«Գիտակցում եմ, որ այս պահին մի քիչ հուզական է, Ադրբեջանի հետ աշխատելը կարող է դիտվել որպես բավականին ծանր, դժվար որոշում: Կարծում եմ՝ ներկա վիճակում տնտեսական զարգացումը բոլորիս համար թիվ մեկ առաջնահերթությունը պետք է դառնա, եւ ինչ-որ տեսանկյունից եթե նախկինում առաջնահերթությունը տրվում էր ուժային բլոկին, դա ինչ-որ տեղ սխալ էր»,-ԱԺ-ում այսօր տնտեսական հարցերի հանձնաժողովի եւ փոքր/միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Ռուբեն Օսիպյանը՝ անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանն այն մասին, որ չի բացառվում՝ հայկական եւ ադրբեջանական շուկաները բացվեն միմյանց համար:
Ռուբեն Օսիպյանը նշեց. «Պետք է առաջնահերթություն տալ տնտեսական բլոկին: Եթե էկոնոմիկան բավականաչափ ուժեղ լիներ, արդյունքներն այլ կլինեն: Այս տեսանկյունից ցանկացած էկոնոմիկայի նախարարի դերը կայանում է նրանում, որ ինքը ստեղծի հնարավորություններ բիզնեսի զարգացման համար: Այս տեսանկյունից սթափ է պետք նայել: Եթե որեւէ տնտեսվարող նպատակահարմար գտնի արտադրանքն արտահանել Ադրբեջան կամ ներմուծել, դա իր որոշման հարցն է: Եվ եթե չկա դա անելու օրենսդրական սահմանափակում, ես խնդիր չեմ տեսնում»:
Օսիպյանը միաժամանակ շեշտեց, որ հարցը գուցե հուզական է եւ գուցե հիմա ճիշտ ժամանակը չէ այդ մասին խոսելու. «Խնդրում եմ նախարարին հարցրեք այդ մասին»:
Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների ներկրումը վեց ամսով արգելող օրինագծին՝ Օսիպյանն ասաց. «Իմ կարծիքով՝ թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու որոշումը պարտվողական է այն առումով, որ չենք կարողացել ստեղծել հասարակություն, որտեղ հասարակության անդամը չի կարող որոշել՝ թուրքակա՞ն գրիչ է առնում, թե չինական: Եթե այդ մարդու համար մեկ է, եւ մենք հույսը դրել ենք պետության արգելելու վրա, արգելի-չարգելի՝ այդ ապրանքը, միեւնույնն է, գալու է»:
Կարդացեք նաև
Լրագրողները տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Բաբկեն Թունյանից հետաքրքրվեցին՝ Վահան Քերոբյանի հայտարարությունը ենթադրո՞ւմ է, որ թուրքական ապրանքների ներմուծումն արգելող օրինագիծը հանվելու է շրջանառությունից: Թունյանը պատասխանեց, որ նման որոշում չկա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի շուկայում գործելուն՝ նա պատասխանեց. «Բերեք մի հատ մեր տեղական արտադրության հարցերը լուծենք վերջացնենք…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