Լրահոս
Օրվա լրահոսը

Մաշկի ամենատարբեր խնդիրների դեմ պայքարող վիտամինային դիմակներ, որոնք կարելի է պատրաստել տանը

Դեկտեմբեր 02,2020 22:00

Մաշկի խնամքի միջոցների բաղադրակազմն ուսումնասիրելիս ամենատարբեր ծանոթ ու անծանոթ բաղադրամասերի կողքին հաճախ ենք նկատում վիտամինների մասին նշումներ, որոնց առկայությունը մեզ վստահություն է ներշնչում տվյալ միջոցի արդյունավետության վերաբերյալ։ Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում փոքրիկ անդրադարձ ենք կատարել վիտամինների՝ մաշկի վրա գործող ազդեցությանը, ինչպես նաև առանձնացրել ենք վիտամիններով հագեցած մի քանի դիմակներ, որոնք կարող եք պատրաստել և կիրառել տնային պայմաններում։

Ինչպիսի ազդեցություն ունեն վիտամինները մաշկի վրա

  • Վիտամին A-ն օժտված է հակաօքսիդիչ, հակաբորբոքային հատկություններով, ունի արևապաշտպան ազդեցություն։ Այս վիտամինն օրգանիզմում ակտիվացնում է էլաստինի արտադրությունը՝ պահպանելով մաշկի տոնուսը։
  • Վիտամին E-ն հոգում է մաշկի ճարպային շերտի մասին և կանխարգելում մաշկի ջրազրկումը, չորությունն ու վաղաժամ կնճիռների առաջացումը։
  • Վիտամին C-ն ամենաարդյունավետ հակաօքսիդանտներից մեկն է, որը բարելավում է մաշկի գույնը, նպաստում է օրգանիզմում կոլագենի արտադրմանը, վիտամին E-ի նորմալ մակարդակի պահպանմանը, մաշկային բծերի վերացմանն ու ծակոտիների նեղացմանը։
  • В1 վիտամինը պահպանում է մաշկի առաձգականությունը, կանխարգելում մաշկի չորությունն ու թեփոտվածությունը, պայքարում է մանր կնճիռների, մաշկի գրգռվածության դեմ։
  • В2 վիտամինն անհրաժեշտ է մաշկի վերականգնման համար, այն պահպանում է մաշկի առողջ գույնն ու փայլը, պայքարում բորբոքումների դեմ։
  • Վիտամին В3 (PP) -ը բարելավում է արյան շրջանառությունը, օգնում ազատվել դեմքի, աչքերի շրջանի այտուցվածությունից, կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը։
  • В6 վիտամինը խոնավեցնում է մաշկը, պայքարում մաշկի գրգռվածության դեմ։
  • Վիտամին В9-ը կամ ֆոլաթթուն նույնպես մեծ դեր ունի մաշկի գեղեցկության համար, այն ունի հակաօքսիդիչ, արևապաշտպան, հակաբորբոքային ազդեցություն:
  • Վիտամին В12-ը ակտիվացնում է արյան շրջանառությունն ու բջիջների բաժանումը, հոգում մաշկի առողջ տեսքի մասին, այն նաև արդյունավետ է խնդիր ունեցող մաշկի համար։
  • Վիտամին К-ն անհրաժեշտ է անոթների ու մազանոթների բարվոք վիճակի համար։ Ամրացնելով անոթներն ու մազանոթները՝ վիտամին К-ն կանխարգելում է այտերի ու քթի շրջանում մազանոթային աստղիկների ու ցանցի առաջացումը, կարմրությունը, աչքերի ներքո մուգ շրջանակների առաջացումը։

Դիմակներ վիտամին A-ով

Վիտամին A-ի միացությունները՝ ռետինոլը, ռետինալը, ռետինոյաթթուն, բետա-կարոտինը և այլն մեծ դեր ունեն օրգանիզմի երիտասարդության պահպանման գործում, դրանք խթանում են առողջ բջիջների առաջացումը, պաշտպանում են մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, բորբոքումներից, հոգում մաշկի առողջ պատնեշի ձևավորման մասին։

Դիմակ խնդիր ունեցող մաշկի համար

Եթե դեմքի մաշկին երբեմն առաջանում են պզուկներ, ապա դրանց դեմ պայքարող արդյունավետ տարբերակ է հալվեի (ալոե) հիմքով այս դիմակը, որի համար անհրաժեշտ է․

  • Դեմքի մաշկի տվյալ տեսակին համապատասխանող քսուք- 15 մլ,
  • 5 մլ ալոեի հյութ,
  • 10 կաթին A վիտամին, որը կարող եք ձեռք բերել դեղատնից։

Նշված բաղադրամասերը խառնել ու քսել դեմքին՝ թողնելով 15-20 ր։ Դիմակը լվանալ գոլ ջրով, այնուհետև մաշկը խոնավեցնել կրեմի կամ շիճուկի միջոցով։

Ճարպոտ ու խառը տիպի մաշկի դեպքում այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթվա մեջ 2 անգամ, նորմալ մաշկի դեպքում՝ շաբաթը մեկ, իսկ չոր մաշկի դեպքում՝ 10 օրը մեկ։ Մեկ ամիս այս դիմակը կիրառելուց հետո պետք է 3 շաբաթ դադար տալ և կրկնել՝ ըստ անհրաժեշտության, ինչպես նաև հաշվի առնելով կոնկրետ մաշկի վրա գործած ազդեցությունը։

Հանգստացնող դիմակ

Գրգռված մաշկը հանգստացնելու միջոց է կաթնաթթվային մթերքների հիմքով դիմակը։ Կաթնաթթուն հանգստացնում է մաշկը, վերականգնում մաշկի առողջ գույնը, խոնավեցնում ու թեթևակի շերտազատում է մաշկը։ Դիմակի համար անհրաժեշտ է․

