Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակչության մի ստվար զանգված մտածում է երկրում մնալ-չմնալու հարցի շուրջ». Ռուբեն Օսիպյան

Դեկտեմբեր 02,2020 17:20

«Կանխատեսումներ կան, որ տնտեսական վիճակը վատթարանալու է: Աշխատանքային ռեսուրսի, աշխատակիցների խնդիր կա, նաեւ՝ մոտիվացիայի: Բնակչության մի ստվար զանգված մտածում է երկրում մնալ-չմնալու հարցի շուրջ եւ դրա հետ կապված՝ գործ անել-չանելու մասին»,-ԱԺ-ում այսօր տնտեսական հարցերի հանձնաժողովի եւ փոքր/միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի» նախագահ Ռուբեն Օսիպյանը՝ վերլուծելով հետպատերազմյան տնտեսական իրավիճակը:

«Այստեղ պետք է սթափ նայենք իրավիճակին: Մեր դիրքորոշումն այն է, որ հիմա անձնավորված մեղավոր փնտրելով՝ ամեն մեկն իր վրայից մեղքը բարդում է ուրիշի վրա: Թերացումներ եղել են բոլոր օղակներում: Նախկինում տարածված կարծիք կար, որ մենք պետք է պետական աջակցությամբ ապահովենք այն բիզնեսին, որը մի կերպ է գոյատեւում: Իմ կարծիքով՝ հիմա պետք է թիրախը փոխվի, եւ մենք պետք է աջակցենք արդյունավետ, գրագետ, շահութաբեր, արտահանմանը միտված բիզնեսին, որպեսզի իրավիճակը շուկայում փոխվի: Այդպիսի բիզնեսները պետք է օրինակ հանդիսանան մյուսների համար: Նախկինում եւ հիմա ՀՀ-ն հնարավորությունների երկիր է: Լիքը բան արված չի, եւ արտասահմանյան հաջողված փորձը պետք է անել ՀՀ-ում»,-համոզմունք հայտնեց Օսիպյանը:

Ռուբեն Օսիպյանի խոսքով՝ եթե նախկինում ոմանց համար աշխատողներին չգրանցելը եւ հարկերից խուսափելն օրինաչափություն էր, հիմա դա պետք է դառնա անընդունելի անգամ կենցաղային մակարդակում. «Եթե աշխատողին հրաժարվում են գրանցել, նա իր քայլերը պետք է ուղղի աշխատանքի տեսչություն»:

Օսիպյանը նաեւ հույս հայտնեց, որ հանձնաժողովի հետ հանդիպումները շարունակական կլինեն. «Սա վեցերորդ հանդիպումն էր, եւ դա շատ վատ էր: Առնվազն 26-րդ հանդիպումը պետք է լիներ: Վերջին 1,5-2 տարում հանդիպումներ չեն եղել՝ գուցե օբյեկտիվ, գուցե սուբյեկտիվ պատճառներով: Համաձայնության եկանք, որ ամեն ամիս հանդիպումներ կունենանք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031