբաթյա լռությունը՝ այս գործընթացում նույնպես ներգրաված չէին:

Օրերս Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել էր, որ թուրք զինվորականները շուտով սկսելու են իրականացնել իրենց առաջադրանքները. «Մենք Ադրբեջանի կողքին էինք բոլոր այս տարիներին, եւ մեր խորհրդարանի որոշմամբ թուրք զինվորները շուտով անցնելու են Ադրբեջանում իրենց առաջադրանքների կատարմանը»։ Իսկ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ավելի վաղ նշել էր, որ թուրք զինվորականները Ղարաբաղում՝ «պարեկություն են իրականացնելու անցակետերի միջեւ երթուղիներում»։

Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները, օրեր առաջ հայտնել էր, որ Թուրքիան եւ Ռուսաստանը ընդհանուր հայտարարի չեն գալիս Ադրբեջանի տարածքում անկախ ռազմական դիտորդական կենտրոնի ստեղծման շուրջ։ Խոսքը ոչ թե ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի, այլ Թուրքիայի կողմից հակամարտության գոտում առանձին դիտորդական կետ հիմնելու մասին է։ «Ռուսաստանը կարծում է, որ տարածաշրջանում առանձին թուրքական դիտորդական կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն չկա, սակայն Թուրքիայի համար դա անհրաժեշտություն է», Reuters-ի հետ զրույցում ասել էր անանուն աղբյուրը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031