  • 15-ական մլ թթվասեր ու կաթնաշոռ,
  • 1 սրվակիկ վիտամին A։

Խառնել այս բաղադրամասերն ու պահել դեմքին 15 ր, լվանալ գոլ ջրով, կրկնել շաբաթը 2 անգամ, մեկ ամիս այս դիմակը կանոնավոր կիրառելուց հետո 2-3 շաբաթ դադար տալ։

Դիմակներ վիտամին Е-ով

Այս վիտամինը մաշկին անհրաժեշտ ամենակարևոր վիտամիններից մեկն է, որը նույնպես կարելի է ձեռք բերել մոտակա դեղատնից։

Հանգստացնող դիմակ

Բանանով դիմակները հանգստացնում են մաշկը, վերականգնում մաշկի pH-հավասարակշռությունը, բանանի մեջ պարունակվող մրգային թթուները շերտազատում են մաշկը՝ թարմացնելով այն։ Այս դիմակի համար անհրաժեշտ է․

  • 7 կաթիլ վիտամին Е,
  • կես բանան,
  • 2 ճ․ գդ․ յուղոտ թթվասեր կամ սերուցք։

Այս ամենը խառնել և քսել դեմքին 15 րոպեով, այնուհետև լվանալ գոլ ջրով։ Օգտագործել այս դիմակը շաբաթը 2 անգամ։

Երիտասարդացնող դիմակ

Այս դիմակն արդյունավետ է «հոգնած», խամրած մաշկի համար։

  • Խառնել 10 կաթիլ կիտրոնի հյութ և 5 մլ մեղր,
  • ավելացնել 1 ճ․ գդ․ յոգուրտ, այնուհետև 10 կաթիլ վիտամին E:
  • Մանրամասն խառնել։

Դիմակը պահել դեմքին 25-30 ր․, լվանալ գոլ ջրով։ Դիմակը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը 2 անգամ։

Դիմակներ վիտամին C-ով

Վիտամին C-ն շատ բարենպաստ ազդեցություն ունի մաշկի վրա, այն ակտիվացնում է մաշկի վերականգնողական գործընթացները, պայքարում մաշկի վաղաժամ ծերացման դեմ։

Դիմակ ակնեի դեմ

Այս դիմակը կանխարգելում է նոր պզուկների առաջացումն ու օգնում ազատվել հներից․ այն խորհուրդ է տրվում կիրառել շաբաթական 2 անգամ։

  • 1 ճ․ գդ․ կանաչ կամ սպիտակ կավը բացել տաք ջրով՝ թթվասերի խտության աստիճանի։
  • Ստացված խառնուրդին ավելացնել 1 սրվակիկ վիտամին C կամ 15 մլ նարնջի թարմ քամած հյութ։

Դիմակը պահել դեմքին 30 ր, լվանալ տաք ջրով, այնուհետև դեմքի մաշկը խոնավեցնել կրեմով կամ շիճուկով։
Ճարպոտ մաշկի դեպքում այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթը 2 անգամ, խառը մաշկի դեպքում՝ 10 օրում 2 անգամ։

Սնուցող դիմակ

Այս դիմակը հարուստ է մրգաթթուներով։ Բանանը վերականգնում է մաշկի pH-հավասարակշռությունը և հանգստացնում է այն, կիվին խթանում է կոլագենի արտադրությունը, գործում հակաօքսիդիչ ազդեցություն։

  • Կես բանանը խյուսի վերածել,
  • քամել 1 կիվիի հյութը,
  • այդ բաղադրամասերին ավելացնել 5-10 մլ սերուցք և 1 սրվակիկ վիտամին C:

Այս դիմակը հարմար է մաշկի բոլոր տիպերին, այն կարելի է կրկնել շաբաթը 2 անգամ։

Դիմակներ վիտամին В12-ով

В12-ը հրաշալի միջոց է մաշկի առողջ տեսքի վերականգնման համար։ Այն կարգավորում է մելանինի աշխատանքը, կանխում բծերի առաջացումը, նեղացնում ծակոտիներն ու խթանում բջիջների նյութափոխանակությունը։

Երիտասարդացնող դիմակ

Այս դիմակը խոնավեցնում է մաշկը, դարձնում այն էլաստիկ ու առաձգական։ Անհրաժեշտ է․

  • 1 սրվակիկ վիտամին В12,
  • 10 մլ բարձր յուղայնության թթվասեր,
  • 10մլ մեղր,
  • 3 կաթիլ ալոեի հյութ։

Խառնել բոլոր բաղադրամասերն ու դիմակը դեմքին պահել 25 ր։ Լվանալ սառը ջրով։ Այս դիմակը խորհուրդ է տրվում կիրառել շաբաթը 2 անգամ՝ քնելուց առաջ։

Թարմացնող դիմակ

Այս դիմակը վերականգնում է դեմքի առողջ գույնը, պայքարում բծերի դեմ։

  • Խառնել 1 սրվակիկ վիտամին В12-ն ու 15 մլ կեֆիրը,
  • ավելացնել 5 մլ կիտրոնի հյութ։

Ստացված դիմակը պահել դեմքին 15 ր, լվանալ տաք ջրով, կիրառել շաբաթը 1 կամ 2 անգամ։

Ծանուցում․ վիտամինային դիմակները կիրառելուց առաջ համոզվել, որ դրանցում առկա բաղադրամասերը ձեզ մոտ չեն առաջացնում ալերգիկ ռեակցիաներ։

 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031